2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սարգսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ և արդար ընտրություններում Ձեզ ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է: Հայաստանի տնտեսության աճի տեմպերի պահպանումը, աղքատության հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և վերջնական կարգավորումը Ձեր առջև ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են: Վստահ եմ, որ Դուք Ձեր բոլոր գիտելիքներն ու հմտությունները ներդնելու եք այդ նպատակների իրականացման գործում: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ և հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանը օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, եռանդ և ուժ` պետության բարձրագույն պաշտոնում ժողովրդին Ձեր ծառայությունները մատուցելու համար: Ամենաջերմ բարեկամական մաղթանքներով` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ