Բնական մահ` անբնական պատճառներով


Ավյունով լեցուն 52-ամյա գործարարի և քաղաքական գործչի հանկարծահաս մահը տարօրինակ է թվում շատերին: Մերձավորների հավաստմամբ` նա երբեք սրտից գանգատներ չի ունեցել. ավելին, սեփական առողջությամբ մարդ է եղել: Ընդամենը հունվար ամսին նա հավակնում էր Վրաստանի նախագահի աթոռին` մրցահրավեր նետելով Սահակաշվիլիին: Բազմաթիվ ծրագրեր ու մտահղացումներ ուներ: Առողջական խնդիրներ ունենալու դեպքում էլ` նրան պատրաստ էին ծառայություն մատուցել աշխարհի լավագույն բժիշկները: Բայց, ա°յ, Սահակաշվիլիի համար, թերևս, իր գլխավոր և անհամեմատ ավելի հզոր ընդդիմախոսի մահը զարմանալիորեն ժամանակին է վրա հասել: Հիմա Սահակաշվիլին սարսափով խորհրդարանական ընտրություններին է սպասում. եթե դրանք ազնիվ անցնեն` ընդդիմությունը կստանա մանդատների մեծամասնությունը և սահմանադրական ճանապարհով բռնատիրողին կհեռացնի իշխանությունից: Իսկ եթե արդյունքները կրկին կեղծվեն, ապա նա կարող է տապալվել վրդովված ժողովրդի կողմից: Իրականությունից կտրված բոլոր դիկտատորների նման, Սահակաշվիլին իր դժբախտության պատճառները ոչ թե սեփական վարքագծի մեջ է փնտրում, այլ թշնամիներ է որոնում: Եվ վերջիններից գլխավորը, վերջին շրջանում, նա համարում էր Բադրի Պատարկացիշվիլիին: Այս մեծահարուստը, ում կարողությունը 6 անգամ գերազանցում է Վրաստանի տարեկան բյուջեն, նրա համար մահացու վտանգ է: Նախագահի ընտրություններից հետո Թբիլիսիի դատարանը գործարարին դատապարտել էր երկամսյա պայմանական ազատազրկման` երկրում իշխանությունը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան որոնում էր հայտարարել: Կալանք էր դրվել նրա ողջ ունեցվածքի վրա. այդ թվում` «Իմեդի» հեռուստաընկերության և «Ի-մեդիա» լրատվական հոլդինգի: Սակայն տարագրության մեջ անգամ, Պատարկացիշվիլին, արևմուտքի ընտրախավի հետ իր կապերով, վտանգավոր էր Սահակաշվիլիի համար: Տեղին է հիշել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի (ով այսօր փորձում է քաղաքական ապաստան ստանալ Ֆրանսիայում) հայտարությունը, որ Սահակաշվիլին իրեն հանձնարարել էր ֆիզիկապես վերացնել օլիգարխին: Իսկ անցյալ տարի դեկտեմբերին «Սանդի թայմս» թերթն հրապարակել էր Վրաստանի ՆԳ նախարարության «Մաստեր» մականունով աշխատակիցներից մեկի և չեչենական ճանաչված դաշտային հրամանատար Ուվայս Ահմադովի զրույցի ձայնագրությունը: Բոլոր ցանկացողներն այդ ձայնագրությունը կարող են լսել Ինտերնետում: Զրույցի էությունը հետևյալն է. մաստերը մարտիկին «հանձնարարում» է ոչնչացնել մեծահարուստին: Ընդ որում, ծրագրվում էր դա այնպես անել, որպեսզի ամբոջ մեղքը բարդվի Ռուսաստանի և Պուտինի վրա: Օրերս վրացական «Ալիյա» թերթն հրապարակել է Վրաստանի ՆԳՆ աշխատակից Էրեկլե Կոդուայի հետ Պատարկացիշվիլիի երկխոսության ձայնագրության վերծանությունը. Կոդուան հայտնում է, որ ինքը Սահակաշվիլիին վարկաբեկող սպանիչ փաստեր ունի. - Տոննաներով նրա ձայներիզներն ունեմ. այնպիսիք, որոնք եթե իրեն ցույց տամ` Միշան չի լինի: Նա կվերջանա: Բադրին ասում է. - Միակ մարդը ես եմ, ով նրան (Սահակաշվիլիին) խանգարել է կյանքում: Միա°կը: Նա վախենում էր իմ հեռուստաընկերությունից ու իմ փողերից: - Սակայն, եթե նույնիսկ Վրաստանի իշխանությունների համար մեծահարուստից ազատվելը սոսկ քմահաճույք չէր, այլ քաղաքական ու նույնիսկ ֆիզիկական գոյատևման խնդիր, ապա նրանք ինչպե՞ս կարողացան դա իրագործել Լոնդոնում: Հատուկ ծառայությունների զինանոցում կան թույներ, որոնք արհեստականորեն կարող են սրտի մահացու նոպա առաջացնել: Հավանական է, որ վրաստանյան հատուկ ծառայությունները նույնպես ունեն այդպիսի թույն: Բայց նրանց գործակալն ինչպե՞ս կարող էր թափանցել հզոր պահակախմբով շրջապատված Պատարկացիշվիլիի մոտ` մահացու ներարկում կատարելու: Դա, թերևս, հնարավոր է միայն այն դեպքում, եթե վրացական հատուկ ծառայությունները սերտ կապերով համագործակցել են բրիտանական ծառայությունների հետ: Գաղտնիք չէ, որ արևմտյան որոշ շրջանակներ ձգտում են թույլ չտալ Սահակաշվիլիի հեռացումն իշխանությունից: Չի բացառվում, որ հենց նրանք էլ որոշել են «մի քիչ» օգնել նրան` «հեռացնելով» իր գլխավոր ընդդիմախոսին: Ակամա հիշվում է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահը: Ռուսական մամուլը, մասնավորապես «ՄԿ»-ն այն ժամանակ հոդվածների շարք տպագրեց, որոնք հիմնավորում էին, որ շմոլ գազից թունավորվելու` պաշտոնական վարկածը չի դիմանում ոչ մի քննադատության: Ըստ առաջադրվող վարկածներից մեկի` Ժվանիան կարող էր սպանված լինել հատուկ ծառայությունների գաղտնի թույնով, որի ազդեցությունը նման է թունավոր գազի: Այդ վարկածն առ օրս ոչ մեկը չի հերքել: Բադրիի մահվան պատճառների մասին խոսել զգուշանում են նույնիսկ Վրաստանի ընդդիմադիրները: Թերևս հոռետեսներ չեն նրանք, ովքեր գտնում են, որ քաղաքական առաջնորդի դերում Բադրին այլևս պետք չէր վրացական ընդդիմությանը: Բայց ֆինանսական այդ աղբյուրի կորուստն, ինչ խոսք, մեծ հարված է նրանց համար: Միացյալ ընդդիմության առաջնորդներից Գեորգի Խաինդրավան տեղեկացրել է, որ երկրի իշխանություններն, իհարկե, մեղավոր են մեծահարուստի մահվան համար. - Դա քաղաքական, բարոյական և քրեական հալածանք էր այդ մարդու դեմ,- ասել է նա: Ընդդիմադիրը հավելել է նաև, որ Պատարկացիշվիլիի սիրտը կարող էր չդիմանալ Վրաստանում իր բիզնեսի, կյանքի հանդեպ եղած սպառնալիքներին: Իսկ մեկ ուրիշ ընդդիմադիր` խորհրդարանի «Ժողովրդավարական ճակատ» խմբակցության անդամ Կախա Կուկավան ասել է. - Այնուամենայնիվ, առայժմ շատ վաղ է այդքան հեռուն գնացող եզրանհանգումներ անել: Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել և սպասել բացահայտման արդյունքներին: Այսուհանդերձ, ինձ թվում է, որ վերջին ժամանակներում Լոնդոնում չափից ավելի շատ տարօրինակ մահացություններ են տեղի ունենում: