ՀՈՒՇԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՎԵՐՋՆԱԳԻՐ


 

«Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության` օրերս տարածած հայտարարությունը չնայած անտեսվել է, սակայն նրանց հրապարակած հուշագիր կոչվածն ավելի շատ վերջնագիր է հիշեցնում ու տվյալ դեպքում այն ուղղված է առաջատար քաղուժերին: Այստեղ և´ ակնարկ կա ԱԺ առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ, և´ պատրաստակամություն` համապատասխան առաջարկի դեպքում ավելի խոշոր քաղուժի ձևավորվելիք դաշինքում ընդգրկվելու:

Ի դեպ, քաղաքական երկնակամարի տակ այդպես էլ իր տեղը չգտնող և որոնումների նոր շրջապտույտում հայտնված ԺԱԿ-ի հայտարարությունը ստորագրել են ավելի քան տասը միանգամայն անհայտ հասարակական կազմակերպություններ` թերևս ձգտելով հուշագիրն ավելի տպավորիչ, իսկ ԺԱԿ-ին` ազդեցիկ ներկայացնել:

Թե ինչպիսի ընդունելության կարժանանա այս առաջարկը քաղուժերի շրջանում` առաջիկայում կերևա: Այսուհանդերձ, արդեն հայտնի է այս կուսակցության ղեկավարի անելիքը մեծամասնականով առաջադրվելու առումով: Սպարտակ Մելիքյանն առաջադրվելու է 23-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Ճամբարակ, Վարդենիս և Սևան քաղաքները, ինչպես նաև նշված տարածաշրջանի հինգ տասնյակ գյուղական համայնք: Սպարտակը հատկապես փոքր գյուղերի հետ է մեծ հույսեր կապում, քանի որ դրանք մեծամասամբ բնակեցված են փախստականներով, և ծնունդով գարդմանցի Մելիքյանը կարծում է, որ իր հայրենակիցներն իր օգտին կքվեարկեն:

Պակաս ուշագրավ չէ, որ վերընտրվելու իր շանսերը 100 տոկոսանոց է գնահատում նաև թիվ 23-ի գործող պատգամավոր ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը` «Մոթելի Հրանտը»: