Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


 

Հարցը գուցե հռետորական է, սակայն հստակ է, որ ինչպես մի շարք կուսակցություններ, Դաշնակցությունը ևս կամենում է պահպանել իր տեղը խորհրդարանում, ինչը նշանակում է` մշտական խաղեր իշխանությունների հետ, նյութական ապահովվածություն և էլի նման բաներ: Եվ այս ամենը` մի ոչ մեծ խմբի համար, որը տարիներ շարունակ ձևավորում է Գերագույն մարմինը, խորհրդարանական խմբակցությունը, փոխնիփոխ կոալիցիա ստեղծելու դեպքում` զբաղեցնում նախարարների ու մարզպետների, փոխմարզպետների պաշտոններ: Այսինքն, Դաշնակցության մի շարք գործիչներ մտահոգված են սեփական բարօրության խնդիրներով` աստիճանաբար չգոյացնելով հեղափոխական կուսակցությունը, «մոլորեցնելով» նրա գաղափարախոսությունը:

Այսօր, ընտրությունների նախաշեմին, բոլոր հարցումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ-ն մնացել է իր շարքերով և մի քանի հազար համախոհներով, որոնք, բնականաբար, չեն կարողանալու ապահովել անհրաժեշտ 5 տոկոսը: Այս փաստն արձանագրում ենք ոչ ակնհայտ ուրախությամբ, քանի որ Դաշնակցությունը` որպես ազգային և ընկերվարական կուսակցություն, անպայմանորեն անհրաժեշտ է մեր քաղաքական դաշտին և խորհրդարանին: Սակայն կուսակցությունն ինքն է իրեն դուրս դրել ազգային և ընկերային խնդիրներից` հավանաբար մոռանալով, որ իր գաղափարախոսության հենքում ընկերվարությունն է, սոցիալ-ժողովրդավարությունը, որը մարքսիզմի կարևորագույն դրույթներից մեկն է: Իհարկե, որքան էլ Սոցինտերնի անդամ, այնուհանդերձ Դաշնակցությունը փոքր-ինչ հեռու է մարքսիստական մյուս կուսակցություններից, առավելապես ընդունում է հեղափոխականությունը և շարժվում է դեպի ազգային խնդիրները:

Սա Դաշնակցության էությունն է, սակայն ոչ երբեք` հայաստանյան կառույցի հիմնասկզբունքը: Եվ, ուրեմն, Դաշնակցության ճգնաժամն էլ հենց այն է, որ կուսակցությունը գաղափարախոսական աշխատանքները շատ ավելի վերածել է իմիտացիայի և հեռացել հեղափոխական-ժողովրդավարական միտումներից:

Հեռացել է նաև դասական քաղաքական ազգայնականությունից և վերածվել մի խումբ մարդկանց խմբակի, որը ոչ միշտ է զբաղվում քաղաքական հարցերով, ոչ միշտ է մղվում իր կարևորագույն խնդիրներից մեկի` Հայաստան-Սփյուռք կապերի սերտացմանը, միասնական ջանքերի ձևավորմանը:

Քաղաքական մեկնաբաններից մեկը հետաքրքիր գնահատական է հնչեցրել. «Կուսակցության կազմալուծման գործընթացն սկսվեց 1998-ի սկզբներին, երբ պարզվեց, որ կուսակցական-քաղաքական խնդիրները բացահայտորեն ուժից վեր են և չեն համապատասխանում նրա առաջնորդների ու վերջիններիս շրջապատի մտավոր ընդունակություններին: Հարկ է նշել, որ կուսակցության մարման առավել կարևոր գործոնը 90-ականների սկզբին նրա ղեկավարների քաղաքականությունը եղավ, երբ կուսակցության մեջ ընդունվեցին հազարավոր պատահական մարդիկ: Դա պատճառ դարձավ խարխլման, գաղափարազրկման և ամենակարևորը` սահման չունեցող հարմարվողականության հետագա խորացման»:

Սրան գումարվեց նաև այն, որ կուսակցությունն իր գոյատևման նախադրյալները կապեց ոչ թե իր դերի արժևորմանն ուղղված քայլերին, այլ` իշխանություններին: Գուցե տարօրինակ թվա, բայց հենց իշխանությունների աջակցությունն էլ պահպանեց կուսակցությունը, հնարավորություն տվեց դառնալ խորհրդարանական ուժ: Այսօր արդեն իշխանությունները չեն աջակցում Դաշնակցությանը, քանի որ իշխանություններն էլ իրենց խնդիրներն ունեն` պահպանել տեղերն ու լծակները:

Ստեղծված կացության մեջ Դաշնակցությունը պետք է կարևոր ընտրություն կատարի. կա´մ դառնալ հեղափոխական-արմատական ընդդիմություն, կա´մ ընդունել սեփական ֆիասկոն և չմասնակցել առաջիկա ընտրություններին` ժամանակամիջոցն օգտագործելով ինքնամաքրման, դիրքորոշումների հստակեցման համար: Միայն այսպես ավանդական կուսակցությունը կկարողանա վերահաստատել իր դիրքերը, դառնալ այն ազգայնական-քաղաքական ուժը, որը պարտավորված կլինի Սփյուռքի կառույցների հետ համագործակցելով` ազգային շահերը պարտադրել այն տերություններին, որոնք միշտ էլ արհամարհել են փոքր ժողովուրդների շահերն ու դրանք ծառայեցրել իրենց նպատակների իրագործմանը:

Լ.Մ.