ԿՇԱՀԵ՞ՆՔ ԻՍԿԱՊԵՍ


Հարկերը վճարելու և հանգիստ քնելու մասին հանրահայտ ասացվածքը մեզանում գլխիավայր շուռ է եկել: Որքան էլ անտրամաբանական լիներ, այնպես ստացվեց, որ հարկային մուտքերը խթանելու ուղղությամբ տնտեսավարողներն այդպես էլ չցանկացան լրջորեն մտածել` այդ գործը թողնելով Պետեկամուտների կոմիտեին: Ասվածն ինքնին վկայում է, որ անհիշելի ժամանակներից ստվերի դեմ պայքարելու մասին հավաստիացումներն ու խոստումները այդպես էլ էական տեղաշարժ չէին արձանագրել, և այնպիսի նորամուծություն էր պահանջվում, որն ամենալավ իմաստով կարող էր ցնցում առաջացնել ոլորտում: Ելքը կարծեք թե գտնվեց: Թեպետ դժվար էր հավատալը «Շահում եք դուք` շահում է պետությունը» նորահռչակ կարգախոսին, այդուհանդերձ բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ յուրօրինակ ու համապետական այս «ակցիային» մասնակցելով` հանրությունը գոնե չի տուժելու: Ի վերջո, պետության և քաղաքացու շահերի համատեղումը, ինչքան էլ անհնարին թվա, այնուամենայնիվ ՀԴՄ շահող կտրոնների ներդրումը կարող էր այդ հազվադեպ բացառությունների շարքում դասվել… Եվ իրոք, դժվար էր երևակայել, որ (համենայն դեպս` գոնե մինչև այսօր) մենք նյարդեր ենք ավելի շատ քայքայելու այսպես կոչված շահող կտրոններ կուտակելուց: Հայկական ավանդական լավատեսությունը հնարավորություն չէր տվել նախապես պատկերացնել, որ մեր սիրելի տնտեսվարողների թափթփված ու անձնանպաստ գործելաոճը խոչընդոտելու է պետության պահանջի և սպառողների սպասելիքների իրականացումը: Այստեղ, սակայն, մի քանի կարևոր նկատառում ևս չարժե շրջանցել: Հակառակ Պետեկամուտների կոմիտեի խոստումներին` շահող կտրոնների համար սահմանվեց նախատեսվածից բարձր գին: Եվ եթե նախկինում դրանց մեկ տրցակը վաճառվում էր 50-100 դրամով, և կտրոններ կարելի էր ձեռք բերել տոնավաճառներից կամ գրասենյակային ապրանքներ վաճառող ցանկացած խանութից, ապա դրանց նոր` 350 դրամանոց արժեքը այլևս գերազանցեց բոլոր կանխատեսումները: Ավելին, «հերթի տակ» աշխատող հարկային տեսչության ստորաբաժանումներում առանց հերթ կանգնելու կտրոններ կարելի էր 500 դրամով ձեռք բերել: Ուստիև, եթե պնդենք, թե մինչև տասն անգամ ավելի բարձր գնով տնտեսվարողներին հրամցվող կտրոնները կարող են նաև վաճառվող ապրանքների ինքնարժեքի բարձրացման պատճառ դառնալ, հաստատ սխալված չենք լինի: Թերևս պատահականություն չէ, որ առևտրի և սպասարկման բազմաթիվ կետերում դեռևս նախորդ տարվա հետ պատմության գիրկն անցնելիք անգույն թղթիկներ են մարդկանց հրամցնում: Վերջին հաշվով, ՀԴՄ կտրոն կոչվածը համառ ջանքեր ու հետևողականություն է պահանջում «կախարդական» արկղիկից դուրս գալու ու սպառողի գրպանում հայտնվելու համար: Առավելագույն արդյունք (իհարկե, հայկական աչքաչափով) կարող է արձանագրվել թերևս միայն փետրվարի 5-ից հետո: Եվ իրոք, առաջին խաղարկության արդյունքները միայն կարող են պարզորոշ դարձնել, թե աշխարհի բազմաթիվ երկրներում ժամանակին հաջողությամբ ներդրված շահող կտրոնների միջոցով բյուջետային մուտքեր ապահովելու ծրագիրը մեզանում վերջնականապես տապալվելո՞ւ է, թե՞ իսկապես կյանքի իրավունք ունի: Եթե վիճակախաղի քարերը իրականում օբյեկտիվորեն հայտնաբերեն խոստացված 10 հազար երջանիկներին, ուրեմն հարկային մուտքերը շուրջ հինգ անգամ ավելացնելու` Պետեկամուտների կոմիտեի երազանքն իրականացված կարելի է համարել: Իսկ հունվար ամիսը, որքան էլ կազմակերպչական վատ աշխատաոճի հետևանքով գոնե կիսով չափ տանուլ տրված համարենք, այնուամենայնիվ, անվիճելի ու ակնհայտ է, որ վիճակահանությունն է որոշելու ՀԴՄ կտրոնների միջոցով բյուջեի հարստացման ծրագրի ճակատագիրը: Այլապես, հակառակ խոստումնալից կարգախոսին` ո°չ պետությունն է շահելու, ո°չ էլ քաղաքացին: