«ՇԱՏԵՐԸ ՊԻՏԻ ԳԱՆ Մ ԱՆՈՒՆՈՎ»


 

«Քամին ուր ուզում է` փչում է...»

Լոնդոնաբնակ ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին մտադիր է ստեղծել նոր կուսակցություն, որի հիմքում քրիստոնեական և ժողովրդական արժեքներն են լինելու: Ընդ որում` նա հարկ չի համարում կուսակցությունը գրանցել Ռուսաստանում:

Կարծես թե արտառոց ոչինչ չկա, բացի մի երկու «փոքրիկ մանրամասնից»:

- Ես առաջարկում եմ մեր կուսակցությունն անվանել «Ռուսաստանի Քրիստոնեա-դեմոկրատական հեղափոխական կուսակցություն» կամ «Հարության կուսակցություն»,- իր «Կենդանի հանդես» կայքում գրել է Բերեզովսկին:- Քրիստոնեական` որովհետև մեր գաղափարախոսության հիմքը սերն ու ազատությունն են: Դեմոկրատական` որովհետև միայն ժողովրդավարական քաղաքական համակարգը կարող է Ռուսաստանում ապահովել մեր գաղափարախոսության իրականացումը: Հեղափոխական` որովհետև հեթանոսությունը քրիստոնեությամբ փոխարինելը հեղափոխություն էր: «Հարության կուսակցություն»` որովհետև մենք կուսակցության ծնունդը կհայտարարենք Քրիստոսի Հարության օրը` ապրիլի 15-ին:

Երկրորդ տարբերակն, ինչպես ասում են` նախասիրության խնդիր է, թեև քաղուժից ուրիշի հանդեպ քրիստոնեական սեր ակնկալելը անհնարինության չափ դժվար է: Մարդկանց մեղքերը սեփական արյամբ քավելու արդյունքն է սուրբ Հարությունը. քաղաքական մրցակցությունը, ավելին` գործարարությունը թույլ կտա՞ն սեփական ունեցվածքը բաժանել ընչազուրկներին և ուսել սեփական խաչը: Հազի´վ թե: Բայց դառնանք առաջին տարբերակին. «Ռուսաստանի քրիստոնեա-դեմոկրատական հեղափոխական» բառակապակցությունն ինքնին «անկապ» է թվում: Նախ, Ռուսաստանի ՔԴՀԿ-ն Ռուսաստանում չգրանցելը: Ապա` որքանով են հարիր Քրիստոնեությունն ու հեղափոխությունը...

Մենք չդատենք, սակայն: Մոսկվայի պատրիարքարանն արդեն արձագանքել է այս նախաձեռնությանը: Եկեղեցու և հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի պետ, ավագ երեց Վսեվոլոդ Չապլինը «հուշել» է, որ Բ. Բերեզովսկին հաջողություն կունենա` հակաքրիստոսի կուսակցություն ստեղծելով:

- Նա կարող է հակաքրիստոսի կուսակցություն ստեղծել և նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել այդ պաշտոնում: Ենթադրում եմ, որ նրա գործերն ու խոսքերը` եթե դրանց նայենք քրիստոնեական բարոյականության դիրքերից, դրա համար հրաշալի շանս են տալիս: Նույնիսկ նրա ներկայիս դատողությունները լիովին համահունչ են Հովհաննու Հայտնության գազանի նկարագրության շատ մարգարեություններին: