ՍՈՒԴԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՆ


ԱՇԽԱՐՀԻ գերտերությունների և խոշորագույն լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված էր աֆրիկյան ամենաաղքատ երկրներից մեկին` Սուդանին, որի քրիստոնեական հատվածն ավարտեց իր պատմական հանրաքվեն` քվեարկելով հանուն անկախության և ինքնորոշման: Հարավային Սուդանում ապրող բնակիչները, որոնք գերազանցապես քրիստոնյաներ են, հարյուր տարուց ավելի պայքարում էին իրենց ինքնորոշման իրավունքի համար, և վերջապես, 2011 թվականի հունվար ամիսն առմիշտ կմտնի նրանց պատմության մեջ` որպես նոր պետության ձևավորման ժամանակաշրջան: Ինչպես նշում է «Ամերիկան ռեպորտեր» պարբերականը, սուդանյան հանրաքվեն մարտահրավեր է որոշ կարծրատիպերի, այն փոխում է աշխարհում հաստատված մի շարք պատկերացումներ և պաշտպանում ինքնորոշման ձգտմամբ ապրող ժողովուրդների շահերը: Իսկ ահա «Նյու-Յորք թայմսի» վերլուծաբաններն իրենց ուշադրությունն են սևեռում այն հանգամանքին, որ վերջին շրջանում աշխարհում սկսել են նոր գործընթացներ, որոնց հիմքում ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունն է: Վերլուծաբան Քրիստիան Հերցսենը հանգամանորեն անդրադառնում է Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներին, զուգահեռներ տեսնում գործընթացների միջև: Մասնավորաբար, նա շեշտում է, որ այսօր աշխարհում փոխվել են դիրքորոշումները, և գերտերությունները կանգնած են այն պետությունների կողքին, ովքեր ձգտում են անկախության: Նույն վերլուծաբանն իրավաբանորեն արդարացված ու հիմնավորված է համարում սուդանցիների հանրաքվեն և այն համարում հիմք` նոր պետության ճանաչման համար: - Հանրաքվեն իրավական այն գործառույթն է, որն այլևս կարող է դիտարկվել որպես ինքնորոշման երաշխավոր և նպաստել այն բանին, որ պետությունները ճանաչեն հարավում ապրող սուդանցիների անկախությունը,- գրում է վերլուծաբանն ու ավելացնում. - Այս նախաձեռնությունը բխում է միջազգային օրենքներից և չի հակասում մինչև այժմ ընդունված որևէ օրենքի: Վաշինգտոն պոստն» էլ ողջունել է սուդանցիների հանրաքվեն` միաժամանակ նկատելով, որ բուն սուդանյան իշխանությունները հեշտությամբ չեն համակերպվի երկրի մի հսկայական հատվածի կորստի մտքի հետ, չնայած, 2005 թվականին ձեռք են բերվել պայմանավորվածություններ և սահմանվել է անկախության գործընթացի իրականացման ժամանակացույց: Հնարավոր են պատերազմական գործողություններ, որոնց կանխմանը պիտի ներդրվեն միջազգային ուժերի ջանքերը: Միաժամանակ` ողջունելով սուդանցիների քաղաքական կամքի արտահայտությունը, Նահանգներն ու Բարաք Օբամայի վարչակազմը պարտավոր են մեծ ջանքեր գործադրել` որպեսզի նոր պետության ճանաչումը դառնա գերտերությունների առաջադիր խնդիրը և ամեն ինչ արվի` հնարավոր արյունահեղությունները կանխելու համար: BBC-ն էլ շեշտել է այն հանգամանքը, որ այս իրադարձությունները նոր աշխարհակարգի ձևավորման սկիզբն են դնում, նպաստում նրան, որպեսզի հետայսու աշխարհը փոխի իր վերաբերմունքը անկախության ձգտող ժողովուրդների հանդեպ և արագացնի ճանաչման գործընթացները: Գործակալության վերլուծաբանները չափազանց կարևոր են համարում խաղաղ ճանապարհով անկախության հռչակման այս գործընթացը, որով ասես հիմնավորվում է, թե 21-րդ դարում արդեն պիտի վերանայվեն նախկինում հաստատված բազմաթիվ ընկալումներ և դիրքորոշումներ: Միաժամանակ առանձնացվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մոտեցումները: - Աֆրիկյան այս պետության տրոհումը երկու ինքնիշխան տերությունների, վկայությունն է այն իրողության, որ ամեն մի ժողովուրդ իրավունք ունի ինքն ընտրելու իր ճանապարհը և ճակատագիրը,- գրում է գործակալության վերլուծաբանը: Ֆրանսիական «Լ’Մոնդի» մեկնաբանն ուշադրությունը սևեռել է Սուդանում ապրող մուսուլմանների և քրիստոնյաների միջև ամրակայված հակասություններին, որոնք էլ տևական ժամանակ առիթ էին տալիս բախումներին: - Քրիստոնյաների և մուսուլմանների հակամարտությունները խորքային իրողություններ են, որոնք երբեք անուշադրության չպետք է մատնվեին. դրանք վկայությունն էին այն բանի, որ մի հավատի ներկայացուցիչների կողմից մյուս հավատի ներկայացուցիչների հանդեպ կիրառվող հետապնդումներն ու բռնությունները երկրում մշտապես առկա էին դարձնում քաղաքացիական պատերազմների գործոնը, հետևաբար Հարավային Սուդանի ձևավորումն արդեն այսօր երաշխիքն է այն բանի, որ ստեղծվող նոր պետությունը կկարողանա զերծ մնալ արյունահեղություններից և պաշտպանել իր բնակիչների շահերը: