Իշխանություն կամ ունենում են, կամ չեն ունենում


Չափից ավելի զարմանալ երբեք պետք չէ... Ոչ իրատեսներին հատուկ այս զգացողությունը, սակայն, առավել նկատելի է դարձել հատկապես այսօր` ընտրությունների նախաշեմին, երբ հայրենի քաղգործիչների զգայականությունը, ի հաշիվ պատրանքների ընդգծվող գերիշխանության, զգալիորեն թուլացել է: Ու լինի դա ընտրությունների առիթով, թե մեկ այլ դեպքում, միշտ էլ հասունանում է մի իրավիճակ, երբ անհրաժեշտություն է ծագում ամփոփել ունեցածը` տեսանելի ապագային ավելի որոշակիորեն նայելու համար: Հենց այստեղ էլ սկսվում է ցայտնոտը, և պարզվում է, որ գրեթե ոչինչ չի արվել, բայց հարկ է պատշաճ կերպով ապահովագրվել` մինչև հաջորդ ընտրություններ արևի տակ տեղ ունենալու համար: Այս առումով առանձնանում է նաև Դաշնակցության ԳԺ-ն, որտեղ, փաստորեն, իշխանական այս ուժն արձանագրեց, որ վերջին տարիներին մեր երկրում շատ քիչ բան է փոխվել: Ավելին, ՀՀ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու վաղաժամ ու ինքնանպատակ հայտարարությամբ ՀՅԴ-ն, առայժմ ոչինչ չշահելով, փորձեց ինքն իրեն զատել իշխանությունից: Համենայնդեպս, ժողովի «բաց» մասն այսպիսի տպավորություն թողեց, և կասկած չկա, որ ժողովականները հավաքի «փակ» մասում շատ ավելի անկեղծ են եղել: Այսուհանդերձ, որքան հայտնի է, իշխանություն կամ ունենում են կամ չեն ունենում, և նման «անակնկալ» կերպարանափոխությունները սովորաբար ինքնավարկաբեկման վտանգավոր հետևանքով են հղի: Նախորդ ընտրություններից առաջ էլ էր ՀՅԴ-ն մի փոքր ընդդիմադիր կեցվածք ընդունել և ժամանակավորապես հանրության սոցիալական խնդիրներով էր «տառապում»: Արդյունքում, իհարկե, ոչինչ էլ չփոխվեց, և ակնհայտ է, որ ներկայում էլ եկել է կոալիցիոն լճացումը բեկելու ժամանակը: Եվ խնդիրը միայն մեթոդների ընտրության մեջ է. մեկը դուրս է գալիս կոալիցիայից, մյուսը նախընտրում է վաղուց արդեն ձևական դարձած գործունեության շրջանակներում ընդդիմադիր խաղալ: Արդյունքում` անվիճելի է դառնում այն փաստը, որ Հայաստանում իշխանության միակ տերն ու կրողը ՀՀԿ-ն է: Սա էլ իր հերթին քողազերծում է. «Իշխանությունը կենտրոնացած է Հանրապետականի ձեռքում» վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ հնչող մեղադրանքի հիմնազուրկ լինելը: Արդյունքում ՀՀԿ-ն է դառնում այն միակ քաղաքական ուժը, որը իշխանություն ունենալու պատասխանատվությունից իրեն թույլ չի տալիս խուսափել: Եթե կարծում եք` երկրում ով ինչ անի, ՀՀԿ-ն պետք է կրկնի, սխալվում եք,- անդրադառնալով Դաշնակցության հայտարարությանը` համոզմունք հայտնեց վարչապետ Ա. Մարգարյանը: Եվ իրոք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է պատասխանատու իր սխալների համար: Այսպես, Արմեն Ռուստամյանը ԳԺ-ն ամփոփող ասուլիսում նշեց, որ իրենք ձևականորեն են միայն իշխանությանը մաս կազմել: Նկատենք, որ նման հայտարարություն հրամցվում է ոչ թե կոալիցիայում ընդգրկվելուց չորս ամիս, այլ նույնքան տարի անցնելուց հետո, երբ մի չորս ամիս հետո արդեն վաղուց գոյություն չունեցող այս դաշինքը «պաշտոնապես» ի դերև կլինի: Իսկ նոր նախընտրական զարգացումներում գնալով ընդգծուն է դառնում այն, որ հայրենի քաղաքական ուժերը ավելի առավելապաշտ են դառնում: «Կամ ամբողջը, կամ...»: Չէ, ոչինչ չունենալու գաղափարը և ոչ մեկի կողմից ուշադրության անգամ չի արժանանում: Այն, իհարկե, ընտրությունների արդյունքներն ամփոփելիս կառարկայանա, և այստեղ նորից հարկ կլինի կրկնել չափից ավելի չզարմանալու կարողության ու անհրաժեշտության մասին մեր խորհուրդը:

Դ. ՎԱՆԵՍՅԱՆ