«Նրա երգերը լավ կյանքի հույս են տալիս»


«Գարի Քյոսայան ջազ-քառյակ»-ի մենահամերգով հետաքրքրվածներս «Նովոստի-Արմենիա» մամլո ակումբում շուտով ենք փոխշփման մտերմիկ մթնոլորտում ներառվում: Հանրաճանաչ ջազային երաժիշտը բարեկամական ջերմ զրույցի է տրամադրում իր անհավակնոտ անմիջականությամբ, երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածությամբ: Չկարևորելով անձնական ներդրումը` նա ներկայացնում է հյուրեկ գործընկերներին` ամերիկյան ֆանկ-ջազի աստղ, երգչուհի Ինդեային (Դիանա Սմիթ) և վիրտուոզ սաքսաֆոնահար Թոմաս Գարներին: Վերջինիս հետ պատահական ծանոթությունը 1990-ին, Փասադենայի (ԱՄՆ) ֆրանսիական ջազային ակումբներից մեկում, բախտորոշ նշանակություն է ունեցել Գարի Քյոսայանի ստեղծագործական տարեգրության մեջ, դարձել կազմավորվող ջազ-քառյակի 18-ամյա բարձրարվեստ երկարակեցության հիմնասյունը` պարզ փոխըմբռնումից վերաճելով անխախտ երաժշտադաշինքի: Ամենամյա դարձող երևանյան համերգներին Թոմասի մշտական մասնակցությունը դրա հավաստիքներից է: Հանգամանքների բերումով փոփոխվում է ջազ-քառյակի երաժիշտ կատարողների կազմը` անզոր խոտորելու Թոմասին կյանքի կարևորագույն մասնիկը դարձած երաժշտախմբի մշտակայուն գործունեությանը առաջնահերթ նպաստելուց: Արամ Խաչատրյանի համերգասրահում և «12-ի ակումբում» նրա կատարումներին օրերս անմիջականորեն հաղորդակցված երաժշտասերները ևս կվկայեն այս մասին: Նաև այն, որ ջազ-քառյակի երևանյան համերգի հայտնությունը, այնուամենայնիվ, Ինդեան էր: Առաջին անգամ ոտք դնելով հայկական հողի վրա` երգչուհին մանկան նման խանդավառված էր իրեն պարուրած մարդկային սիրառատ հարազատությամբ: Եվ այդ հոգևոր հզոր ներարկմամբ էլ չխնայեց կատարողական անզուգական ներուժը իր երգացանկին հարմարեցված այս համերգային ծրագրի իրականացման ողջ ընթացքում: Ոտք դրեց համերգասրահի բեմահարթակ` դեռևս կուլիսներից գայթակղելով «Ամառային ժամանակ» երգի ինքնահատուկ մատուցման հնչերանգներով: Գրավեց ունկնդիրների սրտերը ձայնային հարուստ ելևէջներով ու կատարումից կատարում գերիշխող դարձող բեմական հմայքով: Ջազային չխմարող գոհարները վերապրեց յուրովի` դրանց մնայուն կախարդանքը վերահաստատելով նորից ու կրկին: Ծափեր ու ծաղիկներ չխնայվեցին նրան` խթանելով ներքին հրայրքը: Հավատարիմ նախասիրություններին` գովերգեց, ըստ իրեն, բնության մեծագույն պարգևը` Սերը: Իր իսկ խոստովանությամբ, Գարի Քյոսայանի երաժշտությունն էլ հարազատացել է սիրազեղ քնարական բովանդակությամբ` առանձնակի ուշագրավ հայկական երաժշտամտա ծողության ինքնատիպությամբ: «Հոգևոր լույս են ճառագում Գարիի երգերը,- անկեղծանում է Ինդեան:- Անվրեպ «թարգմանում» են ներքին զգացողություններս ճշմարտության, սիրո մասին: Կարևորը` լավ կյանքի հույս են տալիս, ապրեցնող լիցքեր»: Համաշխարհային երաժշտարվեստի հսկա խառնարանում դժվար է այսօր հստակ միտումներ տարբերակել: Արվեստի լավագույն գործեր ներկայացնելն ամենուր է դժվարացել, քանզի խոշոր գումարներ են ներդրվում ցածրաճաշակ կուռքերի էժանագին արվեստի պրոպագանդման համար: Այդուհանդերձ, Քյոսայանը չի ընկրկում, կարողանում է իր շուրջը համախմբել բարձրակարգ երաժիշտների: Բնատուր շնորհից ավելի մարդկային վեհանձն հատկանիշներին է պարտական արձանագրած հաջողությունների համար արդի համաշխարհային համերգասրահում: 1980-ից ի վեր, երբ իր ջազային եռյակով հանդես եկավ Երիտասարդության մոսկովյան միջազգային փառատոնում: Ապա մենահամերգներով շրջագայեց Համբուրգում, Քյոլնում, Բոննում, Մյունխենում և Բրեմենում: Ապրելով ու ստեղծագործելով Լոս Անջելեսում` զարմացրեց տեղաբնակներին իր համարձակությամբ. Հայաստանից եկած երաժիշտը ամերիկյան հանրությանը ներկայանում էր բացառապես սեփական երաժշտակտավներով: Ճանաչումը տարածվեց բազմազգ Նահանգներում Բևերլի-Հիլզում 1995-ին ունեցած ելույթով, որի կիզակետը երգեհոնային 2 կոնցերտներն էին, «Hammond» երգեհոնի նրբահմուտ հեղինակային հնչեցմամբ: Փասադենայի «Ֆլյոր դը Վին» հեղինակավոր ջազ-ակումբի առաջատարը դարձած «Գարի Քյոսայան ջազ-քառյակ»-ի հիմնավոր հաստատումը ԱՄՆ երաժշտական կյանքում ամրապնդվում է «For You» առաջին ձայներիզի շահած «Armenian Music Awards» մրցանակով (1998): Նոր շունչ է առնում Քյոսայանի ստեղծագործությունը: Նրա ջազ-քառյակի հետ սիրով համագործակցում են ամերիկյան հանրահայտ երաժիշտ կատարողները` սաքսաֆոնահարներ Էդի Հարիսը, Լուիս Թեյլորը, բաս-կիթառահարներ Ռիչարդ Թեյլորը և Մեթյու Բրագը, երգչուհիներ Զառա Երվանդը, Էլեն Գիբսը և Մարտին Իլոնը… Ինչպես նաև` Ինդեան, Գրեգորի Բրաունը (հարվածային գործիքներ) և բաս-կիթառահար Մայքլ Սոսիերը: Վերջիններիս միացած անդավաճան Թոմասի հետ էլ ներկայացավ Գարի Քյոսայանի ջազ-քառյակը երևանյան երաժշտասերներին: Հանրածանոթ ջազային ստեղծագործությունների հարաճուն ոգեշնչված մատուցմամբ շիկացրեց լեփ-լեցուն համերգասրահի մթնոլորտը` արժևորելով հայկական ջազի հիմնադրման 70-ամյակին ձոնված համերգ-ընծան հավուր պատշաճին: Տարօրինակ է, որ հոբելյանական հանձնախումբն ինքը չէր նախատեսել «Գարի Քյոսայան ջազ-քառյակ» -ի ելույթը մեկամյա տոնակատարության շրջանակներում: Այդ անբարեկիրթ, մեղմ ասած, մոռացկոտությանը նշանակություն չտալով (հայ ջազմեններն իր լավ բարեկամներն են)` Գարի Քյոսայանը գերադասում է կոնկրետ գործերով նպաստավոր լինել ջազային երաժշտարվեստի հարատևությանը: Կրթական գործընթաց ծավալելու շուրջ բանակցելով մեր կոնսերվատորիայի ղեկավարության հետ` մտադիր է երևանյան իր նորակառույցում ձայնագրման ստուդիա հիմնադրել, աջակցել շնորհալի նորերի երաժշտական ունակություն ների բացահայտմանն ու զարգացմանը: «Ջազը անսահման ստեղծագործական ազատություն է տալիս,- ասում է մաեստրոն,- ինքնարտահայտման լայն հնարավորություններ: Հայկական ջազային մտածողության մեղեդային ոգին, որում կարելի է կոմիտասյան հնչերանգներ նույնիսկ որսալ, շոյում է օտարի լսողությունը, դառնում հզոր զենք աշխարհին մեր ջազային բարձրարվեստ երաժշտությամբ հետաքրքրելու: Ուստի… Պետք է համախոհ ջանքերով ուղիներ գտնել այդ զենքի հայանպաստ կիրառության համար»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ