ՀԻՄԱ ԷԼ` ԱՆԿԱԽ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ


 

Ստեղծված իրավիճակը հուշում է, որ տարածաշրջանը գտնվում է անկանխատեսելի զարգացումների ջրապտույտում, և ցանկացած պահի կարող է սկիզբ առնել պատերազմ: Սակայն այս դեպքում արդեն ոչ թե Իրանը կդառնա թիրախ, այլ հենց Թուրքիան, որի հետ Իսրայելի հարաբերությունները չափազանց սրվել են:

Բարաք Օբաման իսկական ցայտնոտի մեջ է հայտնվել: Նա մերթ հայտարարում է Իրանի դեմ պատերազմ սկսելու անխուսափելիության մասին, մերթ էլ գերագույն ջանքեր է գործադրում ակնկալվող ռազմական գործողությունները հետաձգելու համար:

Այս իրավիճակն իսկապես լուրջ շփոթ է առաջացրել հատկապես Արևելքում, որի մի շարք պետություններ հայտնվել են ժամանակի գերության մեջ` չկարողանալով հստակեցնել իրենց անելիքները: Ամենածանր պայմաններում են հայտնվել Իսրայելն ու Թուրքիան: Իսրայելը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը և հենց այս երկիրը պիտի դառնա իրանական պատերազմի առաջամարտիկը` իրականացնելով մի շարք ամերիկյան ծրագրեր:

Առաջամարտիկի դերում էին իրենց տեսնում նաև Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն Բաքուն հետ քաշվեց, իսկ Անկարան տակավին գտնվում է ջղաձգումների և տատանումների մեջ: Եվ մինչ թուրքական իշխանությունները կամենում են հասկանալ Օբամայի քայլերը, ոտքի են կանգնել Իրաքում և Սիրիայում ապրող քրդերը, ովքեր ջանում են հայտարարել անկախ Քուրդիստանի ստեղծման մասին: Որպես հավանական օր` նշվում է մարտի 21-ը, հենց այդ օրն է Իրաքի քրդական հատվածի առաջնորդ Մասուդ Բարզանին հռչակելու Քուրդիստանի ձևավորումը: Արևմտյան Քուրդիստանի ստեղծման գաղափարով են ապրում նաև Թուրքիայի քրդերը, որոնք սպասում են հարմար պահի` իրենց պետությունն ունենալու համար:

Այս հանգամանքն էլ այսօր անհանգստացրել է Էրդողանի վարչակարգին, որը ցանկանում է ամեն ինչ անել` քրդերի պետության ստեղծումը չգոյացնելու համար: Թուրքիան համարում է Սիրիային ամենամեծ վտանգը` համոզված, որ այս երկիրն է շահագրգռված Արևմտյան Քուրդիստանի ստեղծմամբ: Այդ դեպքում իրաքյան և թուրքական մեծաթիվ տարածքներ կանցնեն քրդերի տիրապետության տակ, իսկ Սիրիայում ապրող մեծաթիվ քրդական համայնքը կաջակցի հայրենակիցներին: Արևմտյան Քուրդիստանի ձևավորմամբ Սիրիան ձեռք կբերի մի նոր գործընկեր և իր սահմանները պաշտպանված կհամարի: Ահա ինչու է Թուրքիան շահագրգռված, որպեսզի Սիրիայում լարվեն քաղաքական կրքերը: Այս իրավիճակում Թուրքիան կարող է հարվածել Սիրիային, ապա շրջվել դեպի Իրաք և ռմբահարել քրդերով բնակեցված տարածքները: Իսրայելը ևս կողմ է քրդական պետության ստեղծման գաղափարին, քանի որ այդ պետությունը կթուլացնի Թուրքիայի դիրքերը և նրան աստիճանաբար դուրս կմղի տարածաշրջանային զարգացումներից: Կռահելով Իսրայելի քայլերը` Թուրքիան օրերս հանդես եկավ հակաիսրայելական հայտարարությամբ` Գազայի հատվածում ռմբակոծությունները համարելով ցեղասպանություն: