Շա¯տ սիրելուց...


Օրերս Սիլիկյան թաղամաս է այցելել թաղապետ Արծրուն Խաչատրյանը: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սիլիկյանի բնակիչները «ոգևորությունից» պատռել են նրա գլուխը, իսկ իբրև «աղանդեր» վիրավորական արտահայտություններով փորձել են ճշտել, թե ի՞նչ գումարների դիմաց է նա սեփականաշնորհել նախկինում 3-րդ գյուղ կոչվող Սիլիկյանի հողատարածքները: Մեկ այլ վարկածի համաձայն` սիլիկյանցիները մեղադրել են նրան իրենց հանդեպ ունեցած անտարբերության մեջ և մատնանշել. - Մինչև ձեր կողմից հողերի սեփականաշնորհումը Սիլիկյանը չուներ ոռոգման ջուր: Ձեզ համար կարողացաք այդ ջուրը տեղ հասցնել: Մեղադրանքներից հուզված Ա. Խաչատրյանը փորձել է կաշառել ամենադժգոհ բնակչին, խոստանալով 1000 հեկտար հողատարածք: Ի պատիվ, պետք է փաստել, որ բնակիչը արժանապատվորեն հրաժարվել է ընտրա... ողորմությունից: Ընդհանուր հայտարարում 2 աղբյուրներն էլ պնդում են, որ «շշկլված» թաղապետը, նստելով մեքենան, հեռացել է` վիրավորված շպրտելով` «3-րդ գյուղն ինձ պետք չէ»: Հ.Գ.- Այս առիթով լավատեղյակ աղբյուրները պնդում են նաև, որ թաղապետը դիմել է ոստիկանության շրջանային բաժին: Բաժնից մեզ տեղեկացրին, որ այդպիսի գործ չի հարուցվել: