Ավարտվեցին «Համատեղ աղեղ / Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները


ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունների փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարաշածրջանային ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռ.Քաթերը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, զորավարժությունների մասնակից երկրների զինված ուժերի սպայակազմի ներկայացուցիչներ, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարարի և գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերի հանդիսավոր տողանցումով, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պատվոգրերով պարգևատրվեցին զորավարժությունների մասնակից պետությունների որոշ ներկայացուցիչներ: Ապա հնչեցին զորավարժությունների մասնակից պետությունների պետական օրհներգերը, որից հետո ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարաշածրջանային ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերը, որը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ զորավարժությունների արդյունք ները գոհացուցիչ են: Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց. - Ավարտվեցին հերթական` «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր 2008» բազմազգ զորավարժությունները, որոնք, ի տարբերություն Հայաստանում անցկացված մյուս զորավարժությունների, ծավալվում էին բրիգադի մակարդակում` ընդգրկելով և հրամանատարաշտաբային, և դաշտային _մարտավարական փուլերը: Ամփոփելով արդյունքները, այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ զորավարժությունները կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` ապահովելով տասնյակ երկրների 700-ից ավելի ներկայացուցիչների փոխհամաձայնեցված գործակցության բարձր մակարդակ: Զորավարժությունների կարևոր ձեռքբերումներից էր նաև մասնակիցների կողմից նմանատիպ իրավիճակներում համատեղ գործունեության փորձի ձեռքբերումը: Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լեզվական և ազգային բազմազանությունը, չափանիշների և մոտեցումների տարբերությունը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համընդհանուր նպատակի հասնելու գործում: Սա առավել քան կարևոր է, երբ խոսքը վերաբերում է արդիական և համամարդկային այնպիսի խնդիրների, ինչպիսիք են խաղաղապահությունը և միջազգային անվտանգության ապահովումը: Վստահ եմ, որ բոլոր մասնակիցներն էլ այս համոզմամբ են առաջնորդվել իրենց գործունեության ընթացքում, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել զորավարժությունները բարձր մակարդակով իրականացնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում զորավարժությանը մասնակցած գործընկեր երկրների և Հայաստանի տարբեր գերատեսչությունների բոլոր ներկայացուցիչներին` արդյունավետ մասնակցության համար: Նշեմ, որ թեև այս միջոցառումը որոշակիորեն տարբերվում էր ՀՀ զինված ուժերի ամենօրյա մարտական խնդիրներից, սակայն կարևոր էր նման իրավիճակներում համատեղ գործունեության փորձի ձեռքբերման և տեսական գիտելիքները գործնականորեն կիրառելու տեսանկյունից: Շնորհակալություն եմ հայտնում նաև միջոցառման կազմակերպիչներին` առաջին հերթին ՆԱՏՕ-ի Հայդելբերգի դաշնակցային ցամաքային բաղադրիչ հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարարության այն բոլոր ներկայացուցիչներին, որոնց արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ բարձր մակարդակ ապահովել ողջ զորավարժության ընթացքում: Հայդելբերգի դաշնակցային ցամաքային բաղադրիչ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերի ներկայությամբ հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդներին, շտաբի պետ, գեներալ-մայոր Էնթոնի Վան Լուին, զորավարժությունների համանախագահ, գնդապետ Ռաշին, ինչպես նաև ավագ սերժանտ Սեմսոնին` զորավարժություններում ունեցած զգալի ներդրման համար: Հարգելի մասնակիցներ, Հաջողություն մաղթելով ձեզ` ձեր հետագա ծառայության մեջ, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ անհրաժեշտության դեպքում դուք նույնպիսի համախմբվածությամբ կկիրառեք զորավարժությունների ընթացքում ձեռք բերված հմտությունները` որպես մեկ բազմազգ և միասնական թիմ: Միաժամանակ հուսով եմ, որ մեկնելով ձեր երկրներ, դուք հաճելի հուշեր եք տանում Հայաստանից: Հաջողություն ձեզ և ամենայն բարիք: