ԵԹԵ ՃՆՇԵԼ, ԱՊԱ ՄԻԱՅՆ` ԼԱՎԸ ՎԱՏԻՆ


 

Որքան էլ մեկնարկը տրված է վաղուց, և համակարգը գործում է նորոգված սկզբունքայնությամբ, այդուհանդերձ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է աշխատանքային հանդիպումները համակարգի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

 

Վետերանների հպարտությունը վերականգնելու համար

Անցյալ ուրբաթ մասնակցելով ոստիկանության վետերանների խորհրդի հաշվետու ժողովին, ՀՀ ոստիկանության պետն իր ելույթում բարձր գնահատեց նրանց անցած ուղին: Կարևորելով համակարգի վետերանների դերը հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անհրաժեշտ է վետերանների ուժերն օգտագործել նաև այսօր, երբ դրված է ոստիկանության աշխատանքի արմատական փոփոխության և, հատկապես, կառույցի հանդեպ հանրային վստահութ յան ամրապնդման գերխնդիրը.

- Դուք պետք է լինեք մեր դիվանագետները, մենք պարտավոր ենք ձեր համար անել այն, ինչ չեն արել ուրիշները: Դուք երբեք անտեսված չեք մնալու, մենք ձեզ շարք ենք վերադարձնելու:

Ոստիկանության պետն ընդգծել է, որ այսուհետ կիրառվելու են «Ոստիկանության վետերան»-ի վկայականներ, ինչը ոչ թե լինելու է խորհրդանշական, այլ իր հրամանով գործառութային փոփոխություններ են կատարվելու.

- Վետերանները համայնքներում սերտորեն կհամագործակցեն ոստիկանական ստորաբաժանումների հետ, կմասնակցեն բնակչության հետ տարվող աշխատանքին: Իսկ այդ աշխատանքը պետք է ունենա դաստիարակչական և, ամենակարևորը, կանխարգելիչ բնույթ:

Վլադիմիր Գասպարյանը կարևոր է համարում, որ վետերանները մասնակցեն նաև օպերատիվ աշխատանքներին` երիտասարդ գործընկերներին օգնելով իրենց հարուստ փորձով ու իմացությամբ: Ավելին, հանցագործությունների բացահայտմանն ակտիվորեն մասնակցողները ոստիկանության ղեկավարության կողմից կարժանանան համարժեք խրախուսանքի:

Բնականաբար` ինքնանպատակ չէր նաև Ոստիկանության պետի հանձնարարականը` վետերան ոստիկանների, Արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված զինակիցների ընտանիքների խնդիրներն ուսումնասիրելու և հիմնահարցերը լուծելու ուղղությամբ կարճ ժամկետում ծրագիր ներկայացնելու:

- Ես իմ գործընկերների հետ անելու եմ ամեն ինչ` ձեր հպարտությունը վերականգնելու համար: Թող Աստված օրհնի ձեզ: Մենք ունենք ձեր, իսկ դուք` մեր աջակցության կարիքը: Մենք պետք է փոխլրացնենք միմյանց,- վետերաններին հավաստիացրել է ոստիկանության պետը:

«Ձեր ձեռքին են և´ օրհնանքը, և´ անեծքը.  դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք»

Հանդիպելով հանցագործությունների բացահայտման առավել բարձր ցուցանիշներ արձանագրած քրեական հետախույզների հետ և հավաստելով, որ արդյունավետ աշխատանքը միշտ էլ արժանանալու է գնահատման` Վլադիմիր Գասպարյանը չէր կարող չանդրադառնալ նաև ոլորտում առկա թերություններին: Խոսելով հանցագործությունները թաքցնելու արատավոր պրակտիկայի մասին` ոստիկանության պետը նշել է.

- Ես արգելում եմ թաքցնել, քողարկել հանցագործությունները: Ես գտնում եմ, որ երբ թաքցնում են հանցագործությունը, ոստիկանին տանում են անգործութ յան... իսկ վերջին ամիսների ձեր աշխատանքը ցույց տվեց, որ երբ աշխատում եք ղեկավարության քաջալերանքով, հավատով և տքնաջան, ապա բացահայտվում են նաև նախկինում կատարված հանցագործությունները:

Քրեական հետախույզներից ավելի ակտիվ ու պրոֆեսիոնալ աշխատանք պահանջելով` ոստիկանության պետն ընդգծել է.

- Իրացրեք ձեր լիազորությունները, դուք հսկայական ուժ եք, պետության հավատն ու թիկունքը: Դուք պիտի լինեք անողոք` հանցագործների նկատմամբ, իսկ մնացած իրավիճակներում` շատ ավելի մարդասեր, քան մյուսները: Ես գիտեմ, լավ աշխատանքը երբեմն չի գնահատվում, բայց քարկոծվում են սայթաքում ները: Ձեր ձեռքին են և´ օրհնանքը, և´ անեծքը. դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք: Ես ուզում եմ, որ լավ տեսակը ճնշի վատին: Ես պահանջում եմ, որ անողոք պայքար մղեք հանցավորության դեմ, նրանց դեմ, ովքեր մեզ վարկաբեկում են:

Փաստելով, որ ներկա պայմաններում արագորեն փոխվում են մարդկանց աշխարհընկալումն ու պահանջները, Վլադիմիր Գասպարյանը շեշտում է, որ այսօրվա քրեական հետախույզը պետք է օժտված լինի վերլուծական մտածողությամբ, տիրապետի մասնագիտության բոլոր նրբություններին, կարողանա արագ ու համարժեք արձագանքել իրադարձություններին.

- Վերջին օրերին մեծ աղմուկ հանած` Մաշտոցի պողոտային հարող այգու օրինակը բերեմ: Խնդիրն ինչո՞ւմ է կայանում. պետք է կարողանանք էմոցիաների դաշտից տեղափոխվել օրենքի դաշտ: Ոստիկանությունը կոչված է ապահովելու հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, և պարտավոր է այդ ուղղությամբ անվարան ու համարժեք միջոցներ ձեռնարկել: