«Միաբանվել` համատեղելով բոլոր ուժերը»


Միխայիլ Բաղդասարովի համոզմամբ գործարարությունը նախ և առաջ` երկրի տնտեսության զարգացմանը նպաստելն է և դեպի այդ զարգացում տանող ճանապարհի դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելը: Ու ինքը հաղթահարել է` կայացած կառույցներ ստեղծելով: «Արմավիա» ընկերությունն ասվածի լավագույն ապացույցն է. ընկերություն, որն օրեցօր ընդարձակում է իր թռիչքուղիների աշխարհագրությունը: Ճանաչված գործարարի հետ մեր զրույցը, բնականաբար, Հայաստանում նախատեսված նոր ձեռնարկումների մասին էր: Եվ ուրախալի է, որ նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում սոսկ սեփական Ընկերության հաջողություններով: - Դուք այն գործարարներից եք, ովքեր իրենց ձեռներեցությամբ նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ո՞րն եք համարում ամենադրականը` երկրում իրականացվող բարեփոխումների ճանապարհին: - Անկախության նվաճումից ի վեր ամենադրականը, ես կասեի` ամենագլխավորը, սեփականության իրավունքի շնորհումն էր: Եվ` ոչ միայն Հայաստանում: Յուրաքանչյուրն այսօր կարող է վաստակել իր մտավոր ու ֆիզիկական հնարավորությունների չափով. սա ինքնադրսևորման լավագույն ազդակ է: Մինչդեռ նախկինում, ինքներդ էլ գիտեք` աշխատում էին 2-3-ը, իսկ առնվազն 10 մարդ ստանում էր նույն աշխատավարձը: Այսօր ցանկալի աշխատանք գտնելը գուցեև դժվար է, բայց բոլորը գիտակցում են, որ ժամանակ սպանելով օրը չեն կարող անցկացնել. ուրեմն ունակուններ են պետք, գիտելիքներ: Իհարկե, խորհրդային տարիների դրականն էլ չի կարելի անտեսել. դիցուք, բոլոր երեխաներն անվճար բուժում էին ստանում, մարզական ու տարբեր խմբակներ հաճախում: Արդյունքում ավելի շատ լավ գիտնականներ, շնորհալի արվեստագետներ և մարզիկներ էին ի հայտ գալիս: Եթե նկատել եք` այսպես կոչված բյուկրոկրատիան էլ հիմա նախկինը չէ: Նախկինում նրանք ուժեղ էին և անտարբեր` բոլորի ու ամեն ինչի նկատմամբ. էությամբ բյուրոկրատ մարդը հիմա չի կարող չաշխատել: - Ժամանակի հրամայականով ՀՀ կառավարության կազմը համալրվեց նոր` Սփյուռքի նախարարությամբ: Ասել է թե` Սփյուռք-Հայաստան կապերն այսուհետև պետական մակարդակով ավելի համակարգված են լինելու: Ըստ Ձեզ, ի՞նչը կնպաստի այդ կապերի առավելագույն ամրապնդմանը: - Այդ կառույցի անհրաժեշտությունը կար, և կարծում եմ, որ այն նույնիսկ փոքր-ինչ ուշացումով ստեղծվեց: Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների միջև հայացքների ընդհանուր համակարգ ստեղծելով` նախարարությունը ազգանպաստ ծրագրեր պետք է կյանքի կոչի, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը: Եվ եթե աշխատանք ները ճիշտ կազմակերպվեն, ուրեմն կկայանա կառուցողական արդյունավետ երկխոսություն, որն օգտակար կլինի երկու կողմերի համար էլ: Սփյուռքը շատ մեծ ներուժ ունի, որն այսօր քիչ է օգտագործվում Հայաստանում. նախարարության գոյությունը հուշում է, որ այդ ամենն արդեն համակարգվելու է պետական մակարդակով` հանուն պետության բարգավաճման: Իհարկե, պետությունն էլ պետք է Սփյուռքին օգնի: Եվ ընդհանրապես, եթե կա պետություն, Սփյուռքն իրեն ավելի ինքնավստահ է զգում. առավել ևս` եթե պետությունը կայացած է ու պահպանում է ազգային դեմքը: - «Արմավիան» արդեն կայացած կառույց է. ի՞նչն է եղել ամենադժվարը` Ընկերության կայացման ճանապարհին: - Դժվարություններ ամենուր կան, և հեշտորեն ոչինչ ձեռք չի բերվում: Ողջ աշխարհում ավիացիան լուրջ դժվարություններ ունի` սկսած վթարներից մինչև անխափան աշխատանքների կազմակերպում: Մեկ էլ հանկարծ թանկանում է նավթը, ինչը չի կարող չանդրադառնալ տոմսի վրա: Քիչ չեն դեպքերը, երբ տոմսերն արդեն վաճառված են լինում, և թռիչքի պահին պարզվում է, որ վառելիքի ծախսերն անհամեմատ բարձրացել են. ուղևորից հատուցում պահանջել չես կարող, և ակամա խոշոր պարտքեր են գոյանում: Շատ բարդ համակարգ է ավիացիան: ԱՊՀ երկրներում այն այսօր անցում է կատարում եվրոպական մակարդակ: Ասել է թե` եվրոպական, ամերիկյան ինքնաթիռներ պետք է ձեռք բերել. խորհրդային ինքնաթիռները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք նույնպես, բնականաբար, թարմացրել ենք մեր տնտեսությունը: Երկու հին ինքնաթիռներ ունենք, որոնցից նույնպես կապող ենք հրաժարվել, սակայն որոշ օդանակավայաններ (Վորոնեժի, Ստավրապոլի) արտասահմանյան տեխնիկա չեն ընդունում, և ստիպված ենք այնտեղ ուղարկել մեր ՅԱԿ-42-ները: - «Արմավիան», փաստորեն, զինված է նորագույն տեխնիկայով, և ուղևորներն իրենց անվտանգության համար անհանգստանալու առիթ չունեն: - Այո, նրանց անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ խնդիր է: «Արմավիան» պահպանում և բավարարում է եվրոպական չափանիշները: Նախաթռիչքային նախապատրաստում, մասնագետների մանրակրկիտ զննում չանցած ինքնաթիռն, օրինակ, չի կարող թռչել: Ի դեպ, մեր մասնագետները նույնպես բարձր պատրաստվածություն ունեն, բայց միջազգային ճանաչում ունեցող ընկերություններից մասնագետներ ենք հրավիրել, և առանց նրանց թույլտվության` թռիչքները բացառվում են: Ավելին. եթե նույնիսկ նույն ինքնաթիռի արտաքին մակերեսին ինչ-որ խազ է նկատվում (ասենք` ներկն է քերծվել կամ օդանավասանդուղքն է անզգուշաբար դիպել), իսկույն դրա նկարն անհրաժեշտ գումարով ուղարկվում է համապատասխան երկրի համապատասխան կազմակերպությանը: Եվ այդ օդանավը չի թռչի` մինչև չստացվի թույլտվություն` մասնագիտական եզրակացությամբ: Էլ չեմ խոսում շարժիչի կամ թռիչքի համար կարևոր այլ մեխանիզմների մասին: Հիմա նոր ինքնաթիռներ ենք գնում, որոնք թեև թանկ են, սակայն որոշակի պահեստամասերով են մեզ հանձնվում և առաջին վերանորոգման համար որոշակի երաշխիքային ժամկետներ ունեն: Եվ, իհարկե, ավելի ապահով են ու հարմարավետ: - Ինչ խոսք, երթուղիները նույնպես «թարմացվում» են` ընդլայնելով ավիաուղիները: - 35 ուղղությամբ բազմաթիվ երկրներ են թռչում մեր ինքնաթիռները` Ֆրանսիա, Հունաստան, Հոլանդիա, Գերմանիա, Սիրիա, Լիբանան, Ստամբուլ, Մոսկվա… Միայն Ռուսաստանում և Ուկրաինայում` 20 ուղղությամբ: Նոր երթուղի ենք նախապատրաստում` Երևան-Լոս Անջելես, Նյու Յորք: Ծրագրում ունենք նաև Հնդկաստան, Անգլիա, Չինաստան, Իտալիա, Իսպանիա: Կարծում եմ` եկող տարի այդ չվերթերի մեծ մասը կգործի. մենք անտարբեր չենք մեր ուղևորների պահանջարկի հանդեպ, իսկ Երևանն էլ, իր հերթին, արդեն հետաքրքրում է աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց: - Մի փոքր էլ` առաջիկա ծրագրերի մասին: - Նոր երթուղիների մասին արդեն ասացի, բայց դրանց իրականացման առնչությամբ այլ ծրագրեր էլ ունենք: Դիցուք, առանց վայրէջքի ԱՄՆ չվերթի համար ուղևոր նախատեսում ենք նաև տարածաշրջանի այլ քաղաքներից (Թեհրան, Թբիլիսի…): Դրա համար պետք է այսպես կոչված փոքր երթուղիներ պատրաստենք` այդ վայրերից ուղևորներին Երևան տեղափոխելու: Կարևոր է, որպեսզի կարողանանք օգտվել մեր աշխարհագրական դիրքից` ճիշտ հաշվարկելով յուրաքանչյուր երթուղու մանրամասները: - Ձեր մաղթանքը` մեր ընթերցողին: - Միաբանվել` համատեղելով բոլոր ուժերը: Հիմա դա շատ է անհրաժեշտ, որովհետև բարդ տարածաշրջանում և դժվարին ժամանակներում ենք ապրում: Եվ ընդհանրապես, վաղուց ժամանակն է` միավորվել և բոլոր ջանքերն ու հնարավորությունները ներդնել հանուն հայրենիքի հզորացման: Հզոր հայրենիք ունենալը, կարծում եմ` բոլորիս ցանկութ յունն է, իսկ դրա համար բոլորիս ներուժն է հարկավոր. պարտադիր չէ Հայաստանում ապրել` նրա կայացմանը նպաստելու համար:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ