Թռչունների քարայրի առեղծվածները


Վերջին շրջանում արտասահմանյան և հայկական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված էր Արենիի Թռչունների քարայրի վրա, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երկու տարի առաջ քարայրում հայտնաբերված հնածոն աշխարհի հնագույն, ամբողջական կաշվից կարված կոշիկն է: Թռչունների քարայրը գտնվում է Արենի գյուղից 1.5 կմ դեպի արևելք` Արփա գետի ձախափնյա ժայռային գոյացության մեջ: Քարայրի ծածկն ընդգրկում է մոտ 500 քառ. մետր տարածք£ Ենթադրվում Է, որ միլիոնավոր տարիներ առաջ քարայրի տեղում սովորական օվկիանոսային ավազ է եղել, որը, դարերի ընթացքում ջրի հետ շփվելով, կարծրացել, դարձել Է ժայռ: Այս տիպի քարայրներին բնորոշ են բազմաթիվ խորշերը, դահլիճները: Հիմնականում կարստային քարայրները թաց են, քանի որ մշտապես ջուր Է հոսում աղի ու կրի հետ միասին: Արենիի քարայրում կարստային գործընթացները վաղուց ավարտվել են: Այն չոր է, ինչն էլ հայտնաբերված իրերի պահպանվածության աստիճանի ու փայլուն վիճակի պայմաններից մեկն է: Ջերմաստիճանը քարայրում ձմռանը և ամռանը մեծ տատանումներ չի տալիս: Անձրևային և ձնհալային ջրերը ևս բացակայում են: Քարայրի միկրոկլիմայի շնորհիվ բոլոր պեղածո նյութերը շատ լավ պահպանված են: Բացի այդ, քարայրում կա դարերի ընթացքում կուտակված գոմաղբի հաստ, կարծրացած շերտ, որը ևս պաշտպանիչ նշանակություն ունի: Քարայրը բաժանված Է բնակելի և պահեստային մասերի: Ինչպե՞ս է ծագել քարայրի անվանումը: Պարզվում է` քարայրում թռչունների տարբեր տեսակներ են բնակվում: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ապրում են «հերթափոխով»: Որոշ ժամանակ քարայրում բնակություն են հաստատում մի տեսակի պատկանող փետրավորներ, ապա չվում են` իրենց տեղը զիջելով մեկ այլ տեսակի: Քարայրի մշտական բնակիչները չղջիկներն են: Արենիի քարայրի հնագիտական պեղումներն սկսվել են 2007 թ. ամռանը` հայ-իռլանդական-ամերիկյան համատեղ արշավախմբի կողմից: Պեղումների ստուգողական փուլում հնագետներն իրենց առջև խնդիր էին դրել` պարզել, թե ի՞նչ մշակութային շերտեր է պարունակում քարայրը և ո՞ր դարաշրջանից է բնակեցված£ - Փնտրում էինք քարեդարյան շերտեր, բայց բացվեցին պղնձեքարեդարյւսն շերտերը: Հնարավոր չեղավ հասնել պալեոլիթյան շերտերին, որովհետև պղնձեքարեդարյան շերտերն ունեն 4 մետր հզորություն. այսինքն` 4 մետր պետք Է իջնել` պալէոլիթ հասնելու համար,¬ պատմում Է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Դիանա Զարդարյանը£ Ըստ նրա` ստուգողական աշխատանքների ժամանակ հնագետները պատրաստ չէին նման գտածոների, քանի որ Հայաստանում պղնձեքարեդարյան ժամանակաշրջանը բավարար չափով ուսումնասիրված չէ: Ու քանի դեռ բացահայտված չէին պղնձեքարեդարյան շերտերը, գտածոների պահպանվածության աստիճանը մի փոքր շփոթություն է առաջացրել£ Սակայն, երբ արդեն բացվեցին պղնձեքարեդարին բնորոշ անոթները, պարզվեց, որ հնագետները գործ ունեն այդ ժամանակաշրջանի հետ£ Միջնադարում Արենի գյուղը կոչվել է Արփա£ Այն ընկած էր առևտրային ճանապարհների վրա, Օրբելյանների շրջանի բնակավայր էր: Պատերազմների ժամանակ բնակչությունը պատսպարվում էր քարայրներում: Թռչունների քարայրում ևս ժամանակավոր բնակություն են հաստատել: Այդ ընթացքում թոնիր են դրել, որը որոշ տեղեր վնասել է պղնձեքարեդարյան շերտերը: Քարայրում կա 2 թոնիր, որոնցից մեկը տեղավորվել Է եկվորների կողմից: Վերջերս ամբողջ աշխարհի ուշադրությունը գրաված կոշիկը գտնվել Է պեղման 3-րդ սեզոնին` 2008 թ. սեպտեմբերի 16¬ին` քարայրի բնակելի հատվածում£ Այդ հատվածը պեղելու ընթացքում բացվել են շինությունների հատակներ, որոնք պատված են կավի և գլաքարի ծածկույթով: - Հատակն էինք մաքրում, պատրաստվում էինք նկարել պեղավայրը, հանկարծ եղեգ բացվեց մի հատվածում: Սկսեցինք հեռացնել: Այն դրված էր հատուկ նպատակով մշակված կավածեփ հորի մեջ, որն ունի 44-48 սմ տրամագիծ, 45 սմ խորություն: Եղեգը հեռացնելուց հետո տեսանք պղնձե ափսեի մի կտոր` շրջած վիճակում, վրան խաչաձև դրված այծի 2 կոտոշ, իսկ թասի կտորի տակ շուռ տված վիճակում դրված էր կոշիկը,- պատմում է Դիանան: Այս առեղծվածը, սակայն, բացահայտված չէ դեռևս: Թե ինչո՞ւ է միայն մի կոշիկ, ինչո՞ւ շրջած… Բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են: Կան մի քանի տեսակետներ: Հորը ոչ մի դեպքում աղբի հոր չի կարող լինել, քանի որ շատ լավ մշակված է բարձրորակ դեղին կավով: Բացի այդ, իրերը շատ խնամքով են դրված և ծածկված են եղեգի հաստ շերտով: Հավանաբար սա ծիսական նշանակություն է ունեցել, նվիրատվություն է կամ կենոտաֆային (կեղծ) թաղման արդյունք, երբ ննջեցյալը բացակայում է. թաղվում է միայն նրան պատկանող որևէ իր: Պատերազմների ժամանակ, երբ հնարավոր չի եղել տեղափոխել զոհվածի մարմինը, թաղել են նրա իրերից մեկը և համարել, որ դա նրա խորհրդանշական գերեզմանն է: Սա ընդամենը վարկած է: Թե ինչու է այս կարևոր գյուտի մասին հայտարարվել 2 տարի անց, պատճառը հետևյալն է: Հայտնաբերվելուց անմիջապես հետո այն ուղարկվել է հետազոտության, իսկ արդյունքները ստացվել են միայն վերջերս: Մինչև արդյունքների ստացումը և գտածոյի թվագրումը` իրավունք չկա հայտարարել գյուտի մասին, քանի որ փաստերը բացակայում են, իսկ գիտությունը պահանջում Է խոսել փաստերով: Հետազոտություններն անցկացվում են Օքսֆորդի և Կալիֆոռնիայի համալսարաններում, որոնք համարվում են աշխարհի լավագույն գիտահետազոտական լաբորատորիաները: Արդյունքներն ստանալուց անմիջապես հետո գիտական հոդված է գրվել, ապա. ըստ պայմանավորվածության, National giographic ամսագիրը առաջինն է հայտնել գյուտի մասին: Հաջորդ օրվանից ամերիկյան բոլոր թերթերը անդրադարձան այս թեմային: Հայաստանում դեռևս մայիսին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր հարցազրույցում խոսել է գտածոյի մասին, սակայն դա մնացել Է ստվերում: Միայն արտասահմանյան ԶԼՄ¬ների անդրադարձից հետո հայկական մամուլը ևս հետաքրքրվեց գտածոյով: Գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարեցին, որ հայտնաբերվել է աշխարհի հնագույն կաշվե կոշիկը: Սակայն իրականում կոշիկը եզակի է նրանով, որ աշխարհի հնագույն ամբողջական կաշվից կարված կոշիկն է: Այն 5500 տարեկան է: Նույն ժամանակաշրջանին պատկանող կոշիկներ գտնվել են աշխարհի տարբեր մասերում: Ալպերում` սառույցների մեջ, հայտնաբերվել է Օտցի անունով զինվորի մարմինը, որը կրում էր նույն ժամանակաշրջանի կոշիկ: Այն ևս կաշվից է, բայց կարված է առանձին կտորներից, կաշին ամբողջական չէ: Իսկ Իսրայելում հայտնաբերված կոշիկը բուսական թելերից է հյուսված: Քարայրի առեղծվածներն այսքանով չեն սահմանափակվում: Դրա պահեստային մասում` դահլիճներից մեկում, հայտնաբերվել է հնձան: Կարասի մեջ գտնվել են խաղողի մնացորդներ: Ե°վ կորիզները, և° պտուղը լավ պահպանված վիճակում են եղել: Կարասները քերվել են ներսից և ուղարկվել հետազոտության: - Ենթադրվում է, որ գործ ունենք գինեգործության հետ, սակայն այսօր ասել, թե դա աշխարհի հնագույն հնձաններից մեկն է, չենք կարող, քանի դեռ չենք ստացել հետազոտությունների արդյունքները,- ասում է Դիանա Զարդարյանը£ Քարայրի միկրոկլիմայի շնորհիվ հողային շերտում շատ լավ պահպանվել են տարբեր տեսակի բույսերի մնացորդներ, սերմեր: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ խաղողի կորիզներ, պտղամիսը պահպանած ծիրան, սալոր, դեղձ, նշի կորիզներ, նաև ծիրանի մի քան տեսակներ` ըստ կորիզի չափերի: - Արդեն սկսում ենք մտածել ծիրանի վայրի և կուլտուրացված տեսակների շուրջ: Ունենք ծիրանի կորիզներ, որոնք նման են վայրի ծիրանի կորիզների և ունենք նաև կուլտուրացված ծիրանի կորիզների նման կորիզներ: Դա հետագայում հիմք կտա պարզել` կուլտուրացման փորձեր արվե՞լ են, թե՞ դրանք բերվել են այլ վայրերից,¬ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ լաբորանտ, հնէաբուսաբան Թամարա Բագոյանը£ Շատ մեծ արժեք են ներկայացնում հնձանի մոտ հայտնաբերված 6-15 տարեկան 3 աղջիկների գանգերը: Դրանք գտնվել են առանձին-առանձին` կավակերտների մեջ: Գանգերից մեկի մաքրման ժամանակ պարզվել է, որ պահպանվել է ուղեղը` չորացած վիճակում: Սա հերթական սենսացիան է` աշխարհի հնագույն ուղեղը: - Պահպանվածության առումով մեզ հայտնի հնագույն մարմինները մումիաներն են, բայց մեր գտած ուղեղը մումիայից հին է,- ասաց Դիանա Զարդարյանը: Ուղեղն այժմ ԴՆԹ հետազոտության է ենթարկվում Կալիֆոռնիայի համալսարանում: Պարզվել է, որ աղջիկները սպանվել են ծոծրակի հատվածում ստացած հարվածից: Նրանց մոտ հեմատոմա է առաջացել, որն էլ դարձել է մահվան պատճառ: Գանգերի ստորին ծնոտները բացակայում են: Սա հերթական չբացահայտված առեղծվածն է: Ենթադրվում է, որ դա վերաթաղում է կամ երկրորդական թաղում: Սա մի ծես է, երբ ննջեցյալին թաղում էին, որոշ ժամանակ անց նրա ոսկորները վերաթաղում էին մեկ այլ վայրում: Չի բացառվում, որ օդային թաղման դեպք է, երբ ննջեցյալին կախում էին ծառից, թռչունները ծվատում էին մարմինը, իսկ ոսկորները թաղում էին որևէ տեղ: Նույն ժամանակաշրջանին է վերագրվում թաղման մի ծես ևս, երբ երեխային թաղում էին տան հատակի տակ: Այս դեպքում աղջիկների գանգերը թաղված են հնձանի մոտ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ միգուցե նրանք զոհաբերվել են պտղաբերական որևէ ծեսի ժամանակ: Թռչունների քարայրի 5-րդ պեղաշրջանը կսկսվի մոտ օրերս: Կան բազմաթիվ չբացահայտված, անպատասխան հարցեր: Հուսանք, որ հետագա պեղումները բոլոր առեղծվածային երևույթների պատասխանները կտան:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ