Ուրեմն բոլորն են սիրում սիրել


Բայց ինչո՞ւ միայն և հատկապես փետրվարի 14-ին Արևմտյան բարքերի ոչ բոլոր ներմուծումներով, իհարկե, կարող ենք հիանալ: Մանավանդ, ոչ բոլորն են ազգային մեր նկարագրին հարիր: Սուրբ Վալենտինի օրն, այս առումով, թերևս, «միջին» դիրքերում է: Սիրո (կամ սիրահարների) հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, որ արդեն շուքով նշում է Հայ Առաքելական եկեղեցին, չգիտես ինչու, դեռ չի դառնում սիրո խոստովանության այնպիսի օր, ինչպիսին վերջին մի քանի տարում օտարամուտ սբ. Վալենտնի օրն է նշվում: Բայց, քանի որ սիրո տոն է` ընդվզել չարժե: Տա° Աստված, որ օրացուցային բոլոր օրերը հաճելի անակնկալների սպասում և ջերմության պոռթկում պարգևեն մարդկանց: Նույնիսկ ընտրարշավների ելածներին չի խանգարի ամեն պահի հիշել` «Ինչ-որ տեղ հիմա շրջում է սերը…»: Ինչ վերաբարում է Սբ. Վալենտինին, այդ ավանդույթի պատմությունը երևի բոլորը գիտեն. հռոմեացի եպիսկոպոս Վալենտինը գաղտնի պսակադրել է սիրահարներին, ինչի համար էլ հալածվել է և բռնակալ Հուլիոս Կլավդիոս II-ի կոմից մահապատժի դատապարտվել: Բանտում նա սիրահարվել է բանտապետի աղջկան և կախաղան բարձրացվելու նախորդ գիշերը նամակով խոստովանել է իր սերը` ստորագրելով «Քո Վալենտին»: Այսօր էլ այդպես են ստորագրում սրտաբուխ բացիկները` նաև հայաստանաբնակ սիրահարները: Ակունքները XV դարում են: Սուրբ Վալենտինի օրն առաջին անգամ նշել են բրիտանացիք: Իսկ ինչո՞ւ փետրվարի կեսին: Պատմաբանները կարծում են, որ Անգլիայում հենց այդ ժամանակ են թռչունները սկսում իրենց «ամուսնական խաղերը»: Եվ, ավանդույթի համաձայն, փետրվարի 14-ին այստեղ ընդունված է համբուրել առաջին պատահածին և «վալենտինկա» նվիրել: Ամերիկացին այդ օրվա նվերների համար «զոհաբերում» է առնվազն 100 դոլար: Բացիկներից ու ծաղիկներից զատ, ընդունված են նաև որոշակի գումարի արժողությամբ հուշա-սերտիֆիկատները: Ճապոնական Թոյ փոքրիկ քաղաքում Վալենտինի օրն անվանում են «անդադարելի սիրային արկածների օր»: Վաղ առավոտյան սկսվող Սիրո շքերթին մասնակցում են երիտասարդ և երջանիկ զույգերը: Փողոցում գրկախառնություններն ու համբույրները դադարում են միայն երեկոյան, երբ սիրահարներն արդեն հատուկ փոստով սիրո խոստովանանքներ են ուղարկում: Իսկ այդ խոստովանությունները հասցեատերերին հանձնվում են… մեկ տարի անց, որպեսզի ստուգվի զգացմունքի կայունությունը: Հնդկաստանի հեղինակավոր կուսակցություններից «Շիվ Սենա»-ն դեմ է այդ տոնին` այն անվանելով «անբարոյականության օր»: Եվ կուսակցության անդամներն ամեն տարի փետրվարի 14-ին շրջապատում են Դելիի համալսարանի ուսանողական ավանը` խանգարելով սիրահարներին նշել տոնը: Իսկ Բահար նահանգի ինքնահռչակ «Բարքերի ոստիկանությունն» անցյալ տարի այդ տոնը նշող զույգերին ստիպել է ամուսնանալ: Սիրահարներին նրանք «որսում» էին զբոսայգիներում, պուրակներում, նույնիսկ գազանանոցում: Բռնվածների մեծ մասը համաձայնել էր պսակվել հենց տեղում` յոթ անգամ պտտվելով բանանի ծառի շուրջ: Հրաժարվողների վրա աղացած կարմիր տաքդեղ էին լցրել: Ֆինլանդիայում փետրվարի 14-ը նշվում է որպես Բարեկամների օր: Իհարկե, ֆինները չեն սխալվում` սերը միայն կնոջն ու տղամարդուն չի կապում. բոլոր մարդիկ պետք է սիրեն միմյանց: Հելսինկիի դպրոցականներն այդ օրը ժպտացող շուն են նկարում և թվարկում ճշմարիտ բարեկամին վայել հատկանիշներ: Դիցուք, «Նրա սրտում քեզ համար միշտ տեղ կա. նա միշտ պատրաստ է քեզ լսել և պաշտպանել»: Սոցիոլոգները օրվա նման փոխակերպումի պատճառը համարում են այն, որ ֆինները նաև այս կերպ են փորձում հավասարության նշան դնել սեռերի միջև: Թաիլանդ. Բանգկոկն այդ օրը դառնում է գաղտնի սիրահարների հավաքատեղի: Ըստ վիճակագրության` Թաիլանդում ամուսնություններն առավելագույնս գրանցվում են հատկապես փետրվարի 14-ին: Նրանց համար էական չէ, որ իրենք կաթոլիկ չեն: Փարիզի գլխավոր ցուցասրահում տեղադրված էլեկտրոնային ցուցատախտակներին սիրահարները կարող են միմյանց քնքուշ բառեր հասցեագրել: Այդ օրն ամբողջ քաղաքն է լուսային վահանակներով լողում սիրային ուղերձների առատության մեջ: Սիրիայում, թեև բնակչության 90%-ը մուսուլման է, 5 տարի առաջ նույնպես որդեգրեցին այս տոնը: Սիրահարներն այդ օրը կարող են իրար հետ պարել բազմամարդ երեկույթներում, բայց ռեստորանում միասին ճաշել` նրանց թույլ չեն տա: Սաուդյան Արաբիայի Բարքերի ոստիկանությունը արգելել է տոնի նախօրյակին կարմիր վարդեր և սիրո խորհրդանիշ այլ նվերներ վաճառել: Ավելին, բարեգործության խրախուսման և այլասերության կանխման հանձնաժողովի պահանջով` այդ օրերին արգելվում է նույնիսկ նվերների փաթեթավորումը: