Դաշնամուրային մտորումներ նվագախմբի համար


Քիմիկոս ծնողները «Ալեքսանդր Մեծ» մականվանված մանչուկի բնատուր ձայնով լրջորեն հետաքրքրվեցին` անսալով մանկապարտեզի դաստիարակչուհու հորդորներին: Սկսեց հաճախել Սպենդիարյանի անվան երաժշտակրթարանին առընթեր «Ձայնի պահպանման» դպրոց (տնօրեն` Դավիթ Զալյան): Միաժամանակ հանդես էր գալիս Չեխովի անվան միջնակարգ դպրոցում Անահիտ Շահզադեյանի կազմակերպած «Սյուրպրիզ» մանկապատանեկան երաժշտախմբում: Հնգամյա համերգային ակտիվ կյանքում փորձություններից չապահովագրված ձայնը, շահարկվելով, նվազում է: Երաժշտական հետաքրքրությունների շրջանակը, անբացատրելի հակառակ համեմատականով, ընդլայնվում է` Անահիտ Շահզադեյանի հեղինակած ու բեմավորած «Չոփչոփիկ» և «Կարմիր գլխարկ» մյուզիքլներից անցնելով Ռիկարդո Կոչանտեի («Փարիզի Աստվածամոր տաճարը») և Ժերար Պրեսգուրվիկի («Ռոմեո և Ջուլիետ») հանրահռչակներին, «Black Death metal»ից` հայ և ռուս հոգևոր երաժշտությանը, անզուգական Արամ Խաչատրյանին: Ներաշխարհում խմորվող մեղեդիները ստեղծագործելու կիրքն են արթնացնում: Մարիետա Սարգսյանի դասերով դպրոցի լավագույն դաշնակահարի համարումն է ձեռք բերում: Մի օր էլ համարձակվում է հնչեցնել իր ստեղծագործությունը: 80 դասընկերների հոտնկայս ծափերը առաջին զորեղ ազդակն են դառնում հետագա արարման: Սպենդիարյանի անվան մրցույթում շահած առաջին դալար հաղթադափնին ուղենշում է կայացման ոլորտը: Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցի փորձառու մանկավարժ Անահիտ Կոստանյանի շնորհիվ Խաչատրյանի «Գայանե»-ի տեսաերիզով ոչ միայն խորանում է սիմֆոնիզմով հրապուրվածությունը, այլև Իսահակյանի «Լիլիթ»ի նորահայտ բալետային կերպարը ծնունդ առնում: Կկենդանանա՞ այն երբևէ մեծ նվագախմբով, թե՞ 15-ամյա «Ալեքսանդր Մեծի» առաջին լուրջ ինքնարտահայտումն այդպես էլ կմնա չիրագործված երազանք: Երևանի Կոմիտասի անվան բարձրագույն երաժշտակրթարան ընդունվելուն պես Իրադյանը ուշադրություն է գրավել ինքնաստեղծ «Կաթոց» տրիոյի և «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով «DIVAD» պոեմի ուրույն արտահայտչականությամբ: ՀՊՖՆի (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան) հատվածաբար հնչեցրած ծավալուն կոնցերտը մինչ օրս ամբողջացմանն է անհուսորեն սպասում: Լոնդոնյան հեղինակավոր համերգային ծրագրում (2007 թ.) իր իսկ մենանվագով հաջողություն գտած «Բողոք ընդդեմ բռնության» երաժշտակտավի «դաշնամուրային մտորումները» բալետային տարբերակը ստեղծելու առաջարկ-մտահղացման հիմք դարձան Մեծ Բրիտանիայում և ԱՄՆում: Համագործակցությունը մեծահամբավ ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի և Դավիթ Գերինգի հետ երիտասարդ կոմպոզիտորի ճանաչման միջազգային համերգասրահը ընդարձակեց: Ստեղծագործելու հմտությունները հղկող պրոֆեսորի` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի «XXIի (այժմ` երևանյան) հեռանկարներ» փառատոնում ներգրավվելով` արտերկրի երաժիշտներին սեփական քանքարով հետաքրքրեց: «Փոխըմբռնում» միջազգային երաժշտանախագծի շրջանակներում նրա «Միայնության քաղաք»ը շվեյցարական «Pre-Art» և «Aequatuor» համույթները կատարեցին Թբիլիսիում: Սեփական վտիտ հնարավորությունների արգելապատնեշը սպառնում է կասեցնել սլացքը դեպի նոր հորիզոններ: Մտահղացած «Գոդո սպասելիս» երիտասարդական միջազգային երաժշտափառատոնի մոտալուտ կայացման ուղիներ է այժմ աննահանջ փնտրում: Ապրած բազմաբարդ օրերի շուրջ տագնապալի խորհրդածությունները նվագախմբային ամբողջ «երփնապնակով» շեշտադրելու գիտակցությամբ` որդեգրած արդիաշունչ ոճամտածողությունն է հղկում ու կոկում: Երկիր մոլորակի վրա բոլորեքյան կուտակվող կործանարար ամպերը հոռետեսությամբ են համակում: Մաքառելու կորովը ամենակարող երաժշտությամբ պահպանելով` ձգտում զգաստացնել ու գոտեպնդել իր ժամանակակիցներին: Այս լեյտմոտիվի հնչերանգներն առկա էին դեռևս Տերունական աղոթքի հնարքով գտնված երաժշտահենքում «Մարդկանց վաճառք» կարճամետրաժ կինոժապավենի (ռեժիսոր` Գրիգոր Բաբախանյան): Ու առավել թանձրացած ի հայտ եկան եկատերինբուրգյան մրցույթում` երեք տարբեր հոգեվիճակներ երաժշտավորող «Եռապատ»ում: Վերջինս, ներկայացվելով միջին և բարձրագույն երաժշտական կրթարանների դիրիժոր-խմբավարների, տեսության ու ստեղծագործության բաժինների սաների դաշնամուրային պատրաստվածության Վ. Ս. Ցվետիկովի անվան II միջազգային մրցույթի ծրագրային երկացանկում, մասնագիտական մեծ աշխուժություն բորբոքեց: Ամենափայլունը ճանաչված նրա դաշնամուրային նվագի (անուրանալի է ԵՊԿ դոցենտ Արմինե Նաղդյանի ներդրումը) տպավորությանը գումարվելով` սրեց հետաքրքրությունը առաջին անգամ այս մրցույթին մասնակցած Հայաստանի ներկա կատարողական ներուժի և ԱՊՀ երկրների 40 շնորհալիների հետ դժվարին «երաժշտամարաթոնում» «Ճանապարհ դեպի վարպետություն» գլխավոր մրցանակը շահած երիտասարդի բնատուր շնորհների նկատմամբ: Նեցուկ գտնի նորելուկ արվեստագետների ստեղծագործական եռանդը վերին ատյաններում` կյանքով արդարացված, ապրեցնող լավատեսությամբ կխմորվի նոր ժամանակների ծնունդ նրանց արարչական տքնանքը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ