Երևանի Մանկական (նախկին` Կիրովի) այգում 1940 թ. նոյեմբերի 29ին հանդիսավոր պայմաններում բացվել է հուշարձան, որի զրահասալի վրա հայերեն և ռուսերեն գրված է. Հերոսական բանվորագյուղացիական Կարմիր բանակի մարտիկներին` երախտապարտ հայ ժողովրդից. 29 նոյեմբեր


Երևանի Մանկական (նախկին` Կիրովի) այգում 1940 թ. նոյեմբերի 29ին հանդիսավոր պայմաններում բացվել է հուշարձան, որի զրահասալի վրա հայերեն և ռուսերեն գրված է. Հերոսական բանվորագյուղացիական Կարմիր բանակի մարտիկներին` երախտապարտ հայ ժողովրդից. 29 նոյեմբերի 1940 թ.: Հայաստանի առաջին հանրապետության բանակը 1918-1920 թթ. կազմավորվել է Հայկական կորպուսի մի շարք զորամասերից և 1917 թ. Կովկասյան ռազմաճակատից ռուսական զորքերի հեռանալուց հետո, փոխարինել է նրանց` խնդիր ունենալով արգելափակել թուրքական զորքերի առաջխաղացումը: Կորպուսի հրամանատար, հմուտ և փորձված գեներալլեյտենանտ Թովմաս (Ֆոմա) Իվանի Նազարբեկովը վճռական դեր է կատարել 1918 թ. մայիսի 22-29-ին տեղի ունեցած Սարդարապատի, ԲաշԱպարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում: Նրա գլխավորությամբ Կորպուսը վերակազմավորվեց որպես Առանձին հայկական դիվիզիա` պայմանավորված Բաթումիի պայմանագրով` բանակը չպետք է գերազանցեր մեկ դիվիզիայից: Հայկական դիվիզիայի հիման վրա Խորհրդային Հայաստանի Ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի 1922 թ. թիվ 157 հրամանով կազմավորվել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիան: Նրա կազմում էին երկու հրաձգային և մեկ հեծյալ բրիգադներ, Բաքվում հայերից կազմավորված հրաձգային և հրետանու գնդերը, կապի, տեխնիկական, ինժեներական, թիկունքի ստորաբաժանումները և ծառայությունները: Հետագայում դիվիզիայի կազմում ընդգրկվեցին նոր զորամասեր, գումարտակներ: 1935 թ. դիվիզիան ընդգրկվեց Առանձին Կովկասյան բանակի կազմի մեջ, նրան տրվեց 76րդ համարը, կոչվեց Խորհրդային Միության մարշալ Կ. Ե. Վորոշիլովի անունով, 1936 թ. պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով և վերանվանվեց Կ. Ե. Վորոշիլովի անվան Հայկական 76րդ կարմրադրոշ լեռնահրաձգային դիվիզիայի: Խաղաղ շինարարության տարիներին Հայկական դիվիզիայի շարքերում էին ծառայում հայաստանցի զինակոչիկները: Երեկվա բանվորներից և գյուղացիներից, որոնց մեծ մասը 20-ական թվականներին հիմնականում անգրագետ էր, պահանջվում էր պատրաստել գիտակից, հմուտ և հայրենասեր զինվորներ: Այդ տարիներին տնտեսությունը քայքայված էր` շարքից դուրս էր եկել տրանսպորտը, զորանոցները գտնվում էին անմխիթար վիճակում, հրամկազմը ապահովված չէր բնակարաններով, մի շարք շրջաններում երաշտի հետևանքով սով էր, բանակայինները ստանում էին չնչին օրապահիկ: Նրանց հանդերձավորումը և սպառազինությունը նույնպես անմխիթար վիճակում էր, չկային կանոնագրքեր և հրահանգներ (հայերեն լեզվով` ընդհանրապես), ծրագրեր, պլաններ, քարտեզներ: Հրամկազմն ամեն կերպ աշխատում էր կազմակերպված ձևով անցկացնել շարային, հրաձգային, մարտավարական, քաղուսուցման, ֆիզիկական պատրաստության պարապմունքները, կուլտդաստիարակչական միջոցառումները: Այդ ամենը գնահատվեց, և դիվիզիան արժանացավ Կարմիր դրոշի շքանշանի: Ա. Ֆ. Մյասնիկյանի, Հ. Դ. Բժշկյանի (Գայի) և նրանց համախոհների հետ զորամասերում ծավալվել էին կազմակերպչական և ռազմահայրենասիրական ակտիվ աշխատանքներ: Երևանում բացվել էր սպայական դպրոց և կարճաժամկետ երկու դասընթացներ` հրամկազմի համար, հաղթահարվում էին սովը և համատարած հիվանդությունները, ակտիվացնում էին շեֆական կապերը, նախազորակոչային աշխատանքները: Դիվիզիայի հրամանատար Անդրեյ Շահնազարովը, նրա տեղակալ Խաչատուր Արարատովը, զինկոմ և քաղբաժնի պետ Հայկ Հովսեփյանը, շտաբի պետ Բոգդան Բաղդասարյանը գնդերի հրամանատարներ Ալեքսանդր Միրիմանյանի, Նիկոլայ Դոնդորյանի, Նիկոլայ Խուդաբաշխյանի, Հակոբ Աթոյանի, Ալեքսանդր Բորզենկոյի, Հովհաննես Բաղրամյանի և մյուսների գլխավորությամբ ամեն կերպ նպաստում էին դիվիզիայի մարտունակության բարձրացմանը: Ծառայության ժամանակ բանակայինները դաստիարակվում էին, գրել և կարդալ սովորում, ձեռք բերում տեխնիկական մասնագիտություն և անհրաժեշտ այլ հմտություններ: Երախտապարտ ժողովուրդն արժանվույնս գնահատեց այդ ամենը և 1940 թ. նրանց պատվին հուշարձան կանգնեցրեց:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ, Գնդապետ