Պահեստային անիվներ


Արդեն տևական ժամանակ որոշ քարոզչամիջոցներ հետևողականորեն կազմում ու հանրությանն են ներկայացնում նախագահի ապագա թեկնածունե րին. թոփ-տասնյակներ, ինչի կարիքը, հարկ է արձանագրել, գոնե այժմ չկա: Իհարկե, նման տասնյակային ցուցակները, ինչպես միշտ, այս անգամ էլ իրենց նպատակին չեն ծառայելու, քանի որ հավանական թեկնածուներին տրվող անհավանական տոկոսները ակնհայտորեն անկարելի է որևէ հավանականության սահմաններում տեղավորել: Կասկած չկա, շատ կարճ ժամանակ հետո սոցիոլոգիական հարցումները դառնալու են քարոզարշավի ամենաանպետք բաղադրիչը, քանի որ ամենադյուրահավատներն անգամ մի քանի փորձից հետո սկսելու են ամբողջությամբ պատկերացնել անհեթեթության ողջ համապատկերը: Իհարկե, մեր նպատակը հարցումների հանդեպ թերահավատությամբ համակվելը չէ: Վերջին շրջանում թոփ-տասնյակներում են ներգրավվել երկու բարձրաստիճան պաշտոնյաների` նախարարների ազգանուններ, և այս փաստը պարզապես չնկատել հնարավոր չէ: Մի՞թե Նախագահ դառնալու հավակնություններ կարող են ունենալ Դավիթ Հարությունյանն ու Վարդան Օսկանյանը, ովքեր այդպես էլ չհամարձակվեցին անդամագրվել հայտնի բարեգործական կուսակցությանը: Իրենք` պաշտոնյաները, լռում են, սակայն ո՞վ գիտե, միգուցե նրանք հենց նախագահական հավակնությունների պատճառով նախընտրեցին կուսակցական չդառնալ: