Չուշացող մեկնաբանություն


 

Արդեն հայտնի է դարձել, որ պաշտոնանկ է արվել Արմավիրի մարզի դատախազ Դավիթ Բարոյանը: Պաշտոնանկության պատճառը գիշերային ակումբներից մեկում նրա թույլ տված դատախազին ոչ վայել պահվածքն է: Նա ալկոհոլի ազդեցության տակ մերկացել է, մոտեցել ձողին ու սկսել պարել, միաժամանակ թույլ տալով ոչ վայելուչ արտահայտություններ:

Չուշացող մեկնաբանություն

Մեր դատախազությունը շատ օպերատիվ է արձագանքել կատարվածին` երևի հասկանալով, որ մերկապարող դատախազը կարող էր շատ առաջ գնալ, անգամ նետվել այցելուներից մեկի գիրկն ու մարմնավաճառությամբ էլ զբաղվել ալկոհոլի ավերիչ ազդեցությամբ:

Բարեբախտաբար, այս մերկացող դատախազն այլևս հանդես չի գա որպես արդարադատության պաշտպան և չի վճռի ուրիշների ճակատագրերը:

Սակայն մեր մտահոգությունը միայն Դավիթ Բարոյանի հետ կատարվածը չէ, քանի որ մեր ունեցած տեղեկություններով` սա միակ դեպքը չէ, երբ դատախազության ու դատարանների ներկայացուցիչներն իրենց անվայել են պահում հանրային վայրերում, ամենաթողությունը դարձրած պատվար` արհամարհում են ուրիշների իրավունքները, ոտնձգություններ կատարում: Մեզ մտահոգում է այն, որ հատկապես այս երկու կառույցների ներկայացուցիչներից շատերի անբարո վարքագծերը հաճախ պարտակվում են, սքողվում տարբեր պատճառաբանություններով, չեն հարուցվում գործեր, պատիժ չի կիրառվում: Արդյունքում` նրանք դառնում են անկառավարելի, իրենց բարձր դասում բոլորից, ապրում ցոփ ու շվայտ կենցաղով` «թքած ունենալով» բարեկրթության և օրինականության վրա:

Հանրությունը շատ վաղուց է վարժվել նման փաստերի, հանրությունը շատ վաղուց այլևս չի զարմանում և չի զայրանում, որովհետև գիտի, որ դատախազությունն ու դատարանները կարողանում են դյուրությամբ թաքցնել իրենց արատները` օրենքը ողջ դաժանությամբ կիրառելով անպաշտպանների նկատմամբ:

Հիմա, իհարկե, կարելի էր զարմանալ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն արագորեն արձագանքել և դատախազությունից հեռացրել է Դավիթ Բարոյանին, սակայն հազիվ թե նման արագ լուծում լիներ, եթե թերթերից մեկն անանուն նամակ չստանար: Հասկանալի է, որ դատախազությունը նաև վախեցել է, որ նամակով կարող էր զբաղվել ոստիկանությունը և բացահայտել կատարվածը:

Երանի նման արագությամբ և օպերատիվությամբ դատախազությունն իր շարքերից հեռացներ նաև օրենքն իրենց հպատակեցնողներին, քրեական գործեր «սարքողներին», ճշմարտությունը գլխիվայր շրջողներին, այն դատախազներին, ովքեր իրենց «համեստ աշխատավարձերով» կարողացել են դառնալ հզոր մրցակիցներ ամենահարուստ օլիգարխներին...

Լ.Մ.