Հա՞ որ...


ԱՐԴԵՆ տևական ժամանակ Ռուսաստանի կառավարության միգրացիոն ծառայության կայքը Հայաստանի ինտերնետ սպառողներին անհասանելի է դարձել: ՌԴ տարբեր մարզերում վերաբնակեցման պայմաններն ու պահանջները ներկայացնող կայքի անհասանելի դառնալու վերաբերյալ կառույցի երևանյան ներկայացուցչությունը չի շտապում որևէ մեկնաբանությամբ հանդես գալ, քանի որ կառույցն էլ իր հերթին է անհասանելի դարձել: ՀՀ ԳԱԱ-ի հարևանությամբ գտնվող գրասենյակի հասցեն նախորդող ամիսներին շատերին էր հասանելի դարձել: Եվ հետաքրքրվողների` օրեցօր աճող հոսքը կանխելո՞ւ, թե՞ պարզապես տեխնիկական պատճառներով ռուսական գրասենյակի անհետացումից հետո ասում են, թե Արաբկիրի համայնք` շատ ավելի խաղաղ ու բոլորի աչքից դեռևս հեռու նոր հասցե են նրանք տեղափոխվել: Ինչ խոսք, արտագաղթի աճին ուղղակիորեն նպաստող ծառայության տվյալները երկար չեն կարող թաքցվել: Սակայն առավել հետաքրքրական է` Ռուսաստանի իշխանությո՞ւնն է հետզհետե սկսում հրաժարվել Հայաստանի համար վնասաբեր այս ծրագրից, թե՞ տեղի ունեցածն այլ միջամտության հետևանք է: