Թատերականացված արջի ծառայություն...


Սպիտակ թուղթը հանդուրժում է ամեն ինչ: Ի՞նչ իմանա նպատակը իրեն օգտագործողի: Մանավանդ, եթե սպառողը անվանի գրող է` խառնակ ժամանակների պղտոր ջրերի մակերեսին նպատակասլաց լողալու համար մրցանակված, փառավորված: Եվ սպիտակ թուղթը դառնում է ակամա մասնակիցն ու հանցակիցը իր համբավավոր սպառողի: Խե¯ղճ թուղթ... Եվ հաճախ չի գտնվում ազնիվ ու անաչառ մեկը, որ համարձակվի ջնջել հանցավոր խարանը քո վրայից, ի լուր ամենքի ցցուն փաստերով հերքել պատմական գեթ կոնկրետ անցքերի, անհատների նենգափոխված նկարագրերը: Ասենք, երբեմն դա ներկայացվում է գեղարվեստականորեն համակարգված այնպիսի մակարդակով, որ անհնար է դառնում անտեղյակ հավատավորներին ապացուցել «վերևներից» խրախուսվող մետամորֆոզների սարքովիությունն ու սնանկությունը: Ճիշտ այդպես եղավ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» իմպրովիզի դեպքում, երբ այն բեմադրական գունեղ մտածողությամբ ցուցադրվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից: Եկան, նայեցին մի շարք ճանաչված մշակութային գործիչներ, գրողներ, մտավորականներ Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» կենսապատումի մանրակրկիտ «խմբագրված» այս իրոնիան, շշնջացին իրար ականջի հերթական պատմական անարդարության անթույլատրելիության մասին, հմայվեցին ներկայացման որոշ դրվագների բարձրարվեստ հղկվածությամբ և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին հիացական խոսքեր շռայլելուց հետո հեռացան թատրոնից` որևէ ակնարկ իսկ չանելով իրենց նկատառումների մասին: Ստալինյան ռեպրեսիաների մասին իր գիտակցության մեջ ներարկված միակողմանի պատկերացմամբ շարքային հանդիսատեսը բեմական այս պատմությունն ընդունեց «հալած յուղի տեղ»` անծանոթ լինելով Չարենցի «քաղցր տխրությամբ» գրված գործին, մոտավոր պատկերացում ունենալով քանքարավոր պոետի ողջ գրական ժառանգության մասին: - Լուրջ կոմեդիա էր,- բարձրաձայնեց իր ընդհանուր տպավորությունը մի երիտասարդ: - Ավելի ճիշտ` տրագիկոմեդիա,- ուղղեց նրան միջին տարիքի ուղեկիցը: Ի՞նչ իմանար հնարամտորեն խաբված այս հանդիսատեսը, որ իրեն մատուցվածը քաղաքական հեռագնա հավակնություններ ունեցող ենթատեքս տով հորինված մի ֆարս է` իր քիմքին հարմարեցվելու նպատակով հատուկ գռեհկացված, դերասանախմբի զարմանալիորեն ներդաշնակ կատարում ներով հավաստիության հասցված: Թատրոնական կոլորիտային պատկերներ են ստեղծում մասսայական տեսարանները: «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության խմբակային արտասանության ֆոնի վրա կարմիր պարանից կառչած արգելափակվածների շրջապտույտը, Շիրվանզադեի «Պատվի համար»-ի խաղարկումը, ինքնագործ համերգը, «Արտաշ թագավորի» անակնկալ հայտնվելը... Ներկայացման հարուցած մռայլ տրամադրությունը ցրելու, տեմպն աշխուժացնելու նպատակով բեմի վրա քանիցս բռնկվում են հակագեղագիտական հնարքներով համեմված ծեծկռտուքներ: Հատկապես ականջ են ծակում Ռուզան Գասպարյանի Անուշի և Մարիամ Ղազարյանի Լյուբայի շուրթերից ասես ինքնաբերաբար դուրս թռած փողոցային արտահայտությունները: Հանդիսատեսին զվարճացնում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի Մարգարիտի գռեհկացված նկարագիրը: Գուցե այն պարզ պատճառով, որ նա սովորել է Կարպ Խաչվանքյանի մշտական խաղընկերուհուն «Տաքսի-տաքսի»-ից սկսած տեսնել իրեն ծիծաղեցնողի հախուռն, հաճախ պարզունակեցված դրսևորումներում: Իրենց չարենցյան կերպավորումներին համեմատաբար հարազատ են ստացվել Արթուր Կարապետյանի Բաղդասարը, Արա Դեղտրիկյանի Միշան, Զավեն Աբրահամյանի Դարչոն, Վարուժան Մանուկյանի Բելոգուրովը, Լևոն Հովհաննիսյանի Մաչոն, Աբել Աբելյանի Հյուսեինը, Հովակ Գալոյանի Լազգին, Վանիկ Մկրտչյանի Կուզիկ Փստոն: Մեր խորհրդային անցյալը միագծորեն սևացնելու անառողջ տենդենցը, որ Աղասի Այվազյանի գրողական հավատամքն է, պարզորոշ երևում է 26 թվականի և 37 թվականի չարենցների հակադրամիասնության մեջ, Արփենիկի և Իզաբելլայի հիվանդագին վախեցած կերպարանքներում, նույնիսկ 26 թվականի և 37 թվականի հսկիչների վարքագծում: Ամենաարտառոցը, սակայն, ուղղիչ տան պետի` երդվյալ կոմունիստ ընկեր Պողոսի միտումնավոր հիմարացված կերպարանքն է, ինչը հնարավորություն է տալիս ինքնակոչ իմպրովիզատորին լիուլի ազատվել խորհրդային կեցության հանդեպ իրենում կուտակված մաղձից` անարգել ծիծաղելով կյանքի ամենաստորին հետնախորշերում հայտնված մարդ արարածի վերափոխման բոլշևիկյան մտայնության վրա: Ըստ այդմ էլ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի հերոսի մարմնավորման բանալին ծաղրն է ընկեր Պողոսի լուսավոր հավատի և նոր կյանքի շինարարությանը անմնացորդ նվիրվածության, խանդավառ եռանդի հանդեպ: Անընթերցող մեր ժամանակներում դյուրին է հասարակական թյուր կարծիք ձևավորել ու արմատացնել նշանակալից պատմական նախնիների անձի ու գործի մասին: Սերիալամոլ, գռեհիկ հումորի սիրահար հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրում են, զորօրինակ, Չարենցի ինտիմ կյանքի մանրամասները, քան գրական գոհարների նախադրյալներն ու գեղարվեստական կայուն արժանիքները: Ի դեպ, հեռուստաեթերը այս առումով միանգամայն գոհացնում է նրա «հոգևոր» պահանջները: Եթե Աղասի Այվազյանն անզոր էր զսպել իր ասելիքի պոռթկումը 26 թվականի երիտասարդ Չարենցի խորհրդային կարգերով խանդավառության առիթով` 37 թվականի Չարենցի դառը կենսափորձի, ստալինյան ռեպրեսիաների հրեշավոր իրադարձություններից ծնված հուսախաբության հիման վրա, թող ապավիներ երկարամյա իր գրական փորձին ու ստեղծագործական երևակայությանը: Ի՞նչ իրավունքով է վերանայում Չարենցի գրական ժառանգությունը, վերադասավորում նույնիսկ ապրած կյանքը: Եվ, որ ամենասոսկալին է, մտավորական ներից ոչ ոք լսելի դժգոհություն չհայտնեց հայ պոեզիայի հսկաներից մեկի գրչին պատկանող ստեղծագործության միտումնավոր նենգափոխման առիթով: Սա ևս փայլուն վկայությունն է մերօրյա ամենաթողության տխուր հետևանքների` «դեմոկրատական ազատությունների»: Առօրյա կյանքում դրանք գնալով ավելի արգահատելի, սահմռկեցուցիչ դրսևորումներ են ունենում: Օրինակ, մահափորձի կամ սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործները «անբացատրելի» հրաշքով հայտնվում են ազատության մեջ և, վրեժխնդրության մոլուցքով բռնված, ցերեկվա տապը շիկացնում հրազենային կրակոցներով: Եվ չկա մի ուժեղ ձեռք, որ կասեցնի քրեածին տարրերի հղփացած խրախճանքը: Սա՞ է ռուսական տոտալիտար ռեժիմից ազատագրված Հայաստանի անկախության բերած «քաղցր», դարերով երազած զարթոնքը... Հանրահայտ գրողի «իմպրովիզն» ավելի անմեղ արարք չպիտի համարել: Պատկերացնո՞ւմ եք, այդ թատերականացված արջի ծառայության դիմաց նրան, հնարավոր էր, պետական հերթական մրցանակը շնորհեին: Փառք Աստծո, ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ: Որքան ինձ հիշում եմ, Աղասի Այվազյանի հալածախտի կնիքը կրող մտածողությամբ «արարված» գործերից ինձ վրա խորը տպավորություն են թողել նրա պատմվածքները, որոնց հիման վրա Նարինե Մալյանը բեմադրել էր «Ցեղի ֆիզիոլոգիան». այս դեպքում է միայն, որ միանգամայն արդարացված եմ համարում հեղինակի միակողմանի ծաղրալից մոտեցումը` սերնդեսերունդ ինֆանտիլ են դառնում Հայկ նահապետի ժառանգները, ազնիվ մղումների ու պայքարի անընդունակ` վկան մեր ներկայիս ամբոխացված վիճակը, որ այլևս չի էլ ջանում ընդդիմանալ իր ազգային նկարագրի համատարած այլախեղումներին, մականունավոր տերերին: Բարձր գնահատելով Կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի բեմադրական ու մարդկային հատկանիշները` պատահականություն եմ համարում այս հանիրավի սրբագործված «իմպրովիզի» խաղացանկային կենսունակությունը: Հայ թատրոնի ազգային դիմագծով լրջորեն ու սկզբունքորեն մտահոգված սիրելի արվեստագետը, կարծում եմ, այսուհետ էլ պիտի շարունակի հավատարիմ մնալ մեր գրականության անտեսված կամ մոռացված երկերում մերօրյա աղերսներ պրպտելու իր գովելի առաքելությանը, մանավանդ, որ կարողանում է խելամտորեն լրացնել ու ամբողջացնել նույնիսկ թերարժեք դրամատուրգիական նյութը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ