1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


ՄԵՐ երկրում էլեկտրաէներգիան այդպես էլ գազին այլընտրանք չդարձավ: Կար ժամանակ, երբ տեղական արտադրության հոսանքը բավական թանկ էր համարվում, բայց քանի որ գազաֆիկացման մակարդակն էլ իր հերթին էր ցածր, մարդիկ ստիպված էին հոսանք օգտագործել: Հետո ստացվեց այնպես, որ հեռավոր գյուղերն անգամ երկնագույն վառելիքի սպառող դարձան, սակայն այս դեպքում էլ շարունակաբար բարձրացող գի°նը սկսեց խանգարել գազի լիարժեք սպառմանը: Թերևս հենց այդ պահից էլ սկսվեց գնաճային չհայտարարված մրցակցությունը, ու ո°չ գազն էլեկտրաէներգիային այլընտրանք դարձավ, ո°չ էլ հակառակը: Մեր ժամանակներում նշված երկուսն էլ լրիվ անմատչելի լինելուն շատ են մոտ, ու նոր գնաճի մասին խոստումները դրանց սպառման ծավալների խորհրդանշական դառնալու հեռանկարն են տվյալ դեպքում նախանշում: Իր հերթին, գազի սակագնի դեպքում ամեն ինչ թերևս արդեն որոշված է: Նույնանման տհաճ անակնկալ են պատրաստել նաև էներգետիկները: Այն տարբերությամբ, որ նրանք դեռևս կոնկրետ սակագնի մասին չեն բարձրաձայնում: Այս առումով ավարտվող շաբաթը դեռևս կադրային փոփոխությամբ է նշանավորվել, և ասում են, թե Եվգենի Գլադունչիկը պաշտոնանկ է արվել միլիոնների չարաշահումներ հայտնաբերման արդյունքում: Վերջինս, իհարկե, սակագների բարձրացման առաջարկին չէր ընդդիմանա, մինչդեռ տվյալ դեպքում` շան գլուխն, ըստ երևույթին, վերևն ակնարկված միլիոնների կույտի մեջ է թաղված: Չի բացառվում սակայն, որ համակարգում նշված պաշտոնանկությունն ավելի վաղուց է ծրագրված եղել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվելիք` սակագները վերանայելու դիմումը կուղարկվի նորանշանակ Բիբկինի ստորագրությամբ: Սրանով հանդերձ` անվիճելի է, որ էլեկտրաէներգիան գազին այլընտրանք առաջիկայում էլ չի դառնալու: Ու չնայած անհայտ է, թե գնաճից հետո հոսանքի սպառման ծավալները որքանո՞վ կնվազեն, այդուհանդերձ, պարզ է, որ նախապատվությունը տեղական արտադրության հոսանքին տալը նույնպես հետայսու անհնար է դառնալու: