Զուգընկեր, այլ ոչ` «ամուսին և կին»


 

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են պաշտոնական փաստաթղթերում «ամուսին և կին» բառակապակցությունը փոխարինել «չեզոք բառերով` «ամուսիններ», «զուգընկերներ» (տեղեկացրել է TelegrΖΘh-ը): Նրանք գտնում են, որ որոշ իրավիճակներում զուգընկերների համար անընդունելի է «ամուսին և կին» արտահայտությունը:

Մարգարե, նույնիսկ սովորական գուշակ լինել պետք չէ` հասկանալու դրա պատճառը կամ նպատակը. միասեռականների ամուսնությունը պաշտոնականացնելը: Կարելի է կարծել, թե նույն սեռի տղամարդկանց կամ կանանց միությունը կարող էր «տուժել» «կին-ամուսին» բառակապակցությունից: Սակայն նրանց համար դա´ չէ էականը. պարզապես հերթական առիթն են գտել` իրենց խեղվածության թեման արծարծելու և, իհարկե, իրենց շարքերը ստվարացնելու:

Տարօրինակ բան է կատարվում աշխարհում. ցանկացած փոքրամասնության (սեռական, կրոնական, ռասայական) իրավունքների, նրանց դեմ ճնշումների դեմ այնքա˜ն է խոսվել ու խոսվում, որ չհասցրեցինք զգալ, թե ինչպես հենց նրանք են ճնշում մեծամասնությանը: Ճնշում են` մեղադրելով ու պահանջելով հաշվի նստել իրենց հետ, կատարել իրենց ցանկությունները, որովհետև իրենք փոք-րա-մաս-նու-թյո˜ւն են: Այս պարագայում նույնիսկ թույլ չեն տալիս հակադարձել, թե ախր դուք շեղվա˜ծ եք:

Ի դեպ, ռուսական փոքրամասնություններին աջակցող շարժման ակտիվիստները (նրանք քիչ են` դեռ աջակիցներ էլ ունեն, իրենց խեղումների հատուկ պաշտպաննե˜ր ունեն) պահանջում են փոփոխություն կատարել նաև ամուսնալուծության կարգի մասին օրենքում:

Բայց սա չէ բոլորը: Թերթը հիմքեր ունի կարծելու, որ չի բացառվում նաև «մայր և հայր» բառակցության արգելանքը` պաշտոնական փաստաթղթերում:

Եվրոպայում «նրբանկատությունից» ուշաթափվում են վաղուց: Օրինակ 2009 թվականին Եվրախորհրդում արգելվեց «միսս» և «միսիս» դիմելաձևերը, որովհետև դրանք կարող էին վիրավորել կանանց արժանապատվությունը: Հետաքրքիր է` կի՞նը կվիրավորվեր «օրիորդ» դիմելաձևից, թե՞ օրիորդը` «տիկին» կոչվելուց: Երևի կանանց համար էր վիրավորական «օրիորդ» բառը, որովհետև այս տարի Ֆրանսիայում արգելվել է օգտագործել «օրիորդ» դիմելաձևը: