«Հարց լուծողի» որոգայթում


 

ջՄեր օրերում նորահայտ «մասնագետի» մի տեսակ կա, որ կոչվում է հարց լուծող: Այդպիսիների համար էական նշանակություն ունի հերթական դյուրահավատի մոտ հույժ կարևոր մարդու տպավորություն գործելը, ինչի համար երբեմն առանձնակի ջանք չի պահանջվում` հարդարված աշխատասենյակ, կոստյում, փողկապ, դեմքի լուրջ արտահայտություն: Մեկումեջ կարելի է հայտնի պաշտոնյաների անուններ օգտագործել, և միամիտը խայծը կուլ կտա: Վերջում անբարեխիղճ հարց լուծողը ամբողջությամբ կյուրացնի հարցը լուծելու համար քաղաքացու տված գումարը: Ասենք` դա այնքան էլ վերջը չէ. ոստիկանները վերջում լուծում են հարց լուծողի հարցերը: Ահա, համանման մի դեպքի էլ բախվեցին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները:

Օրերս մի քաղաքացուհի երկարատև սպասումներից հետո համոզվելով, որ չարաչար խաբվել է, ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ Հայկ անունով 50-ամյա մի տղամարդ, ում հետ բոլորովին այլ հարցով ծանոթացել էր «օֆիսներից» մեկում, խաբել է իրեն: Ըստ կնոջ պատմածի` ծանոթությունից որոշ ժամանակ անց նույն տղամարդը եկել է իրենց տուն ու այդ անգամ էլ ներկայանալով որպես «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի աշխատակից և չարաշահելով նրա վստահությունը` առաջարկել է հիպոթեքային վարկ ձևակերպել: Այդ «լավության» համար նախապես վերցրել է 700 ԱՄՆ դոլար, սակայն վարկ չի ձևակերպել և յուրացրել է գումարը:

Ոստիկանները կնոջը հավաստիացրել են, որ նա ակնհայտորեն հայտնվել է «հարց լուծողի» որոգայթում, հորդորել են հետայսու զգուշանալ զանազան «օֆիսներում» բազմած նմանատիպ ինքնակոչներից, հավատ չընծայել նրանց խոսքին և խոստացել են հայտնաբերել իրենից գումար շորթած խարդախին: