Ժիրինովսկու վստահորդը
Եվ նա ոչ այլ ոք է, քան իր հեռուստամոգություններով հռչակված Անատոլի Կաշպիրովսկին:
Անցյալ ուրբաթ ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու 17 վստահյալ անձանց: Նրանց շարքում է հոգեթերապևտը (տեղեկացրել է «ՌԻԱ «Նովոստի»-ն): Այդպիսով` Ժիրինովսկին հիմա արդեն 227 վստահորդ ունի: Նրանց քանակը կարող է մեծանալ մինչև 600 մարդ, ովքեր ներկայացնելու են նախագահացուի ծրագիրը և քարոզելու, հորդորելու են քվեարկել նրա օգտին: Վստահյալներն ընտրության օրը դիտորդի կարգավիճակով կարող են նաև գտնվել ընտրական տեղամասերում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 4-ին: Պետության թիվ 1 իշխանավորի թեկնածուներ են գրանցված Վլադիմիր Պուտինը («Եդինայա Ռոսիա»), կոմունիստ Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը («Սպրավեդլիվայա Ռոսիա»), ինքնաառաջադրված միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը և, իհարկե, Վլադիմիր Ժիրինովսկին: