2009-ը անակնկալներ է խոստանում


Այն, որ նոր սկսվող 2009 թվականն աշխարհաքաղաքական զարգացումների առումով «քնած» տարի չի լինի, վկայում են և° խորացող համաշխարհային ֆինանսատնտե սական ճգնաժամը, և° ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը, և° իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմը: Թվարկվածներից վերջինի անմիջական ազդեցությունն այսօր արդեն նկատելի է Մերձավոր Արևելքում: Իսկ այս գերզգայուն տարածաշրջանում աննշան թվացող ամեն փոփոխություն, թերևս կարող է աշխարհում գործող ուժերի վերադասավորումների, գերտերությունների քաղաքականության ուղղությունների անսպասելի շրջադարձների տեղիք տալ: Մերձավոր Արևելքում իսրայելա-պաղեստինյան պատերազմի առաջացրած առաջին անակնկալն այդ պատերազմին Թուրքիայի արձագանքն էր: Պաշտոնական Անկարան, որ միշտ հանդես է եկել Իսրայելին աջակցողի, նրա դաշնակցի դիրքերից, այս անգամ սուր քննադատության սլաքն ուղղեց Իսրայելի դեմ` Գազայում նրա գործողությունները որակելով որպես մարդկության դեմ գործած հանցանք: Համարժեք պատասխանը չուշացավ: Թելավիվն սպառնաց Կնեսետի նիստում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Թուրքիայի այս քայլը որքան էլ ոմանց համար անսպասելի, այնուամենայնիվ, տեղավորվում է թուրքական դիվանագիտության տրամաբանության շրջանակներում: Թուրքիայից առաջ շատ երկրներ արդեն դատապարտել էին Գազայում Իսրայելի գործողությունները, և Թուրքիան չէր ցանկանում իր վարքագծով զատվել թե° առաջադեմ Եվրոպայից, թե° մահմեդական աշխարհից: Իհարկե, այս խնդրում կա մի կարևոր հանգամանք ևս, որը չի կարելի հաշվի չառնել: Իսրայելա-պաղեստինյան պատերազմի առնչությամբ դեռ իր խոսքը չի ասել Թելավիվի և Անկարայի կարևոր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգները: Սակայն քաղաքագետների կարծիքով` հունվարի 20-ից` Սպիտակ տան նոր ղեկավարի պաշտոնակալու թյունից հետո, Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը, թերևս, նույնպես կկոշտանա: Նույն` թուրքական դիվանագիտության տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել նաև Թուրքիայի ներքին կյանքում առկա զարգացումները: Խոսքը «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործունեության բացահայտումների, այդ գործով ընթացող քննության ու դատավարության մասին է: «Էրգենեկոնի» գործը սերտորեն առնչվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: Եվրամիությանն անդամակցելու գործում, ի թիվս այլ խնդիրների, Թուրքիային խանգարում է նաև Հայոց Ցեղասպանության հարցը: Եվ Անկարան ուղիներ է փնտրում այդ խնդրից ազատվելու համար: Պատահական չէ «Էրգենեկոնի» գործի քննության ընթացքում այն բացահայտումը, որ այդ կազմակեր պության հնարավոր զոհերի ցանկում են հայտնվել հայկական թեմի առաջնորդը, Սվազի հայ համայնքի ղեկավարը և այլ ազդեցիկ հայեր, ինչպես նաև վարչապետ Էրդողանը: Պատահական չէ նաև այն, որ հայտարարվում է, թե «Էրգենեկոնի» գործողություններն ուղղված են Թուրքիայի թշնամիների դեմ: Իսկ այդպիսիք համարվում են հույները, հայերը և քրդերը: Հատկանշական է, որ «Էրգենեկոնի» բացահայտված ղեկավարների կազմում հիմնականում բարձրաստիճան զինվորականներ են` քեմալականներ: Այսպիսով, բացահայտելով հիշյալ ահաբեկչական կազմակերպությունը և դատ սկսելով նրա դեմ, թուրքական իշխանությունները, կարծես, ցույց են տալիս աշխարհին, թե տեսեք` ինչ վատն են քեմալականները, իսկ իշխանությունները (իսլամիստները) եվրոպական արժեքներ են դավանում: Ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը Արևմուտքին ստիպում է լրջորեն մտածել Ռուսաստանն ու Ուկրաինան շրջանցող գազատարի մասին: Ըստ «Նաբուկոյի» ծրագրի` թուրքմենական ու ադրբեջանական, չի բացառվում նաև իրանական գազը Հայաստանով դեպի Եվրոպա հասցնելը: Ի դեպ, քաղաքագետներն ու վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման կջանա սերտ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ: Իսկ վերջինս կարևոր դիրքեր է զբաղեցնում շանհայյան պայմանագրի անդամ երկրների մեջ, ինչն իր հերթին կարող է նպաստել Թուրքմենստանի հետ գազի հարցում համաձայնության գալուն: Նաբուկոյի ծրագրի իրականացումը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Սակայն մինչ այդ դեռ հարկավոր է «չոր» դուրս գալ այսօր կուտակված խնդիրների «ցեխից»: Մի քանի օրից կսկսվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը: Ի՞նչ որոշում կընդունվի Հայաստանի մասին. այս հարցը խիստ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում: Անգամ սկսել են միմյանց մեղադրել միջազգային հեղինակավոր կառույցների հետ վատ աշխատելու համար: Այս տեսակետից արժանահիշատակ է Ռաֆիկ Պետրոսյանի քննադատությունը ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հասցեին ու վերջինիս պատասխանը: Իսկ եվրոպական պետությունների խորհրդարանների ղեկավարներին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հղած նամակի բացահայտումը, ինչպես ասում են, խայտառակության վերջն էր: Սրանով կրկնվում է պատմությունից եկող սխալը` մեր սեփական սխալները սեփական ուժերով ուղղելու փոխարեն, դիմում ենք ուրիշներին: Խնդիրն ավելի է լրջանում այն հանգամանքով, որ նույն ժամանակամիջոցում Բաքու, Երևան ու Ստեփանակերտ են ժամանում Մինսկի խմբի համանախագահները: Այսինքն, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում հերթական աշխուժացումն է հասունանում: Հիշատակված իրողությունների համատեքս տում ի՞նչ դիրք կընդունի Եվրոպան, ի՞նչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկումը մեր երկրի, մեր ազգային շահերի համար… Իրոք, 2009 թվականին մենք աշխարհաքաղաքական նոր զարգացումների ականատեսը կլինենք:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ