Ինչպես փաստում է փոխոստիկանապետը


ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը` փետրվարի 19-ին, ոստիկանությունում ստացվել է 30 ահազանգ ընտրախախտումների կամ ընտրակեղծիքների վերաբերյալ: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ փետրվարի 20-ի հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նշվեց, որ 30 ահազանգերից 7-ը չի հիմնավորվել: Առաջին փոխոստիկանապետը հավաստիացրեց, որ հիմնականում ոստիկանությունը կարողացել է իրականացնել իր գործունեությունը` օրենքի շրջանակներում ապահովելով հասարակական կարգի պահպանումը, ինչպես նաեւ ընտրական հանձնաձողովների բնականոն աշխատանքը: Նա հայտնեց, որ ոստիկանպետի կողմից հանձնարարվել է հետաքննության հետ զուգահեռ ուսումնասիրել տվյալ տեղամասում գտնվող ոստիկանների գործողությունների օրինականության հարցը: Ա. Մահտեսյանը նշեց, որ շատ է շահարկվում թիվ 9 ձեւի տեղեկանք տալու միջոցով ընտրակեղծիքներ կատարելու հարցը: Ըստ նրա, դա գրեթե բացառվում է, որովհետեւ տեղեկանքը պարունակում է անձնագրային տվյալներ, լուսանկար` անձնագրային բաժնի կնիքով: Շահարկվում է նաեւ այն, որ ոստիկանության տեղեկանքների հիման վրա ընտրացուցակներից դուրս մնացած անձինք կարող էին քվեարկել թե° հիմնական, եւ թե° լրացուցիչ ցուցակներով: Ա.Մահտեսյանի պարզաբանմամբ, դա եւս բացառվում է, քանի որ հին բնակության վայրի անձնագրային բաժնում հաշվառումից դուրս եկած քաղաքացիներին չէր տրվում տեղեկանք, իսկ դատարաններում մինչեւ որոշում կայացնելը պահանջվում էր տեղեկանք ոստիկանությունից մշտական հաշվառման վայրից դուրս գրվելու մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը հայտնեց, որ 264 քաղաքացիներ իրենց ընտրելու իրավունքը վերականգնել են անձնագրային բաժինների միջոցով, 49-ը` դատական կարգով, 1330 քաղաքացի ստացել է թիվ 9 ձեւի տեղեկանք: Նոյյան Տապան