Եթե ուզում ես երջանիկ լինել, սպասիր մինչև ծերություն


 

Բրիտանացի հետազոտողները հետաքրքիր կապ են հայտնաբերել տարիքի և հոգեբանական վիճակի միջև: Ուսումնասիրելով շուրջ 10 հազար մարդկանց կյանքի փորձը` եզրակացրել են, որ կյանքի 4-րդ տասնամյակը բոլորելուց հետո մարդիկ ավելի երջանիկ են լինում, քան երիտասարդ տարիքում: Հետազոտվողների` այսպես կոչված «կյանքի որակը» գնահատվել է 8 հիմնական չափանիշներով` հաշվի առնելով ընդհանուր առողջական վիճակը, գանգատների բացակայությունը, սոցիալական կյանքը և հոգեկան առողջությունը: Հետազոտությունները հաստատել են, որ երջանկության զգացողությունը նման է պարաբոլայի (կոնագիծ): Հասնելով իր մինիմալ կետին, որը համապատասխանում է կյանքի 45-րդ տարվան, սկսում է աճել` ծերացմանը զուգընթաց: Ոմանց կարծիքով սակայն հայտնագործությունն ամենևին էլ անսպասելի չէր, քանի որ տարիքի աճին զուգընթաց` մարդիկ ավելի սթափ հայացքով են նայում կյանքի տարբեր իրավիճակներին ու հանգամանքներին: Ի տարբերություն երիտասարդների` մեծահասակներն ունեն «պաշտպանական մեխանիզմներ», որոնք օգնում են պայքարել դժվարությունների և տհաճությունների դեմ: Դա միգուցե պայմանավորված է նաև նրանով, որ համեմատաբար ավելի քիչ են նաև սպասելիքները, ինչով պայմանավորված` սթրեսները ևս նվազում են: Գիտնականները համոզված են, որ հասուն տարիքում ավելի քիչ են ինքնախարազանման, ինքնաքննադատության դեպքերը, ինչը դառնում է երիտասարդների վատ տրամադրության ու ընկճվածության հիմնական պատճառը: Երջանկության հիմքերից մեկը հանգիստ քունն է: Հետազոտությունները հաստատել են, որ կյանքի նկատմամբ ավելի դրական են տրամադրված այն մարդիկ, ովքեր քնում են առնվազն 6-8 ժամ: Քնին ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ տրամադրող մարդիկ ֆիզիկապես և հոգեպես ավելի խոցելի են:

Գիտնականների տեսակետը կիսել են նաև հոգեբանները: Պրոֆեսոր Լորա Կարտենսենը համոզված է` եթե ուզում ես երջանիկ լինել, սպասիր մինչև ծերություն, քանի որ ծերանալով` մենք ապրում ենք ներկայով, ավելի լավ ենք գիտակցում, որ ժամանակը հոսում է, այդ պատճառով սկսում ենք արժևորել և ավելի մեծ նշանակություն տալ այն ամենին, ինչ դեռ ունենք: