ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆ «ԱՍՆԱՎԱՆԻ» ՉԷ


 

Ինչպես պարզվում է` պետական պատվերի շրջանակում իրականացվող մի շարք ծառայություններ, այդ թվում նաև սրտի բաց վիրահատությունը, հասանելի չեն շատերին, որովհետև «Էրեբունի» բժշկական կենտրոնում արհամարհում են հիվանդների արտոնությունները, անգամ սեփական նախարարի հրամանները:

Քաղաքացի Ռ. Ա.-ն գրեթե մահամերձ վիճակում է, նախարար Հարություն Քուշկյանը հրաման է արձակել նրան ենթարկել սրտի բաց վիրահատության, բայց ահա հենց նախարարի սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատներից չորս հազար դոլար են պահանջում: Հետն էլ «Փարոսի» գրքույկ ու էլի նման բաներ են ուզում` այսպես խույս տալով անվճար վիրահատությունից և վատթարացնելով հիվանդի վիճակը…

Հազիվ թե նախարար-սեփականատերը չիմանա, թե ինչ է կատարվում այս բժշկական կենտրոնում: Ի՞նչ է, չի՞ կարող ստուգել, թե ինչպես է կատարվում իր հրամանը: Բայց երևի հրամանն արձակել է հիվանդի հարազատներին գոհացնելու համար, իսկ հիվանդանոցի տնօրենին «հանձնարարել» տարբեր պատճառաբանություններով մերժել վիրահատությունը: Ինչ իմաստ ունի հսկայական գումարներ ծախսել մի հիվանդի վրա, որի վիճակն օրավուր բարդանում է...