Ղարաբաղյան շարժումը 20 տարեկան է


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀՀ նախագահ Հարգելի հայրենակիցներ, Այսօր հիշարժան օր է` Ղարաբաղյան շարժման մեկնարկի 20-ամյա տարեդարձը: Այդ շարժումն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլն է, որով նշանավորվեց մեր ազգային զարթոնքը: Ղարաբաղյան շարժումը խաղաղ եւ օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային-ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի: Արցախյան ազատամարտը տվեց բազմաթիվ հերոսներ եւ պահանջեց անդառնալի զոհեր: Սակայն այն նաեւ կոփեց մեր ժողովրդի կամքն ու խորացրեց անկախության այլընտրանքի բացակայության համոզմունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլեւս ոչ միայն ազգային ինքնության պահպանման միջոց է, այլեւ` սեփական հողում խաղաղ զարգանալու միակ իրական երաշխիքը: Շարժման հասակակիցների սերնդին անծանոթ է անկախությունից տարբերվող որեւէ այլ կարգավիճակ: Պետական շինարարության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արձանագրել է լուրջ նվաճումներ: Դրանք են եւ° պետական կառույցների կայացածությունը, եւ° ժողովրդավարության ամրապնդումը, եւ° տնտեսության աճն ու արդյունավետությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ` իմ անկեղծ երախտիքն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արել եւ անում են ամեն բան Արցախի առաջընթացի համար: Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ նորանոր նվաճումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական շինարարության մեջ:- ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ՀՀ ԱԺ նախագահ Սիրելի հայրենակիցներ Արդեն 20 տարի է անցել այն օրից` ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնեց ի պաշտպանություն իր ազգային-ազատագրական պայքարի: 20 տարի անց մենք կարող ենք վստահորեն արձանագրել, որ համազգային դարձած այդ պայքարը պսակվել է հաջողությամբ, որի վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն է: Այսօր խոնարհումով ու երախտագիտությամբ պիտի հիշենք այն հազարավոր հայորդիներին, ովքեր հայրենիքի առաջին իսկ կոչով զենք վերցրին` պաշտպանելու մեր արդար պայքարը և իրենց կյանքի գնով մոտեցրին բոլորիս հաղթանակը: Արցախյան ազատամարտը դարձավ անկախ Հայաստանի պատմության անքակտելի մասը: Հայկական երկու պետությունների գոյությունը այլևս փաստ է, որի հետ աշխարհը հաշվի չնստել չի կարող և, վստահաբար, հեռու չէ այն օրը, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ յունը կճանաչվի այլ պետությունների կողմից: Շնորհավորում եմ բոլորիս` մեր արդար պայքարի 20-ամյա տարեդարձի առիթով ու ուզում եմ վստահությունս հայտնել, որ հաջորդ 20 տարին լինելու է բարեկեցության ու անշեղ առաջընթացի, սիրո ու համերաշխության ժամանակ»: