ԽՈՍՔԱԹԵՐԱՊԻԱ

Հումոր


 

- Պարզվում է, որ խնամիս` Օֆիկը, մարդկային գանգով ջուր է խմել:

- Իսկապե՞ս, նման բան թե լսել եմ` ինչ ուզում ես ասա:

- Ականջներովս լսեցի. պարծենում էր:

- Իսկ չիմացվե՞ց պատճառը:

- Ասում էր` պետք էր, խմել եմ:

- Կարո՞ղ է խնամուդ նախնիները մոգական մտածողության տեր մարդիկ են եղել, հավատացել են թուղթ ու գրին, վախին, թիզ չափելուն, մոմ թափելուն, հոգեկանչին... Գուգուշ, տեսնես էս դարում էլ էդպիսի մարդիկ կա՞ն, թե՞ միայն քո խնամին է:

- Դե որ էդպիսի մեկը կա, նմաններն էլի կլինեն: Գուշակի ասելով նա նյարդային ցնցումներ է տարել: Խմել է, որ վախն անցնի:

- Դու գիտես, որ իմ աղջիկ Լուսիկը Օֆոյի հարսն է: Ահա թե ինչ պատմեց մի օր.

- Մի անգամ, երբ ճաշում էինք, 1,5 տարեկան աղջիկս` Էլենը, մատերը հանկարծ կաթի բաժակը մտցրեց: Ես բաժակը մի կողմ դրեցի: Սկեսուրս անգղի պես վրա հասավ և անհեթեթ վեճ սկսեց. «Ես չեմ սիրում, երբ երեխան այդպիսի բաներ է անում, մի թույլ տուր, ասա` չի կարելի: Որ չհասկանա` ականջները քաշի, մի լավ դաս տուր, որ էլ չանի»: Ես ոչինչ չասացի, բայց նա իրենը շարունակեց. «Ախչի Լուսո, ինչո՞ւ չես մեր մեծ հարսի` Լիլոյի սենյակն էլ մաքրում»:

- Մամ, էդքան նրա սենյակը մաքրել եմ, ինքը մի անգամ իմի փոշին սրբե՞լ է:

- Դու թազա հարս ես, պիտի հնին ղուրբան ըլես: Ամեն մարդ ոտն իր վերմակի չափով պիտի մեկնի:

Ես ասի` իմ ոտն ի՞նչ գործ ունի նրա սենյակում, դա ո՞ր օրենքով անեմ` չգիտեմ: Հանկարծ մի բան կորչի` շառն ինձ վրա գցեն, ճիշտ չե՞մ ասում:

Ըստեղ Օֆոն ձեռքը դրեց չեղած խղճին ու կտրուկ հրաման արձակեց.

- Ո՞նց թե. ի´մ օրենքով, մեր տան դրվածքը ըտենց ա, ընենց որ, իմ մարդս` Մառլենս, բանակում է ծառայում, իրա անունից ես կարամ ասեմ` սմիռնա: Չգիտե՞ս` էս տան հրամանատարը ես եմ: Սմիռնա` գնա կուխնին մաքրի:

- Նոր եմ մաքրել:

- Չեն վիճում, մաքրել ես` հիմա էլ պլպլացրու... Ամանների շրխկոց-մրխկոց չլսեմ: Ճաշը փայտի շերեփով կխառնես, ես հիվանդ կնիկ եմ, զահլես գնում ա: Իմ սերիալ նայելու ժամանակ էլ երեխիդ լացի ձենը, թնկթնկոցը չլսեմ:

Թե որտեղից էր իմացել` հղի եմ, կապը կտրեց` կապտեց.

- Ինչո՞ւ չես Լիլոյին ասել:

- Ինչո՞ւ պիտի ասեի:

- Ինչքան չլինի քո խելոք տեգրակինն ա, իմ հրամանով է իր հղիությունը փոզմիշ արել: Մեր 4-5 սենյակ դարձրած կվարտիրայում տեղ չկա, որ էդքան երեխա բերեք: Որտե՞ղ պիտի ապրեն, էդքանին ո՞վ պիտի կերակրի: Տղերքս էդքանին ո՞նց ուտելիք ճարեն, որ զխտկվեն... Խեղճ պետությունը ձեր ձեռքից կրակը կընկնի: Դրանց ճղճղան ձեներից մի գլուխ ունեմ` էն էլ կտանեն եսիմ ուր:

***

Ինձ համոզելու համար հյուր գնացի` աղջկաս ու թոռանս տեսնելու: Տուն մտա` տեսնեմ աղջիկս լաց է լինում: Սկսեցի թոռանս օրորել, որ Լուսոյիս հոգսը թեթևացնեմ: Երևի երեխայի լացի ձայնը ստիպեց Օֆոյին մոտենար օրորոցին: Չպարզեցի` խղճի խայթից էր, թե՞ ամոթից:

Երբ խնամիս օրորվելով օրորոցին էր մոտենում` զգացի ինչ-որ տարօրինակություն, որը, հավանաբար, վախի հետևանք էր: Գուցե վախի՞ց է, որ դանակը ձեռքն է առնում` հարձակվելու, հարկ եղած դեպքում էլ պաշտպանվելու համար: Երկու դեպքում էլ վախն առկա է: Գանգով ջուր էլ խմեց ֆոբիա-վախի դեմ, բայց երբևէ վրան չազդեց:

- Գուցե կնոջ գանգ է եղել, հակառակ սեռի լիներ, երևի օգնե՞ր:

- Խնամիս մոգական մտածողության` գրբաց-գուշակների կուրսն անցել է: Մինչև անգամ Նարեկ են դրել գլխի տակ, դարձյալ գլուխը չի մտել, որ պիտի բուժվի:

- Չի էլ բուժվի: Մարդը պիտի օժտված լինի բարի կամեցողությամբ, ազնվությամբ, դրական հատկանիշներով: Հայտնի է, որ Տիբեթում ամիսներ շարունակ, մեծ ջանքերի շնորհիվ բժիշկները հիվանդներին դարձնում են բարի, որ դյուրին լինի ինքնաբուժումը:

- Հորիզոն, ի՞նչ ես կարծում, մեր Օֆոն կբուժվի՞, թե՞ անվերջ օֆ-օֆ անելով օֆ կանի:

- Մեր հիվանդը կառողջանա այն դեպքում, երբ մենք, իրեն շրջապատող մարդիկ հարազատորեն վարվենք` անտեսելով նրա ծայրահեղությունները, գնանք փոխհամաձայնության, ասենք. «Գեղեցկուհի Օֆելյա, դու իսկական հայ տիկին ես, ամբողջ ընտանիքի հույսը դու ես, խոհանոցի զարդն ես, հիանալի երեխաներ ես դաստիարակել, դու հրաշք ես... Եվ նման բուժիչ խոսքաթերապիա: Մի խոսքով այն «դեղահաբերը», որով Տիբեթի բժիշկները համբերատարությամբ բուժել և բուժում են հազարավոր հիվանդների:

Իսկ ով չի կարող գնալ Տիբեթ, թող այդ մեթոդը մեզանում կիրառի, վերհիշելով մեր պատմիչ Եղիշեի իմաստուն խորհուրդը. «Բոլոր առաքինություններից գլխավորը համբերությունն է»:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ