Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը


Ս.թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հրավիրվածներին նախ ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր խոսքում կարևորելով զորակոչի դերն ու նշանակությունը զինված ուժերի համալրման գործում: Ապա ելույթ ունեցան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կ.Քոչունցը, ԼՂՀ զինվորական կոմիսար, գնդապետ Ֆ.Գաբրիելյանը: Ամփոփելով 2008թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները, բանախոսներն իրենց ելույթներում նշեցին կատարված աշխատանքների, տեղ գտած թերությունների և բացթողումների մասին, ինչպես նաև քննարկեցին 2008թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Լոռու մարզպետ Ա.Քոչարյանը, որն իր խոսքում նշեց, որ Լոռու մարզը գերակատարել է 2008թ.-ի գարնանային զորակոչը, ինչը մարզի զինկոմիսարիատների քրտնաջան աշխատանքի արդյունք է, ապա խոսեց խնդիրների մասին` նշելով, որ զորակոչիկների` որոշ հիվանդությունների դեպքում բուժզննում կարելի է իրականացնել նաև մարզերում` խուսափելու համար ծնողների շրջանում առաջացող դժգոհություններից և խնայելով պետական միջոցները: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ՊՆ ԿՌԲՀ (կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով) նորանշա նակ նախագահ Արսեն Պետրոսյանին, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` իր խոսքում նշելով, որ դատախազության կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկման թեմա է դարձնում նաև զորակոչը: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2008թ.-ի գարնանային զորակոչը կազմակերպելու և անցկացնելու համար հանրապետության մի շարք զինկոմներ և զինկոմիսարիատների աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանը և ՀՀ Շիրակի մարզպետ, տիկին Լ.Նանյանը պարգևատրվեցին համապատասխանաբար «Դրաստամատ Կանայան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով, ՀՀ Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը` թուր-հուշան վերով, իսկ ՀՀ Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանին շնորհվեց պահեստի «մայոր» հերթական զինվորական կոչում: Նիստը եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր ամփոփիչ խոսքում նշելով, որ ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրի այս դահլիճում արդեն 2-րդ նիստն է անցկացվում և, որ յուրաքանչյուր անգամ հպարտություն է ապրում: Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և շնորհավորեց խրախուսվածներին` հույս հայտնելով, որ վերջիններս էլ ավելի եռանդով կշարունակեն կատարել իրենց առջև դրված խնդիրները, նշելով, որ 2009թ.-ին բարեփոխումներ կիրականացվեն նաև այս բնագավառում, ինչը կնպաստի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Ապա նախարարը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին հանձնարարեց առանձին հրահանգավորում անցկացնել զորակոչ կատարողների և պատասխանատուների հետ, նաև` վերացնել բոլոր թերությունները և բացթողումները: «Գործել արդարության և ազնվության սկզբունքներով» - եզրափակեց Ս.Օհանյանը: