«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Լարված գիշեր


1998-2000 թթ. Աղասի ՀԱԿՈԲՅԱՆԸ ժամկետային ծառայությունն անցկացնելով Արցախում` փաստագրել ու վավերացրել է հետաքրքրաշարժ նյութեր£ «Ավանգարդը» ռեպորտաժների, ակնարկների, պատմվածքների տեսքով կհրապարակի այդ նյութերը, որոնք համոզված ենք, հետաքրքրությամբ կընթերցեն ոչ միայն ներկա ու նախկին զինվորները£ Մեր պաշտպանական դիրքերը կորաձիգ ձգվում էին հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք£ Մեր պաշտպանական գծի մարտական հենակետերը հիմնականում վերահսկող դիրք ունեին հակառակորդի հենակետերի նկատմամբ£ Սակայն կար մի հատված, որտեղ պատկերը ճիշտ հակառակն էր. թշնամին ամբողջովին վերահսկողութ յան տակ էր պահում մեր հատվածը£ Որպես հենակետի հրամանատար, մարտական ծառայությունս ես անցկացնում էի այդ հատվածում£ Հակառակորդը ուժեղ կրակի տակ էր առել մեր հատվածը և դժվարացնում էր պաշտպանական շրջան մտնող մեքենաների ընթացքը£ Մենք միայն անհրաժեշտությունից ելնելով էինք կրակ բացում` այսինքն ճնշում էինք հակառակորդի կրակը, որպեսզի մեր մեքենաները մտնեին պաշտպանական գիծ£ Արդեն կեսգիշեր էր, ես խրամատում շրջայց էի կատարել և հեռախոսով զեկուցում էի հրամանատարական կետի իրավիճակի վերաբերյալ£ Ինձ հրահանգվեց, որ զգոն լինեմ, քանի որ մի քանի րոպե անց պաշտպանական գիծ էր մտնելու ավտոշարասյունը£ Մեքենաները լույսերը հանգցրած մոտենում էին մեր հատվածին, որտեղից պետք է շարունակեին ճանապարհը£ Հանկարծ երկինքը լուսավորվեց հակառակորդի լուսածիրող գնդակներից ու սկսվեց գնդացրային կատաղի կրակը£ Ես զինվորներիս հրահանգեցի պատասխան կրակ բացել, սակայն հակառակորդը ուշադրություն անգամ չդարձրեց£ Գնդացիրն աշխատում էր մոտ 300 մ հեռավորությունից և կիսավեր տան ու հաստաբուն լորենու արանքից£ Ես մեր գնդացրորդին հրահանգեցի դիրքը փոխել ու ուժեղ կրակով ճնշել թշնամու գնդացրային կրակը£ Ինձ կանչեցին հեռախոսի մոտ և հրահանգեցին, որ թշնամու կրակը վերցնեմ իմ հենակետի վրա, որպեսզի մեքենաներն անցնեն, քանի որ մեքենաներից մեկը լուրջ վնասվել էր£ Հրամանը փոխանցեցի զինվորներիս ու կատաղի կրակ բացեցինք, հազիվ էին գնդացիրին ժապավեն հասցնում, բայց թշնամին կրակի ուղղությունը չէր փոխում, իսկ հրամանատարական կետից արդյունք էին պահանջում£ Ես թույլտվություն խնդրեցի, որպեսզի օգտագործենք նռնականետ, սակայն հրամանատարական կետից մերժեցին£ Կես ժամ արդեն կատաղի հրաձգություն էր տեղի ունենում, սակայն մեքենաները չէին կարող առաջ շարժվել, իսկ մենք չէինք կարող զսպել թշնամու կրակը£ Կրակոցները շարունակվում էին, երբ լսվեց ուժգին ձայն, ապա թշնամու դիրքի մոտ տեղի ունեցավ պայթյուն£ Ես նայեցի կողքիս խրամատաճեղքին. շարքային Մ.¬ն ուսից իջեցնում էր նռնականետը£ Ես նրանից բացատրություն պահանջեցի, իսկ նա ուսերը թոթվեց£ Հակառակորդի գնդացրային կրակը դադարեց, մեր շարասյունը անցավ վտանգավոր հատվածը, իսկ ինձ կանչեցին հրամանատարական կետ£ Ներկայացա հրամանատարական կետի հերթապահին և զեկուցեցի£ Մայորը բարկացավ. - Սերժա°նտ, հրահանգված չէ՞ր` նռնականետ չօգտագործել£ - Ճիշտ այդպես£ - Հերթափոխից հետո կպատժվես£ - Լսո°ւմ եմ... Բայց կներեք առարկությանս. հակառակորդը նռանականետից էլ մեծ տրամաչափի զենք է օգտագործել մեր դեմ£ - Դա չի նշանակում, որ զինվորդ կարող էր ինքնագլուխ նռնականետ օգտագործել£ - Ես եմ հրամայել, պարոն մայոր£ - Շատ լավ, զորամասում պատասխան կտաս£ Հերթափոխից հետո ինձ ուղարկեցին հաուպվախտ` մարտական հերթապահության կանոնները խախտելու համար£ Մի օր նստեցի, սակայն «հանգիստս» երկար չտևեց. զորամասում ստուգումներ էին, հաուպվախտ եկած ստուգող-գեներալը հարցրեց, թե ինչի՞ համար եմ պատժվել£ Ես պատասխանեցի նրան, ու գեներալը գնաց£ Մի քանի րոպե անց ինձ ազատ արձակեցին£ Այո, արտակարգ իրավիճակներում երբեմն «ինքնագլխությունն» էլ ներվում է£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ