ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ


 

Համամասնական ցուցակներն օրավուր նոր անակնկալներ ու նոր բացահայտումներ են անում, պարզում են կուսակցությունների կուլիսներում առկա խմորումները: Ինտրիգներից հետ չի մնացել նաև ՀՅԴ-ն, որի ցուցակն արդեն իսկ բազմաթիվ հարցականներ է ծնել: Կուսակցության ամենաակտիվ պատգամավորը, ով ակնհայտորեն ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել` Լիլիթ Գալստյանը, պարզվում է, հայտնվել է երրորդ տասնյակում: Այսինքն մի տեղում, որը նրան հնարավորություն չի տալու մուտք գործելու խորհրդարան` եթե Դաշնակցությանը հաջողվի հաղթահարել 5 տոկոսի արգելքը: Լիլիթ Գալստյանի հանդեպ նման վերաբերմունքը հավանաբար արդյունք է այն իրողության, որ շատ հաճախ արտահայտելով իր կարծիքն ու դիրքորոշումները` պատգամավորը «առաջ է անցել» իր ընկերներից, ովքեր ընդդիմադիր հռչակվելով` շարունակում են տեղ որոնել իշխանությունների շվաքի տակ: Երևի ՀՅԴ-ին հանձնարարել են ամեն ինչ անել, որպեսզի քաղաքագիտության դոկտորը չդառնա պատգամավոր` այսպիսով բացահայտելով Դաշնակցության ընդդիմադիր իմիտացիան: Իսկ որ իմիտացիան միշտ եղել է` կասկած չկա, քանի որ Դաշնակցությունը երբեք էլ զերծ չի մնացել ներիշխանական խաղերից: Հենց այս պատճառով էլ լուրջ խզումներ են առաջացել Հայաստանի և Սփյուռքի կառույցների միջև. Սփյուռքի ՀՅԴ-ն մերժում է հայաստանյան շատ գործիչների և նրանց կեցվածքը: