ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿ


Ի վերջո, կարելի է նաև չտարակուսել, որ մեկնարկած ԱԺ նստաշրջանի առաջին քառօրյան էականորեն չտարբերվեց նախորդ նստաշրջանի վերջին ու դրան էլ նախորդող քառօրյաներից: Ինչպես միշտ, փախել էր ազգընտիրների չեղած «հավեսը», և նրանք երազում էին սոսկ խոնջանքը թոթափել: Ասել է թե` երկարատև ամառային արձակուրդն էլ բնավ չէր աշխուժացրել օրենքի հոգնատանջ մշակներին: Ու խորհրդարանական ավանդույթի համաձայն` օրինագծերը քննարկվում էին կիսադատարկ, չէ, գրեթե դատարկ դահլիճում: Ի՞նչ հոգ, թե խոսքը նաև ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին էր: Պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը զուր է փորձում ԱԺ կանոնակարգում առաջադրված փոփոխությունները Սահմանադրությանը համապատաս խանեցնելու կոչեր հնչեցնել: Ապարդյուն էր նաև պատգամավորի կեցվածքի մասին կանոնակարգում ընդունված դրույթը ամբողջովին հանելու առաջարկը: - Այնտեղ այնպիսի տողեր կան, որ կվայելեն միայն դպրոցականին: Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ օրենսդիրների վարվեցողության կանոնները կանոնակարգող դրույթը անտեղի է, պատգամավորների կողմից միամտություն կարելի է համարել: Հավատա՞լ անվերապահորեն, որ Ս. Ավետիսյանը չի նկատում` գործընկերներից շատերը ոչ թե դպրոցակա նին, այլ մանկապարտեզի սանին բնորոշ խառնվածք ունեն: Ավելին, նրանք իրենց տղայական պահվածքով կարող են շարժել անգամ ամենաչարաճճի երեխայի նախանձը: Հա, էլի: Իսկ ո՞վ է ասել, թե օրենսդիրների գործը միայն օրինագծերի քննարկումն է: Բա սրահներում տարբեր հարցերի տաք-տաք քննարկումնե՞րը, բուֆետում կամ էլ պատգամավորավայր դարձող Փարվանայում կերուխումե՞րը, միմյանց մասին անեկդոտներ հորինելն ու պատմե՞լը, զվարճախոսություններով «սեփական» օրակարգը հետաքրքիր դարձնե՞լը... Հ.Գ. - Ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար կարելի է փաստել, որ Կառավարության հետ հարց ու պատասխանի օրը, թող ներվի ասել, պատգամավորազանգվածը (իսկ ժոովուրդը չի նեղանում, երբ իրեն որակում են` ընտրազանգված) զգալի ստվարանում է: Գործնական ու սեփական արժանապատ վությունը գիտակցողի տեսքով պատգամավորները ժողովրդի ձեռամբ «օծված» անձնական խնդիրներն են կարգավորում և փառք տալիս... ժողովրդին: 15 տարի առաջ հայոց հիրավի համազգային հզոր շարժումը ցնցեց հարյուր հազարավոր հայերի հոգիները: Ոգեղեն հավատամքով, անկախ լինելու նվիրական երազանքը բռունցքվեց Ազատության հրապարակում: - Ի՞նչ ձեռքբերումներ և հաջողություններ ամրագրեց հայ ժողովուրդը 15-ամյա անկախության իր ընթացքում: Հարցին պատասխանում են հայրենի խորհրդարանականները: Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԺ փոխնախագահ - Անկախության 15 տարիների ընթացքում բավական լուրջ հաջողություններ են արձանագրվել, ինչի մասին 5-10 տարի առաջ չէինք էլ կարող մտածել: Վերջին հարյուրամյակների ընթացքում հայը երբեք անկախ չի եղել, և սա ինքնին մեծ նվաճում է: Մարդիկ պետք է պարզապես հասկանան, որ այս անկախությունը հավերժ է. այն պետք է պահպանել և այս երկրի հետ չվարվել այնպես, ինչպես վարվում են լիմոնի հետ` քամել ու հետո անտեսել: Իմ կուսակցությունը 116 տարի առաջ ստեղծվել է այդ անկախությունը նվաճելու համար, և դա ինձ համար ամենակարևորն է: Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Անկախությունն անանց արժեք է, որը երբեք չի կարելի շփոթել ժամանակավոր դժվարությունների հետ: Այն մեր պապերի դարավոր երազանքն է: 700 տարվա մեջ առաջին անգամ մեր երկիրը դառնում է 15 տարեկան` իբրև անկախ պետություն: Մեր խնդիրն է` պահել, պահպանել, զարգացնել, զորացնել երկիրն այնպես, որ այդ անկախությունը հավերժ լինի, և կարողանանք անկախ քաղաքացուն բնորոշ որակներ դաստիարակել մեր սերնդի մեջ: Որպեսզի չլինեն ավելի կարևոր արժեքներ, քան հայրենիքի պաշտպանությունն ու նրա անվտանգությունն է: Թիվ 2 խնդիրը` սովորել, կրթվել, գիտելիք ձեռք բերել և այդ կերպ պայքարել համաշխարհայնացման, ազատականացման դեմ: Իմ ժողովրդին մաղթում եմ այդ անգնահատելի արժեքի հարատև պահպանում: Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀՀԿ խմբակցության ղեկավար - Անկախությունը մարդկային գիտակցության ամենակարևոր դրսևորումն է: Անկախությունից է սկսվում մարդու իրավունքների բազմակողմանի ընկալումը: Այն ազգը, որ չունի անկախություն, դատապարտված է անլիարժեք գոյության: Պիտի կարողանանք փոխել աշխարհընկալման մեր չափանիշները և ապրենք արժանապատվորեն հաղթանակածի կեցվածքով: Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. ՕԵԿ խմբակցություն - Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Կատարվեց հայ ժողովրդի բազմադարյա երազանքը` ունենալ անկախ պետություն: Այսօր այլևս իրողություն է այդ երազանքը, և քաղաքակիրթ աշխարհը մեզ և° մարտահրավերներ է նետում, և° ընձեռում հնարավորություններ: Նայած, թե մենք ինչպես կարող ենք ընկալել այդ մարտահրավերները և ինչպես կնպաստենք մեր երկրի զարգացմանը: Եթե մենք կառուցենք կայուն պետություն, պայքարենք կոռուպցիայի դեմ, հաջողությամբ լուծենք տնտեսական խնդիրները, խաղաղ պայմաններում կարգավորենք ԼՂՀ-ի խնդիրները, կարող ենք փաստել, որ ունենք ազատ, անկախ և ժողովրդավար պետություն: Աշոտ ԱՂԱԲԱԲՅԱՆ. «Անկախության բանակ» հկ նախագահ - Անկախությունը բարձրագույն արժեք է, որ ձեռք բերվեց նաև Անկախության բանակի շնորհիվ: Մեր ժողովուրդը շատ հաղթանակներ է ունեցել, բայց այս նվաճումը ամրագրվեց մեր պատմության մեջ` իբրև ոգեղեն հաղթանակ, որն անգնահատելի ու թանկ է դարձել նաև հայ քաջորդիների սրբագործված արյամբ: Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին և մաղթում հարատև խաղաղություն: Ստեփան ԴԵՄԻՐՃՅԱՆ. «Արդարություն» խմբակցության ղեկավար - Պետք է նշեմ, որ հանուն անկախության մեր ժողովուրդը բազմաթիվ զրկանքներ է կրել և թանկագին կորուստներ ունեցել: Ցավոք, այսօր` անկախության 15-րդ տարելիցի նախաշեմին, ժողովրդի տրամադրությունը տոնական չէ, քանի որ երկրում ստեղծված իրավիճակը տոնական տրամադրություն չի ստեղծում: Սրա համար չէ, որ մեր ժողովուրդը բազմաթիվ զրկանքներ է կրել: Ես համոզված եմ, որ մենք դեռ միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և կառուցելու ենք այն երկիրը, այն Հայաստանը, որտեղ պաշտպանված կլինեն մեր համերկրացիները, և չի ոտնահարվի նրանց արժանապատվությունը: Ես լավատեսությամբ եմ նայում ապագային, և ինձ վստահություն է ներշնչում մեր ժողովրդի հզոր ներուժը: Վահե ՀԱԿՈԲՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն - Մեր անկախությունը նվաճվեց հազարավոր մարդկանց կյանքի, ապրողների կրած զրկանքների, դժվարությունների գնով: Անկախությունը մեր պատմության ամենալուսավոր պահն է և նախորդ սերունդների պատգամը: Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ և մաղթում ապրել է°լ ավելի լուսավոր գալիքում: Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ. «Արդարություն» - Որքան էլ ժողովուրդը կենցաղային-սոցիալական պայմանների թելադրանքով հիասթափություն է ապրում «անկախություն» բառը լսելիս, կցանկանայի, որ այդ անկախությունը լիներ ժողովրդինը, և ինքը` ժողովուրդը, լիներ այդ երկրի և այդ տոնի տերը: Այդուհանդերձ, շնորհավորում եմ մեր ժողովրդին գալիք լավ օրերի ակնկալիքով: Արմեն ՄԽԻԹԱՐՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն - Իբրև անկախության համար պայքարի նախկին զինվոր, կարող եմ ասել, որ անկախությունը ամենաբարձրագույն արժեքն է, որ ձեռք է բերվել թանկ գնով, այդ իսկ պատճառով այն պետք է խնամքով պահպանել: Հրանտ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն - Անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ նվաճումներից է: Մեր տղաների արյունը իզուր չի թափվել, և հենց այդ արյամբ էլ զորացել է հող հայրենին, ու տոնը դարձել է նվիրական: Պետք է չմոռանանք մեր թանկագին կորուստները` այդ կերպ նաև արժեվորելով անկախությունը: