ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԽՈՐԸ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վերլուծելով իսրայելա-լիբանանյան հակամարտությունը` տեսնում ենք, որ Հըզբոլլահ խմբավորման և Իսրայելի միջև բախումն ընդամենը մերձավորարևելյան խոր հակասություն ների արդյունք էր: Այդ իսկ պատճառով մեծ ջանքեր պահանջվեցին դադարեցնելու համար Լիբանանում տեղի ունեցող կատաղի մարտերը: Շատ վերլուծաբաններ իսրայելա-լիբանանյան հակամարտությունը դասում են մեկ այլ` ավելի լայն` ԱՄՆ ընդդեմ Սիրիայի և Իրանի, հակամարտության համատեքստում: Սակայն լիբանանյան ճգնաժամը նկատելի դարձրեց հենց արաբական աշխարհի ներսում կատարված արմատական տեղաշարժերը: ԱՄՆ-ը վաղուց է, ինչ աջակցում է Իսրայելին: Իրանը Հըզբոլլահ խմբավորման գլխավոր հովանավորներից մեկն է: Հետևաբար ակնհայտ է, որ իսրայելացիների և Հըզբոլլահի զինյալների միջև բախումն ընդգծում է շփումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Նախքան իսրայելա-լիբանանյան սահմանի վրա կորոտային թնդանոթները, ենթադրվում էր, որ ամառը կանցներ իրանական միջուկային ծրագրերի պատճառով սաստկացող վեճերի քննարկումներով: ԱՄՆ-ը պահանջում էր Իրանից դադարեցնել միջուկային հետազոտությունները` սպառնալով միջազգային պատժամիջոցներով: Սակայն այս հարցերով զբաղվելու փոխարեն աշխարհի տարբեր երկրների դիվանագետները հարկադրված էին ճնշել լիբանանյան ճգնաժամը: Իսկ իրանական միջուկային զենքի վերաբերյալ վեճերը որոշակիորեն մղվեցին հետին պլան: Շատ տեսաբաններ ենթադրում են, որ լիբանանյան ճգնաժամը պլանավորված էր Թեհրանում, որպեսզի շեղեին ուշադրությունը իրանական միջուկային ծրագրերից: Թեև, իհարկե, վերոհիշյալի վերաբերյալ փաստացի ապացույցներ չկան, սակայն հստակ է, որ Իրանի և Հըզբոլլահի միջև կապերը խոր արմատներ ունեն: Բայց նույնիսկ դա լիովին չի կարող թափանցիկ դարձնել Մերձավոր Արևելքում տիրող չափազանց բարդ ու խրթին իրադրությունը: Ինչպես գիտենք, Դամասկոսը նույնպես աջակցում է Հըզբոլլահին: Արյունահեղ մարտերը Լիբանանում և Իսրայելի ռմբակոծությունները վկայությունն են լայնածավալ հակամարտության: Թեև Իրանը սահմանում է դա այլ ձևակերպմամբ, որն, իհարկե, տարբերվում է Բուշի վարչակազմի տված ձևակերպումից, սակայն մի բանում Վաշինգտոնի ու Թեհրանի տեսակետները համընկնում են` տարաձայնությունները միայն Լիբանանով չեն սահմանափակվի: Այս առումով տեղի ունեցածը կարելի է դիտել որպես պատերազմ Վաշինգտոնի և Թեհրանի միջև, պատերազմ ուրիշների ձեռքերով: Իսկ Սիրիան, ԱՄՆ-ը և Իսրայելն արդեն վաղուց տարածաշրջանում խաղաղության հաստատման թշնամիների շարքն են դասվում: Եվ ինչ էլ որ տեղի ունենա Լիբանանում մոտակա օրերին կամ շաբաթներին, հակահարվածներն ու դիմակայությունները Վաշինգտոնի, Դամասկոսի և Թեհրանի միջև կշարունակվեն: Ի վերջո, այս ամենը պայքար է Մերձավոր Արևելքում գերիշխանություն հաստատելու համար: Իսկ այդ գերիշխանության օբյեկտ հանդիսացող ժամանակակից արաբական պետություններն ընդհանուր առմամբ գտնվում են խորը ճգնաժամային իրավիճակնե րում, որոնք իրենց մեջ ներառում են տնտեսական և սոցիալական խնդիրներ: Ոչ ժողովրդավարական վարչակարգերը հաճախակի, ինչու՞ ոչ, կարելի է ասել ընդհանրապես չեն ներկայացնում իրենց քաղաքացիների շահերը, այլ փորձում են ամեն կերպ սանձահարել իրենց բնակչության աճող ձգտումները: Գուցե շատ-շատերին վիճահարույց թվա, սակայն Բուշի վարչակարգի կատարած իշխանափոխությունը Իրաքում և դեմոկրատիայի ծավալմանն ուղղված ամերիկացիների ջանքերը պարզապես պայթեցնում են կայունությունը տարածաշրջանում և ոտնձգություն կատարում այլ վարչակարգերի նկատմամբ: Իսկ, ինչպես գիտենք, քաղաքական հոսանքների հավաքական ուժը, լինի դա պաղեստինյան տարածքում, թե Իրաքի հարավում, իսլամիզմն է: ՄԵԾԱԾԱՎԱԼ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ _ Վաշինգտոնյան դիվանագիտական շրջանակներում վեճեր են ընթանում այն մասին, թե արդյո՞ք պետք է մերձենալ Սիրիայի և Իրանի հետ: Բուշի քննադատները պնդում են, որ հակառակորդի հետ շփվել է պետք, իսկ նախագահի համախոհները հայտարարում են, որ դա պարզապես միամտություն կլինի, որ շատ անգամներ են փորձել խոսքով հասկացնել, սակայն դրանից ոչ մի արդյունք: Մերձեցումը, նրանց կարծիքով, որևէ արդյունք չի երաշխավորում: Այնուամենայնիվ քննադատության են ենթարկվում ոչ միայն ամերիկյան կառավարության կոնկրետ քայլերը, այլև նրանց մոտեցումների ամբողջությունը: Արաբական աշխարհում դեմոկրատիայի զարգացման վիթխարի ծրագիրը մի ընդհանուր գաղափարախոսությու՞ն է, թե՞ իրագործվող քաղաքականություն: Պե՞տք է, որ դրսից որևէ մեկը զբաղվի այս հսկայական տարածաշրջանում ժողովրդավարության ծավալմամբ ու ամրապնդմամբ: Կասկած չկա, որ արաբական աշխարհը ճգնաժամի մեջ է հայտնվել: Արաբ սոցիոլոգների և տնտեսագետների կողմից կազմված մեկը մյուսին հաջորդող ՄԱԿ-ի զեկույցները հստակ պատկերում են զարգացող տեղաշարժերի նկարը: Բազմաթիվ հետազոտողներ այժմ ընդգծում են, որ մերձավորարևելյան իրական ուժերին այժմ տիրապետում են ոչ թե ավանդական արաբական երկրներ հանդիսացող Եգիպտոսը, Սիրիան և Իրաքը, այլ ոչ արաբական երկրներ Իսրայելը, Իրանը և Թուրքիան: Վերադառնանք լիբանանյան ճգնաժամին: Այստեղ ևս ակնհայտ է ճակատագրի հեգնանքը, քանի որ Իսրայելի դեմ արաբական աշխարհի դիմադրությունը վարում է շիական Հըզբոլլահ խմբավորումը: Շիաների աճող ակտիվությունը, ինչպես նաև Իրաքը ժողովրդավարության տարածման փորձադաշտ դարձնելու ամերիկյան քայլերը ծայր աստիճան անհանգստություն են պատճառում արաբական երկրների ավանդական սուննիական վարչակարգերին: Լիբանանյան ճգնաժամը մեկ անգամ ևս ի դերև հանեց վերոհիշյալ բոլոր հիմնային տեղաշարժերը, և, հավանաբար, երկար տարիներ դրանք կկանխորոշեն տարածաշրջա նային իրադարձությունները:

Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆ