ՍՈՒԴԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ. ում հետ` ոնց


Ամեն անգամ, երբ խոսվում է որևէ երկրում հանրաքվեի միջոցով անկախություն ձեռք բերելու մասին, մենք` հայերս, ակամա սկսում ենք վերստին մտորել Լեռնային Ղարաբաղի, նրա միջազգային ճանաչման գործընթացի հնարավոր զարգացումների շուրջ: Վերջին ժամանակներում աշխարհի հետաքրքրության կենտրոնում է հայտնվել Հարավային Սուդանի հանրաքվեն: Ավելին, ոչինչ չի կաշկանդում բարձրաձայնել, որ անկախ հանրաքվեի արդյունքներից, Հարավային Սուդանի անկախությունը կճանաչվի: Այդ երկրի հարավային մասում քրիստոնյաները մշտապես հալածանքների են ենթարկվել հյուսիսային հատվածում բնակվող մահմեդականների կողմից: Այսինքն, աֆրիկյան այս հանրապետությունում հակամարտությունը գերազանցապես կրոնական բնույթի է: Նշենք նաև` Հարավային Սուդանում ժողովուրդը կրում է աղքատության բոլոր զրկանքները, չնայած որ երկրի այդ հատվածը հարուստ է նավթով: Միջազգային հանրությունը փորձեց այնտեղ հակամարտությունը լուծել` այսպես ասած, հետաձգված հանրաքվեի միջոցով, ինչը շատ նման է Մադրիդյան սկզբունքներին: Հիշյալ փաստաթղթում նույնպես առաջարկվում է որոշ ժամանակ անց հանրաքվե անցկացնել: Միայն թե Հարավային Սուդանի դեպքում կոնկրետ նշվում էր հանրաքվեի անցկացման ժամկետը` 6 տարի հետո: Մի էական տարբերություն ևս կա. Սուդանի կենտրոնական իշխանությունները համաձայնել են, որպեսզի հանրաքվեն կայանա կոնկրետ հակամարտության տարածքում, մինչդեռ Ադրբեջանում պնդում են, որ հանրաքվեին պետք է մասնակցի Ադրբեջանի ողջ ժողովուրդը: Ինչ խոսք, պարզից էլ պարզ է, թե այդ պարագայում հանրաքվեի արդյունքներն ինչպիսին կլինեն: Իսկ այն, որ հանրաքվեն դեռ չկայացած` միջազգային հանրությունն արդեն բարձրաձայնում էր, թե բոլոր դեպքերում պատրաստ է ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը` զարմանալի չէ. այդ հարցում ոչ մի գաղտնիք, ոչ մի արտառոցություն չկա: Պարզապես` Արցախի և Հարավային Սուդանի դեպքում մենք հերթական անգամ բախվում ենք միջազգային հանրության կիրառած երկակի ստանդարտներին և այն իրողությանը, որ աշխարհում դոմինանտ է ոչ թե արդարությունը, այլ լսելի ձայն ունեցող երկրների պետական շահը: Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հաղթելով և ազատագրելով Արցախը, նրա անկախության ճանաչման համար դիվանագիտական 20-ամյա պայքարի արդյունքում նախորդ տարվա վերջին միայն հայությանը հաջողվեց հասնել Ղարաբաղյան խնդրի հայանպաստ ընկալման: Իսկ Հարավային Սուդանի պարագայում նույն միջազգային հանրությունը չի հապաղում օր առաջ ճանաչել այդ երկրի անկախությունը, քանզի նյութական լուրջ ակնկալիքներ ունի այնտեղից. աշխարհաքաղաքական նպաստավոր դիրքից բացի, միջազգային հանրությանը հրապուրում է նաև Հարավային Սուդանի նավթը: Շաբաթ և կիրակի օրերին կայացած հանրաքվեի նախնական տվյալներով` դրան մասնակցել է ժողովրդի 60 տոկոսը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի սկզբին, բայց Եվրամիությունն ու ՄԱԿ-ն արդեն հասցրել են ողջունել կայացած հանրաքվեն: Ահա, թե ինչ դերակատարում կարող են ունենալ էներգակիրներն` այս մեղավոր ու չքմեղ աշխարհում: Ի դեպ, Միացյալ Նահանգների վերլուծաբանները նկատում են, որ վերջին ժամանակներում այդ երկիրը կորցրել է հետաքրքրությունը ԼՂՀ-ի, Ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ: Դա կարող է բացատրվել այն հանգամանքով, որ Ադրբեջանը Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» գազամուղով Եվրոպային գազ մատակարարելու հարցում որոշակի պայմանավորվածություններ է կայացրել նախորդ տարվա վերջին: Ամերիկացիների այդ պասիվությունը կարող է դրդել Հայաստանին` ավելի սերտացնելու հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր` Ռուսաստանի Դաշնության հետ: Իսկ վերջինս Միացյալ Նահանգների լռությունից, թերևս, կարող է եզրակացնել, թե Վաշինգտոնը Հարավային Կովկասում առաջնությունը զիջել է իրեն:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ