ԴԱ՞ՐՁ… Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ


Ուրիշ պարագայում Հանրապետության երկու էքս նախագահների համագործակցության հեռանկարը միգուցե այսչափ հետաքրքիր չլիներ: Բայց այնպես է ստացվել, որ նման «ձևաչափը» այլևս ոչ միայն հավանական է համարվում, այլ ինչ-որ չափով արդեն նույնիսկ ուրվագծվում է: Ասել է թե` ամեն ինչ կարելի է իրերի հետագա դասավորությամբ պայմանավորել: Նման կանխատեսումները Վարդան Օսկանյանի ոչ անհայտ, իսկ ավելի ճիշտ աստիճանաբար ավելի ու ավելի հանրահայտ դարձող «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցառումներին երկու ճամբարների հանրահայտ դեմքերի ակտիվ մասնակցությամբ ու ջերմ շփումներով չեն միայն հիմնավորվում: Այստեղ նույնիսկ չարժե կարևորել, որ նշված հիմնադրամի գրասենյակը Հյուսիսային պողոտայի ճիշտ այն հատվածում է, որը Լ. Տեր-Պետրոսյանի հավատավորները տևականորեն փորձեցին հեղափոխության հրաբխի խառնարան դարձնել: Տվյալ պարագայում խնդիրը բոլորովին այլ հարթության վրա է. լևոնականների ու քոչարյանականների համախմբումը կարող է առարկայանալ առավելապես նույն նպատակի` իշխանության հասնելու շրջանակներում: Եվ հենց այս հանգամանքն էլ ուշագրավ է դարձնում ակամայից առաջացող բոլոր համադրումները, այդ թվում նաև Վ. Օսկանյանի գրասենյակում տեղի ունեցող հանդիպումները, որոնց հրապարակային մասն իրականում որքան անկարևոր, նույնքան էլ անհետաքրքիր է: Մեծ հաշվով այս կազմակերպության նպատակներն իր անվան նման «անվերծանելի» են, ու ինչքան էլ տարօրինակ թվա, նախկին նախագահների թիմերի հնարավոր համագործակցությունը հատկապես ուշագրավ է դառնում այն առումով, երբ այլևս ակնհայտ է, որ այն ոչ մի լավ բան դարձյալ չի խոստանում: Իսկ միավորման հետևանքներն իսկապես մտահոգիչ կարող են լինել, քանի որ հանրությունը մեկ անգամ արդեն վայելել է առաջին և երկրորդ նախագահների պաշտոնավարման պտուղները: Իսկ այդ պտուղներն ավելի շատ քա՞ղցր, թե՞ դառն են եղել, առանց կրկնակի համտեսի էլ կարելի է ասել: Միայն այն իրողությունը, որ նախկին նախագահների հնարավոր միավորումը այսօրվանից արդեն հանրային լրջագույն մտահոգություններով ու անհանգստությամբ է ուղեկցվում, թերևս արդեն այս հարցի ամփոփ և ամբողջական պատասխանը ներկայացնում է: Երկու ճամբարների քարոզչական ռմբակոծությունները, որոնք ավելի շատ Ռ. Քոչարյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի կողմից միմյանց մահացու մեղադրանքներ հասցեագրելով էին դրսևորվում, կարող են շատ արագ ջերմ ձեռքսեղմամբ ավարտվել: Ինչպես ասում են, սա տեխնիկայի խնդիր է: Թեպետ սովորաբար քաղաքական ուժերն են ժողովրդին մեղադրում կարճ հիշողության համար, սակայն եթե հանրային գիտակցությունը ավելի շատ առաջնորդվում է լավատեսությունից բխող ներողամտությամբ, ապա քաղգործիչ ներին առավելապես տվյալ իրավիճակի քաղաքական շահն է առաջնորդում: Լ. Տեր-Պետրոսյանն այս իմաստով անհանգստանալու կարիք առանձնապես չունի, քանի որ ներկայում վերջինիս համար ավելի անհեթեթ իրավիճակ դժվար է պատկերաց նել: Դատելով գոնե վերջին ամիսների նրա գործունեությունից, իսկ ավելի ճիշտ` անգործությունից, առաջին Նախագահին ավելի շատ ձեռնտու է վերջին ընտրությունների հետ կապված ցանկացած իրադարձություն անցած-գնացած համարելը, պատմության այդ էջը հնարավորինս մոռացության տալը… Եվ ներկայում խնդիրը միայն մեկը մյուսի հետևից ազատության մեջ հայտնվող այսպես անվանյալ քաղբանտարկյալներն են ու նաև այն ընտրազանգվածը, որ դեռ նրա հետ ինչ-ինչ հույսեր է կապում: Այլապես գործող իշխանության համար այսչափ ցանկալի ընդդիմության կարգավիճակը Լ. Տեր-Պետրոսյանը առնվազն անպատվաբեր կհամարեր ու վաղուց և կրկին հեռացած կլիներ քաղաքականությունից: Համենայն դեպս, սկսած անցյալ մարտի 1-ից` առաջին Նախագահն առաջնորդվում է միայն մեկ «սկզբունքով»` ժամանակի վրա խաղալով կամ ավելի ճիշտ այդ ժամանակը «ձգելով»: Ղարաբաղի հարցի լուծումը նա սիրահոժար կերպով զիջեց իշխանություններին` հրաժարվելով գոնե հարթակային խորհրդատուի կարգավիճակից: Գյուլի այցը մեջտեղ բերելով` Լ. Տեր-Պետրոսյանը հետաձգեց երկար սպասված հանրահավաքը: Հայտարարեց, թե ՀՀՇ-ի հանգույն Կոնգրեսի կառույցներ է ստեղծում, ու ակտիվ քաղաքական պայքարը իրենից միայն ավելորդ ժամանակ է խլելու… Հիմա էլ ընտրազանգվածին «հուսադրում» է, թե էլի երկու ամիս ասելիք չի ունենալու և մարտի 1-ին երևի թե հանրահավաք կկազմակերպի: Այս իրավիճակում բոլոր հիմքերը կան կարծելու, թե հաջորդ հրապարակային միջոցառումը լևոնականները մեկ էլ հաջորդ մարտի 1-ին կկազմակերպեն: Հիրավի, երանելի հակառակորդ (՞) է Լ. Տեր-Պետրոսյանը գործող իշխանության համար: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Ռ. Քոչարյանը առայժմ անուղղակի, բայց ակնհայտորեն երկակի խաղը սեփական անվան հետ կապվող թարմ և ոչ այնքան հաճելի հիշողությունները փորձելու է Կոնգրեսի երեսին «սվաղել», ինչը, հավանաբար, Լ. Տեր-Պետրոսյանի համակիրների նոսրացած շարքերը վերջնականապես թմրեցնելու նպատակն է հետապնդում: Այլապես թոշակառու չդառնալու խոստումը որքան էլ հավատընծա թվա, 8-9 ամիսը դեռ շատ քիչ է` ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Լ. Տեր-Պետրոսյանին վնասազերծելու վարկածն, անշուշտ, գոյության իրավունք ունի: Բայց պակաս հավանական չէ նաև, որ Ռ. Քոչարյանը մեկ գնդակով մի քանի նապաստակ սպանելու հավակնությունն էլ ունենա… Ի տարբերություն նույն Լ. Տեր-Պետրոսյանի` նա միայն առաջին համարի շապիկ չի նախընտրում, ինչը հավանական է դարձնում ասենք Երևանի քաղաքապետ դառնալու նրա ծրագիրը: Առավել ևս, որ այս թեման մի փոքր ավելի առարկայացավ նախորդ տարեվերջին, երբ երկրորդ Նախագահը անորոշ կարգավիճակով սկսեց մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում հայտնվել: Ռ. Քոչարյանն, իհարկե, կարմիր ժապավեններ կտրել միշտ է սիրել, բայց եթե նրա քաղաքական վերադարձի ծրագրերը շատ մոտ ապագային չվերաբերեին, նա հաստատ հենց այնպես «ծանր տեղը չէր թեթևացնի»: Չի բացառվում, որ իսկապես շաբաթն ուրբաթից շուտ գա, և որքան էլ տարօրինակ թվա, երկրորդ Նախագահի հաշվարկները համաշխարհային տնտեսական ճնգաժամի հետևանքների հետ շաղկապված լինեն: Դեռ էն գլխից ժամանակավոր համարվող Տիգրան Սարգսյանը օր օրի ճգնաժամի հայաստանյան հետևանքների գլխավոր մեղավորն ու քավության նոխազն է դառնում: Ինչն էլ իր հերթին է մեծացնում շուրջ տասը տարի առաջ Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով վարչապետ նշանակված Ռ. Քոչարյանի` Կառավարության շենքում վերստին հայտնվելու հավանականությունը: Կարճ ասած` «դարձ ի շրջանս յուր…»: Քոչարյան-Տեր-Պետրոսյան տանդեմի պարագայում նրանցից մեկի «դարձը» կարող է նշանավորվել կառավարություն մուտքով, մյուսը, ավելի հավանական է, «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող սև դղյակում նոր գրքեր կգրի……