ՏԱՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ


Բանակում էլ` կյանքի չգրված օրենքի թելադրանքով, օրերը շերտավորվում են` տխուր, սովորական և ուրախ որակումներով: Հոկտեմբերի 17-ը հոբելյանական էր. շուքով նշվում էր ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 10-րդ տարին: Այն ստեղծվեց որպես Արարատյան հարթավայրի ու մայրաքաղաքի դարպասները պաշտպանելու ամուր պատվար և իր գոյության 10 տարիների ընթացքում կայացավ իբրև կուռ մի կառույց: Եվ ի՞նչ ծնունդ` առանց հիմնադիրների, յուրայինների, բարեկամների ու հյուրերի: Զորամիավորման միջոցառումը իրենց ներկայությամբ պատվում էին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բարձրագույն սպայական կազմի այլ ներկայացուցիչներ, վետերաններ, ռուսական զինված ուժերի սպաներ և հյուրեր: Ի դեպ, 5-րդ ԲԿ-ի առաջին հրամանատարն է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց. - Այսօր կարող եմ փաստել, որ զորամիավորումն ու նրա ենթակա զորամասերը մեծ և փառավոր ճանապարհ են անցել: Ենթակա զորամասերը մեծ ավանդ ունեն Արցախյան գոյապայքարում: Մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի կազմավորման ակունքներում, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր պետության խաղաղության արարման համար: Ամեն մի անձնավորություն թե° զինվոր, թե° սպա, իր ներդրումն ունի մեր բանակի մարտունակության բարձրացման գործում: …Այսօր իմ տրամադրությունը առավել քան բարձր է, որովհետև ես կանգնած եմ եղել այս զորամիավորման կազմավորման ակունքներում: Հպարտություն եմ ապրում, որ մենք այժմ ունենք այսպիսի կառույցներ, որոնք իրոք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելուն: ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Մակարյանին Ս.Օհանյանի հանձնած ուղերձում ասված է. «5-ՐԴ ԲԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ» գնդապետ Ա.ՄԱԿԱՐՅԱՆԻՆ Հարգելի Անդրանիկ Արտավազդի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարության անունից և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ 5-րդ բանակային կորպուսի կազմավորման տասնամյա հոբելյանի առթիվ: Այս տարիների ընթացքում կորպուսի ստորաբաժանումները և զորամասերն անընդհատ կատարելագործել են իրենց մարտունակությունը և մարտական պատրաստությունը, մասնակցել են բազմաթիվ հրամանատարա-շտաբային և մարտավարական զորավարժությունների և միշտ հասել բարձր արդյունքների: Ռազմական հմտության կատարելագործման կարևոր փուլ հանդիսացավ սույն տարվա օգոստոսին կորպուսի զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությունը «Ռուբեժ-2008» հայ-ռուսական համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժությանը, որտեղ անձնակազմը ցուցաբերեց բարձր մարտական վարժվածութ յուն` տեխնիկայի և զենքի տիրապետման, Հայրենիքի սահմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ բարդ խնդիրներ իրագործելու հմտություն: Առաջադրված խնդիրները կորպուսի կազմում իրագործում է հռչակավոր` 1-ին աստիճանի Մարտական Խաչի շքանշանակիր, եռակի շքանշանակիր 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի անվան 4-րդ հրաձգային գունդը: Հանդիսանալով հաղթանակած հայոց բանակի հիմքը` գունդը ՀՀ և ԼՂՀ սահմանների տարբեր շրջաններում մասնակցել և իր ուսերին է կրել ազատագրական պայքարի ծանր, բայց և պատվավոր բեռը: Հիրավի, առավել քան հերոսական պետք է անվանել զորամասի անցյալը. գնդի շարքերում են մարտնչել Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, «Մարտական Խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների 15 ասպետներ, գնդի 195 մարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալներով: Հարգելի բարեկամներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական տարեթվի կապակցությամբ, ցանկանում հետագա հաջողություններ` մեր երկրի պաշտպանունակությունը և զինված ուժերի մարտունակությունը ամրացնելու գործում: Երջանկություն` Ձեզ և Ձեր ընտանիքներին, և թող իրականանան Ձեր ցանկությունները: ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ` ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս.ՕՀԱՆՅԱՆ» Բնականաբար` տարեդարձին դատարկաձեռն չէին եկել նախարարության ղեկավարները. զորամիավորման սպաներից ոմանց նախարարի հրամանով շնորհակալություն հայտնվեց, ոմանք էլ պարգևատրվեցին պատվոգրերով, ՊՆ գերատեսչական մեդալներով, որից հետո շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ տարածքում ՌԴ ԶՈւ մարտական ղեկավարման զորախմբի շտաբի պետ, գնդապետ Ս.Շչուրը և Արտաշատի սահմանապահ ուղեկալի պետ, գնդապետ Վ.Զյանչուրինը (վերջինս ելույթ ունեցավ ՀՀ-ում ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ս.Բոնդարևի անունից): Իրավ` նման միջոցառումները նպաստում են բանակում ընկերականության զարգացմանը. շարահրապարակում խրախուսական պարգևների հանձնման պահին զինվորները, չկարողանալով զսպել իրենց ոգևորվածությունը, անկեղծորեն միանում էին սպաների ծափողջյուններին: Համակարգում բարի համբավ վայելող և զինվորների կողմից սիրված ԲԿ-ի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Մակարյանի հաստատմամբ` - Հիշարժան օր է այսօր, ոչ միայն մեզ համար, այլ ընդհանրապես` Զինված ուժերի: Յուրաքանչյուր զորամիավորման, զորամասի տարեդարձն առաջին հերթին այն մարդկանց տոնն է, ովքեր սկիզբն են դրել տվյալ կառույցի: Այս ամենը զինվորական կյանքի լավագույն ավանդույթներից է: Առանց ավանդույթների, զինվորական կարգուկանոնի, կանոնադրական-հարաբերությունների` անկախ իրենց սպառազինության հագեցվածությունից, ոչ մի բանակ չի կարող մարտունակ լինել: Մեզ համար մեծ պատիվ է, որ հենց մեր զորամիավորումն է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը կովկասյան տարածաշրջանում` ցուցադրելով Հայոց բանակի հզորությունն ու հայ զինվորի բազկի ամրությունը: Ընդունեք նաև «Ավանգարդի» ու մեր ընթերցողների բարեմաղթական շնորհավորանքը, սիրելի 5-րդցիներ: