Ապրողների մեջ փնտրենք Զորավարին


«Ինձ իմ երկիրը տարեք... Մարմինս օտար հողում չթողնեք». Անդրանիկ Օզանյանի խոսքերն են` մահից առաջ, հայրենիքի հանդեպ նրա անհուն սիրո վերին բոցկլտումը: Մեր ժողովուրդը մինչև վերջ հավատարիմ մնաց զորավարի պատգամներին: Նրա աճյունը հիմա Եռաբլուրում է ամփոփված: Նրա վերադարձով մայր հողն ավելի սրբացավ մեզ համար: Հայ ժողովրդի սերը դեպի իր մեծ Զորավարն անսահման է: Պաշտամունքի է հասնում այդ սերը, քանզի նա բացառիկ էր ամեն ինչով, հանուն հայրենիքի ինքնազոհաբերման իր պատրաստակամությամբ էր բացառիկ, իր քաջությամբ ու անվեհերությամբ: Անդրանիկի հանդեպ համաժողովրդական սիրո վառ վկայությունն է նաև հերոսին նվիրված թանգարանի ստեղծումը Երևանում, որի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին: Այդ օրը հոծ բազմություն էր հավաքվել Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում, որտեղ թանգարանն է: Խորին խորհուրդ կա այն բանի մեջ, որ Զորավարի թանգարանը Պանթեոնում է կառուցվել, որտեղ մեր մեծերի շիրիմներն են հանգչում: Հայ ժողովրդի նվիրյալ զավակին երախտիքի ու հարգանքի տուրք մատուցելու էին եկել մշակույթի ու արվեստի գործիչներ, Հայրենական պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորականներ ու դպրոցականներ: Ներկա էին ՀՀ նախագահի խորհրդական, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հուզիչ էին մասնակիցների ելույթները. ամեն հայի հետ ծնվող ու ապրող ազգային հերոսի նկատմամբ անհուն սիրով այրվող խոսքեր էին դրանք, երախտիքի, հպարտության խոսքեր: Թանգարանի առջև վեր հառնող հուշարձանի պատվանդանից դեպի Սուրբ լեռը նայող քաջ Զորավարն ասես ունկնդրում էր մարդկանց ձայներին ու շշնջում. «Ափսոս, գործս կիսատ մնաց»: Ըմբոստ է ճակատը, վեհ, ազատագրական պայքարի կրակի լույսով սրբագործված: - Անդրանիկ Օզանյանը ոգեշնչել է մեզ նաև ազատամարտի տարիներին: Նրա սրբացած ոգին էր թևածում Արցախում, ուժ ու զորություն հաղորդում մարտիկներին: Ծառայելով հայրենիքին, մենք Զորավարի անձնական օրինակը պիտի ընդմիշտ մեր նվիրական ուղեկիցը դարձնենք,- ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Որպես բռնության դեմ պայքարի ջահակիր, որպես ազգային խորհրդանիշ, Անդրանիկն, այո°, հերոսականացրեց մեր ֆիդայական շարժումների պատմությունը, և ժողովուրդն իր ազնիվ, հարազատ, դյուցազնացած զավակին ազգային հերոս կնքեց ու մեծ Զորավար: Գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի անունից թանգարանին հանձնեց Անդրանիկի վերահուղարկավորման փաստաթղթերի հուշամատյանը: Ոգեկոչման արարողությանը հնչեցին բանաստեղծություններ ու ռազմահայրենասիրական երգեր` ժողովրդական դերասաններ Ժենյա Ավետիսյանի և աշուղ Լեյլիի կատարմամբ: Այնուհետև մասնակիցները դիտեցին թանգարանի ցուցանմուշները: Այստեղ ամեն ինչ թանգարանային շքեղ ոճով է արված: Զորավարի զենքերն են, անձնական իրերը` սուրբ մասունք դարձած: Նրա ծննդավայրի մանրակերտն է` Շապին Գարահիսարը, լեռներում ծվարած, մանրակերտը Մշո Առաքելոց վանքի, որտեղ Անդրանիկը փոքրաթիվ ուժերով հաղթանակ տարավ 6000-անոց թուրքական բանակի դեմ մղած ճակատամարտում: Թումանյանի մեծ բարեկամության մասին պատմող վավերագրերն են, լուսանկարները, որ հուշ ու հիշողություն ունեն: Հիացումի, ոգեշնչանքի, հպարտության պահեր ես ապրում այստեղ: «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ է ստեղծվել թանգարանը` Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթի թաղապետարանի աջակցությամբ: Այստեղ շատ մեծ է «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հասարակական գործիչ Իլյիչ Բեգլարյանի անձնական ներդրումը: 20 տարի շարունակ նա այդ գործին է նվիրվել, մեծ դժվարությամբ ձեռք բերել Զորավարի հիշատակը հավերժացնող զենքերը, անձնական իրերն ու լուսանկարները, որ հիմա սրբությամբ պահպանվում են թանգարանում: Այդ հայրենանվեր աշխատանքի համար Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը Իլյիչ Գուրգենովիչին պարգևատրել է միության պատվոգրով: Փառք ու պատիվ նման մարդկանց, որոնց համար ապրելու իմաստը ժողովրդի նվիրյալների փառապանծ անունները հանվերժացնելն է, մեր ազգային արժեքները պահպանելը: Մեծ Զորավարի թանգարանն, այո°, հաճելի նվեր է մեր ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի նախօրեին:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ