Տեր¬Պետրոսյանը միայն մասամբ կարողացավ ՀԱԿ-ացնել ՀՀՇ-ն


Հերթական` XVI համագումարը ՀՀՇ-ի համար գուցե և չլինի վերջինը, սակայն հաստատ կդառնա պատմական: Հակառակ Վանոյին վերագրվող պնդմանը, թե Լևոնը ՀՀՇ-ի հավերժ նախագահն է, հաստատվեց, որ Տեր¬Պետրոսյանն, իրականում, ՀՀՇ-ի հավերժ գերեզմանափորն է: «Ես քեզ ծնեցի, ես էլ կսպանեմ» մոտեցումը ՀՀՇ-ի նկատմամբ ԼՏՊ-ն որդեգրեց դեռ հեռավոր 1994-ի կեսերից` զինադադարից գրեթե անմիջապես հետո կամ հերթական խորհրդարանական ընտրություններից «տարօրինակորեն» ճիշտ մեկ տարի առաջ: Այս «զուգադիպությանը» կանդրադառնանք այլ առիթով: Հիմա արդեն քչերն են հիշում, որ Գերագույն խորհրդի գոյության վերջին տարվա ընթացքում ԳԽ նախագահը հռչակեց «անհրաժեշտ է անել այնպիսի քայլեր, որոնք անշրջելի դառնան» գործելաձևը ու սկսեց ինտենսիվորեն նախապատրաստվել Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններին: Զուգահեռաբար կատարվեցին համալիր-ծրագրային քայլեր: Հապշտապ պատվիրվեց Սահմանադրության նախագիծ, թեև մինչ այդ ԼՏՊ-ն պնդում էր Իսրայելի օրինակը, թե Հայաստանն առանց Սահմանադրության էլ կարող է ապրել: Ապա իշխանական ճամբարում հրահրվեց Հայոց Համազգային Շարժումը կուսակցության չվերածելու վեճը, իսկ քաղաքական ընդդիմությունը բանտարկվեց կամ ծավալուն ռեպրեսիաների միջոցով ընդհատակ մղվեց: Նախաձեռնված էին նաև նոր կարգավորվող քաղաքական-կուսակցական համակարգ ձևավորելու անշրջելի քայլեր: Ամբողջական ծրագիրը պետք է իրագործեր միակ անվերապահ վստահելի ու հավատարիմ Թելման Տեր-Պետրոսյանը` հարազատ եղբայրը, սակայն նա մահացավ ու «անշրջելի» ծրագիրը կիսատ մնաց: Դեռ այն ժամանակ հանդիպելով Վանո Սիրադեղյանի ու Էդուարդ Եգորյանի կտրուկ դիմադրությանը, ԼՏՊ-ն չկարողացավ քաղաքական դաշտից վերացնել ՀՀՇ երևույթը: Արդյունքում Ազգային Ժողովի ՀՀՇ-ական-իշխանական «կոալիցիան», որը ներառել էր անխտիր բոլոր իշխանատենչներին, անվանվեց «Հանրապետություն» խմբակցություն, Վանոն իր տրամադրության տակ եղած «կանանց լիգայից» ծեփեց ու ԱԺ բերեց «Շամիրամ» կուսակցությունը, Եգորյանը հեռացավ ՀՀՇ-ից ու ստեղծեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Մինչև 1998-ի իշխանափոխութ յունը, ՀՀՇ անունը ոչ միայն հետևողականորեն ջնջվում էր քաղաքական լեքսիկոնից, այլ նաև դեգրադացվում` այս կերպ մղվելով անվանափոխման, բայց ոչ էափոխման: Տասնամյա քաղաքական ինքնամեկուսացումից հետո ԼՏՊ-ն քաղաքական դաշտ վերադարձավ ՀՀՇի ուսերին բազմած, բայց ոչ ՀՀՇ-ի, այլ «Իմպիչմենթի», ապա ՀԱԿ-ի դրոշով: ՀՀՇ-ից դիստանցավորվելու միտումը նկատելի էր, բայց ոչ շատ ընդգծված, քանզի ԼՏՊ-ն քաջ գիտակցում է, որ առանց կուսակցական կազմակերպական կառույց ունեցող ՀԱԿ-ի անդամ այս միակ ուժի, իր բոլոր ծրագրերը դատապարտված են ձախողման: Իսկ Արարատ Զուրաբյանի, կամ որ նույնն է` Վանոյի ՀՀՇ-ն բոլորովին էլ այն չէր, ինչը ԼՏՊ-ին պետք էր հետագա «պայքարի» համար: Ուստի հենց «սեփական ՀՀՇ» ունենալու նկրտումն էր կուսակցությունում ներքին հեղաշրջում հրահրելու միակ պատճառը: Դատելով XVI համագումարի արդյունքներից, Լ. Տեր-Պետրոսյանն իր ու յուրայինների առջև դրած առաջադրանքը չկարողացավ ամբողջովին իրագործել: Հայտնի է, որ լևոնական կլանն ամեն ինչ արել էր, որպեսզի Արարատ Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի ու Վանո Սիրադեղյանի կողմնակիցներից ոչ մեկը պատգամավոր չընտրվի: Չնայած այս ջանքերին, մոտ հինգ տասնյակ վանոյականներ, այնուամենայնիվ, ընտրվել էին, բայց չմասնակցեցին համագումարին: Անգամ այս պարագայում միայն Վանոն ՀՀՇ վարչության անդամ ընտրվեց միաձայն: ԼՏՊ-ի համար եթե ոչ անակնկալ, ապա ակնհայտորեն անցանկալի էր նաև, որ համագումարը տևական հոտնկայս ծափողջույնով նշանավորեց Վանոյի տասնամյա «փախուստը»: Միայն խորամանկ շրջահայացությունը նրան ստիպեց ուշացումով միանալ ծափերին ու անգամ ոտքի կանգնել: Իր այս կեցվածքով նա վաստակեց «դաշնակիցներ» Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Սարգսյանի քամահրանքը: Բայց ԼՏՊ-ն այլ բան չէր էլ կարող անել, քանի որ, իհարկե, շատ լավ է հիշում Վանոյի ռեպլիկը` «Ես քավության նոխազ չեմ դառնա» ու չհամարձակվեց նրան զայրացնել: Նմանապես, նա նաև չհամարձակվեց արգելել Արարատ Զուրաբյանի վերընտրվելը «առանձգական կազմաքանակ» ստացած ՀՀՇ նորընտիր վարչությունում, թեև կարողացել էր այնպես անել, որ նա պատգամավոր էլ չէր ընտրվել: Թվում է, թե ՀՀՇ վարչության նախագահ դարձած Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու քարտուղար Վահագն Հայոցյանն առաջիկայում կարողանալու են իրագործել ԼՏՊ-ի փոխանցած ՀԱԿ-ի որոշումները: Սակայն իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում բոլորովին էլ չի բացառվում, որ նախկին 25-ի փոխարեն 31 հոգիանոց կազմ ունեցող ՀՀՇ վարչությունը դարձյալ վանոյական դառնա: Իսկ Տեր¬Պետրոսյանի ծրագրային ելույթը համագումարի միակ ուշագրավ հատվածն էր: Առաջին նախագահը թեև հաստատեց, որ Հայաստանը ներքին ու արտաքին լրջագույն մարտահրա վերների առջև է հայտնվել, սակայն ուղղակիորեն չխոստովանեց, որ դրանում գերակշիռ է սեփական մեղքի բաժինը: Գուցե հենց այդ պատճառով էլ շրջահայացորեն անմիջապես հրաժարվեց ոչ միայն վերլուծական գնահատականներից, այլ նաև քննադատությունից ու մեղադրանքներից: 2007-ին քաղաքական դաշտ վերադառնալուց հետո իր իսկ ծավալած գործունեության խորապատկերին խիստ անակնկալ էր ԼՊՏ-ի շեշտադրումը, թե առկա իրողությունների հետ «պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ` լինի իշխանություն, թե ընդդիմություն»: Եթե սա անուղղակի խոստովանություն է` որ այսուհետ ՀԱԿ-ը «հանցավոր միամտություն» ու «քաղաքական անմեղսունակություն» չի դրսևորելու, ապա միանգամայն ողջունելի է: Որ ԼՏՊ-ն ՀԱԿ-ը ՀՀՇ-ի միջոցով քաղաքական դաշտ վերադարձնելու նպատակ է փայփայում, ակներև է: Իր ելույթում նա ուղղակի ընդգծեց. «ՀՀՇ-ն … իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելու է ՀԱԿ-ի նպատակներին ու ծրագրերի իրագործմանը»: Սա կարող է ընկալվել` միայն որպես խորհրդարանում տեղ ունենալու խնդրագիր, բայց նման հնարավորություն ստանալու համար Տեր-Պետրոսյանն արտառոց եղանակ է ընտրել: Մի կողմից նա կետ առ կետ կրկնում է գործող նախագահի արտաքին ու ներքին քաղաքական շեշտադրումները, մյուս կողմից չի հրաժարվում արդեն հայտնի իր դիրքորոշումներից ու լուծումներից: Հետևաբար, այս խնդրագրի քաղաքական թարգմանությունը կարող է հնչել այսպես. «թույլ տվեք, և իշխանության բոլոր սկզբունքները կիսող ՀԱԿ-ը կդառնա ամենացանկալի այլընտրանքային ընդդիմությունը»:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ