Ընդհանուր հայացք 2008-ի մշակութային բերքահավաքի զամբյուղին


1. «Փառատոները ցայտուն երևույթներ ներկայացնելու միտում չունեն» -Առավելագույնս ներգրավված լինելով մշակութային կազմակերպվող միջոցառումների տիրույթում` միանգամայն կիսում եմ երաժշտարվեստում արձանագրված ակնառու ձեռքբերումներով Ձեր խանդավառությունը: Դասական և ժամանակակից երաժշտության մի շարք փառատոներին անվանի երաժիշտ կատարողների մասնակցությամբ, անշուշտ, բարձրարվեստ մեծ աշխուժություն է առաջանում մեր մշակութային առօրյայում: Բայց դրանց համերգների տոմսավճարը պարզապես անհնարին է դարձնում մտավորականութ յան, առհասարակ արվեստասեր հանրության մեծամասնության անմիջական հաղորդակցությունը մատուցվող արվեստին: - Դա շատ լուրջ խնդիր է: Իսկապես այդ համերգային ծրագրերը թանկ արժեն: Առայժմ չունենք պետության և հովանավորների ֆինանսական ներդրումների այն ծավալները, որոնք թույլ կտան ուղղակի նվիրել սեփական ժողովրդին այդ համերգները: Ամբողջ աշխարհին է բնորոշ այս վիճակը: Մեր ունեցած դահլիճները փոքր են իրենց ընդգրկման չափերով, ինչը հնարավորություն չի տալիս տոմսերի գնի ավելի ճկուն քաղաքականություն վարել: Իջեցնելով տոմսերի գինը` նաև ավելի շատ մարդ կարող ենք ներգրավել անցկացվող միջոցառմանը: Մարզահամերգային համալիրի հանձնումը, կարծում եմ, այդ իմաստով ինչ-որ տեղաշարժի հնարավորություն կընձեռի: Գլոբալ առումով այդ հարցի մասնակի լուծումը գտնվել է: Հեռուստատեսությունը ձայնագրում ու հեռարձակում է բոլոր մշակութային միջոցառումները: - Երբեմն նույնիսկ լուսաբանության կոչված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի արտոնվում ներկա գտնվել ասուլիսներին հաջորդող մի շարք համերգների: Առանց անմիջական տպավորությունների վրա հիմնված փոխշփումների կոնկրետ արվեստագետների հետ անկարելի է ամբողջական, արժանահավատ ու խորիմաց անդրադարձ կատարել նրանց ելույթների մասին: Ձեր հայտարարած լավագույն լուսաբանության մրցույթը, կարծում եմ, միայն այդ պարագայում ցանկալի արդյունքին` համակողմանի ակտիվ մեկնաբանության եղած բացը լրացնելուն կնպաստի: - Լիովին համաձայն եմ` ով պետք է մեկնաբանի ծրագիրը, սկզբից մինչև վերջ, իհարկե, պետք է ներառված լինի նրանում: Մասնագետներն էլ անպայման պետք է մասնակցեն: Առավելագույնս աշխատում ենք ապահովել լրագրողների և պրոֆեսիոնալների անվճար մասնակցությունը ինչպես երաժշտական, այնպես էլ թատերական փառատոներին: Անցած տարվա լեփ-լեցուն, խուռներամ դահլիճներն ինձ դուր եկան: Անմիջապես զգացվում էր տարբեր խավերի վերաբերմունքը մատուցվող միջոցառմանը, ինչը մեծապես օգնում է դրանց հետագա լավացմանը: - Մեկ անհարմարություն ևս: Միոցառումները կենտրոնանում են աշնանը ու խաչաձևվում` բացառելով հստակ կենդանի պատկերացումը բոլորի մասին: - Դեռևս չունենք ունակությունը միջոցառումների կազմակերպման կոնցեպտուալ դասավորվածության: Բացի դրանից, միջազգային խոշոր ծրագրերն իրականացնելիս ստիպված ենք հաշվի առնել արտերկրից հրավիրվածների նախասիրությունը` աշնանային Հայաստանի գրավչությունը վայելելու: Տարեկան հավասարակշռությունը կարգավորելու նկատառումով բոլոր թատրոնների տնօրեններին հայտարարված է նախապես շահագրգիռ հասարակական կազմակերպությունների տարեկան ծրագրերի հայտերը հավաքագրել, որպեսզի կարողանանք ուղղորդել դրանց իրարահաջորդ ընթացքը: Ինքներս էլ տեղափոխություններ ենք անում: «Թատրոն-X» փառատոնն, օրինակ, այս տարի անցկացվելու է փետրվարի կեսերին: Հունիսին նախատեսված «Վրաստանի մշակույթի օրերը» տեղի կունենան մարտին… - Վերջին տարիներին լայն թափ առած փառատոնային շարժումը հազվադեպ է հագեցած լինում բարձրարժեք մշակութային բովանդակությամբ: Մեր ամենախոշոր կինոփառատոնի` «Ոսկե ծիրան»-ի հոբելյանական ծավալուն ծրագրում այս առումով աղքատիկ էր մրցութային խաղացանկը: Իսկական կինոարվեստը ներկայանում էր հետահայաց, հեղինակային անհատական ցուցադրություններով` առավելապես մատուցելով վաղեմի ստեղծագործություններ: Ուրախալին համատեղ կինոնախագծերի ստեղծման նախաձեռնությունն էր, որի հետագա զարգացման մասին որևէ հրապարակային հայտարարություն մինչ օրս, կարծես, չի եղել: - Փառատոները արվեստի ցայտուն երևույթներ ներկայացնելու միտում չունեն հիմնականում: - Պարզապես մեր հանրաճանաչմա՞նն են նպաստում միջազգային մշակութային ասպարեզում: - Այո, նաև խթանում են ստեղծագործական միտքը` կենդանի փոխշփումներով: Ասենք, Վիմ Վենդերսի հետ առնչվելը սոսկ կարող է նոր մտահղացումներ ծնել, սնունդ տալ ստեղծագործական երևակայությանը, վարպետության մասնագիտական գործնական դասընթացի նշանակություն ձեռք բերել: Նույն ռետրո արվեստը շատ ավելի սնուցող է, ցավոք սրտի: Երբ անդրադարձ ենք անում նույն կինոժանրի դասականներին, ավելի մեծ հոգեկան բավարարվածություն ենք ստանում, համաձայն եմ: Կինոնախագծերն, ի դեպ, իմ անձնական շահագրգռությամբ են ծնվել: Համահայկական դաշտի ներուժը մինչ այդ ոչ մի տեղ չէր երևում: Նախագծերը հետագա քննարկումներ ունեցան թե° համացանցային, թե° անմիջական շփումներով: Այժմ 5 տարբեր երկրների (Իտալիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Իրան) ռեժիսորների մասնակցությամբ «Հողը» ֆիլմի նկարահանման 5 նախագիծ է ներկայացված մեր Կինոխորհրդի հաստատմանը, այսինքն պետական աջակցություն ստանալուն: Թատերական ոլորտում փնտրտուքները դժվարությամբ արդյունքի հասցրին: Վերջապես գտնվեց Կալինոսկու նոր պիեսը, քննարկվելով` ստացավ «Ծնված ծերուկները» պայմանական անվանումը, ապա Հակոբ Ղազանչյանը և Ժիրայր Փափազյանը (Փարիզ) կոնկրետացրեցին համահայկական ստեղծագործական ներուժը միավորող այս նոր նախագիծը, որի իրականացմանը կմասնակցեն Նորա Արմանին, մի քանի անվանի դերասաններ ևս: Հիմա թող մեր բոլոր արվեստագետները իրենց շնորհքն ու վարպետությունը ցույց տան: Պետությունը նպաստում է ստեղծագործական նախաձեռնութ յան իրականացմանը, իսկ թե ինչպես է այն արվում, կախված է ստեղծագործողի պատասխանատվության ու կարողությունների չափից: - Այդուհանդերձ, պետական մրցանակներով, խրախուսական պարգևներով, աջակից ուշադրությամբ կոնկրետ արտահայտվում է պաշտոնական վերաբերմունքը, գնահատականը: Նոր մշակութային նախաձեռնությունների մոտ մեկ տասնյակ կազմակերպիչներին Ձեր կողմից շնորհված հատուկ մրցանակները դրա փայլուն վկայությունն են: Արվեստի գործիչները կարոտ են պետության ինչպես նյութական, այնպես էլ բարոյական գնահատող ուշադրությանը: Կարծում եմ, վերջինիս լայնամասշտաբ, կայուն խորացմամբ Դուք կնպաստեք նոր ուշագրավ նախագծերի ծնունդին: - Ըստ էության, մեզ ներկայացված որևէ հրատապ, գրավիչ առաջարկ, գոնե վերջին տարիներին, չի անտեսվում: Լավագույնները կյանքի ուղեգիր են ստանում: Կազմակեր պիչներից և կենսագործողներից է կախված դրանց հաստատուն ներկայությունը մեր մշակութային առօրյայում: - Այդ առումով կարևորում եմ նաև հոբելյանների նորովի նշանավորումը: Վերջինը, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակը, նույնպես այդ մոտեցմամբ էր կազմակերպ ված` ոչ միայն հարգանքի տուրք, այլև մնայուն նորահաստատում անվան, թողած ժառանգության` նորաստեղծ տուն-թանգարանի բացման հանդիսությամբ: - Այսուհետ էլ պետք է աշխատենք հոբելյանակատարությունները նոր ձևաչափերով անցկացնել` գեղարվեստական նորահայտ արտադրանքով վերարժևորելով մեր ունեցած մշակութային ժառանգությունը: «Կուզենայի, որ շատ չհրապուրվենք նորարարական ձևերով» - Ձեր հայեցողությամբ, խնդրում եմ, ներկայացնեք անցած տարվա մշակութային կյանքի բարձրակետերը տարբեր ոլորտներում` առաջընթաց նշանավորող, հեռանկարներ բացող: - Երաժշտության ոլորտում կարևորագույններից էին «XXI-ի հեռանկարներ», «Երևանյան» երկարածավալ փառատոները, որոնց շնորհիվ հաղորդակցվեցինք համաշխար հային անուն ունեցող երաժիշտների հետ: Այսպիսի մակարդակի հագեցվածություն երբևէ չէր եղել: - Զուգահեռ ընթացող թատերական փառատոները, ցավոք, արվեստասերներին կիսեցին դահլիճների միջև: - Ինչ արած… Կարևոր էր նաև, որ «Հայֆեստ»-ի շրջանակներում տեսանք դրսում արված սարոյանական ներկայացումները: Նորարարական ձևերով ու պատկերավոր մեկնաբանությամբ առանձնակի հետաքրքիր էր Կիրովի այգում «Անտագոն» թատրոնի գիշերային ներկայացումը, բայց կուզենայի, որ շատ չհրապուրվենք նորարարական ձևերով, ուղղակի բազմազանություն լինի: Որպես Նարեկացուն հանրահռչակող նոր նախագիծ ուշագրավ էր հայ-իտալական «Յոթ զգացողություն»-ը Վահան Բադալյանի բեմադրությամբ: Լավ է, որ այն արդեն շրջանառվում է, բայց ես նրա վերջին գործերից նախընտրում եմ Էնդեի «Օֆելյայի ստվերների թատրոնը»: Ի դեպ, երկուսն էլ ընտրվել են Մոսկվայի "իՏսՏՑՈÿ ՎՈրՍՈ +» փառատոնի կողմից: Ընդհանուր կարծիքով, «Օֆելյա…»-ն ավելի հարմար է այնտեղ ցուցադրել: - Որպես բեմադրական հասուն գործ, ավարտուն ու ամբողջական թե° ասելիքի, թե° բեմադրահնարքների նպատակասլաց միասնականությամբ: - Անկասկած: Պետության աջակցությամբ մասնակցելով Չեխիայի, Լեհաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի հեղինակավոր փառատոներին` մենք նկատելի առաջընթաց ունեցանք եվրոպական թատերական դաշտում տեղ զբաղեցնելու ուղղությամբ: Իրենց ուրույն տեղը զբաղեցրած մեր թատերական փառատոներից կարևորում եմ վերլուծական բնույթի «Թատրոն-X»-ը` հուսով, որ երկրորդն ավելի աշխույժ կանցնի` օգնելով ստեղծագործական ոլորտի աշխուժացմանն ու նոր անունների բացահայտմանը, ոլորտում կուտակված կնճռոտ խնդիրների հանգուցալուծմանը, որոնցից առաջնայինը դրամատուրգիայի և երիտասարդներին ստեղծագործական ռեալ ազատություն ապահովելու խնդիրներն են: Փորձեցինք առաջինի բացը լրացնել «Սարդարապատ» մրցույթով, չստացվեց: Շարունակելու ենք խթանիչ լծակների, ձևերի որոնումները: - Եթե թատրոնի մասին օրենքը վերջապես ընդունվի և սկսի գործել, կթեթևացնի՞ ստեղծագործական առօրյայի կողմնակի բեռը, կնպաստի՞ լավ ներկայացումների բազմաքանակ ծնունդին: - Օրենքը ազատություն է տալիս թատրոններին, ընտրության ավելի մեծ հնարավորություններ` կառավարման ձևերից սկսած: Ունենալ կամ չունենալ գեղարվեստական ղեկավար. հրավիրել կամ չհրավիրել բեմադրիչներ, դերասաններ. գործել պետական կարգավիճակով կամ անցնել ինքնուրույն գործունեության… Այսօր մենք փորձում ենք լուրջ արվեստը տեսնել ժամանցային ձևերի մեջ նաև: Մարդիկ հավաքվում են ակումբներում ջազային երաժշտություն լսելու, չէ՞: Այս օրենքով կարող են հավաքվել վաղը ինչ-որ տարածքում նաև թատերական որևէ ներկայացում նայելու` մենաներկայացումներ, մանրապատումներ… - Ժամանցայինը, սակայն, պայմանականորեն կարելի է թատրոն կոչել: Որպես բազմազանություն կարող է որոշակի գրավչություն ունենալ, ուստիև` ինքնուրույն գոյության իրավունք: Կարծում եմ, դրա խթանումը չի լինի լուրջ թատերարվեստի անտեսման հաշվին: - Իհարկե, ոչ: Աշխուժացնելով մեր մշակութային կյանքը` այն գուցե ինչ-որ թարմ ստեղծագործական գաղափարներ հուշի նաև: Թատրոնը մի ձևի մեջ չի կարող զարգանալ: Օրենքը ոչ թե միտված է փլուզելու խաղացանկային թատրոնը, այլ ընդլայնելու թատերական գործունեության շրջանակները: Խնդրում եմ, այս միտքը հստակ ձևակերպել, որպեսզի ինձ նոր մեղադրանքներ չներկայացնեն թատրոնները քանդելու: Իբր ես բոլոր բեմերն ուզում եմ վերածել ազատ բեմահարթակների: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ: - Ձեր առաջարկով մենք պայմանավորվեցինք, որ ինձ անհանգստացնող գլխավոր թեմային` Մայր թատրոնի մշուշապատ ճակատագրին չենք անդրադառնալու: Սակայն, շատերի տպավորությամբ, ազատ բեմահարթակի գաղափարը, կարծես, արմատավորվում-փորձարկվում է հենց այնտեղ: - Ոչ, նա ազատ բեմահարթակ չէ: Բարենորոգումների շրջան է անցնում… «Եթե հովանավորները չմիանային պետությանը...» - Մշակույթի նախարարությունը, համամիտ եմ Ձեզ, ստեղծագործող, միջոցառումներ կազմակերպող կառույց չէ: Իր գործառույթները ծավալելով 5 հիմնական ուղղություն ներով` գեղարվեստական կրթություն և դաստիարակություն, մշակութային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ապահովում, կադրերի պատրաստում և որակավորում, մշակութային ժառանգության պահպանում և հանրահռչակում, պետական պատվերի ձևավորում - զարգացնում է երկրի մշակութային քաղաքականությունը` ճկուն մարտավարությամբ աջակցելով ստեղծագործական նախագծերի իրականացմանը, որոնց հրատապությունը ճշգրտում է կից գործող 11 մասնագիտական խորհուրդների եզրահանգումներով: Այդուհանդերձ, եկեք շարունակենք մտաբերել անցած տարվա մշակութային բարձրակետերը այլ ոլորտներում ևս: - Կինոարվեստում այսօր սեփական արտադրանքի խնդիր ունենք: Կառկառուն ձեռքբերումներ դժվարանում եմ նշել, մանավանդ որ ֆիլմերի մի մասի աշխատանքները դեռ չեն ավարտվել: Նայել ենք Ալբերտ Մկրտչյանի «Խաղաղ փողոցի լուսաբացը»: Տարբեր կարծիքներ են հայտնվել: Մի քանի շտկումներով փայլուն ֆիլմ կլինի: Ընդհանուր առմամբ, հաջողված եմ համարում: Դրական եմ գնահատում «Գժուկներ» մանկական շարքի նկարահանումների մեկնարկը: - Մեր «Երալաշը»... - Եվ շատ լավ է, որ ի վերջո մերն ենք ունենում: Ինչ որ պետք է աներ Թատրոնի և Կինոյի ինստիտուտը, փաստորեն արեց Կինոկենտրոնը` ուսանողներին հնարավորություն տալով փոքր ֆիլմեր նկարահանել և մասամբ ի հայտ բերել սեփական կարողությունները: Արժեքի մասին դեռ վաղ է խոսել, բայց ակնհայտ շնորհալին և ապաշնորհը հստակ առանձնանում են: - Ընդունո՞ւմ եք, որ ներկա մեր կինոարվեստում գերազանցապես սիրողական մակարդակն է թագավորում: - Վիճակը գոհացուցիչ չէ ընդհանուր առմամբ, բայց ձեռնպահ եմ մնում վերջնական գնահատականից, քանի դեռ չեմ նայել Բաբայանի, Դովլաթյանի, մյուսների ֆիլմերը ևս: Միջազգային ասպարեզում, ադեկվատ մեր վիճակին, այնուամենայնիվ մասնակցում ենք կինոփառատոներին: Անկախ մրցանակային տեղեր նվաճելուց, դա որոշակի արդյունքներ տալիս է: Այլ է գեղանկարչության մեջ պետության դերակատարությունը` աջակցել նկարչին հասնել ցուցադրվելու հնարավորությանը, տարածքներ ապահովել ներսում և դրսում: Իրենց ճանաչման համար նրանք սեփական ստեղծագործություններով պետք է պայքարեն: «Արտուտիկ» մանկապատանեկան, Շորժայի երիտասարդական ճամբարների ստեղծմամբ պետությունը փորձում է նպաստել անհատների միավորմամբ ստեղծագործական մթնոլորտի կայացմանը: Նոր գործեր են ծնվում, որոնցով համալրվում են մեր ֆոնդերը, ցուցադրություններ կազմակերպվում` հստակեցնելով երիտասարդների կարողությունների ընդհանուր պատկերը: - Նկարչի տան վերաբացումն էլ, իհարկե, կաշխուժացնի նկարիչների ստեղծագործական եռանդը: Միաժամանակ կթեթևանա ազգային պատկերասրահի բեռը` ընթացիկ ցուցահանդեսների կազմակերպման: - Մարդկանց շփումներն էլ հաճախակի կդառնան ոլորտի հետ: Այնուամենայնիվ կերպարվեստը շատ ավելի շուկայական է: Ճարտարապետության բնագավառից մեր տիրույթում հուշարձանների մասն է: Այս առումով հաջողվեց վերականգնել բալանսը մարզերում: Բացօթյա բազմալեզու վահանակների և ճանապարհային ուղեցույցների տեղադրման I փուլի հաջողությամբ իրագործմանը աջակցելով` կարևոր առաջաքայլ կատարեցինք մեր պատմամշակութային ժառանգության հանրահչռակման ու պահպանութ յան խթանման ուղղությամբ: Ռիկ Նայի, Անտոնիո Մոնտալտոյի և Ռալֆ Յիրիկյանի անմիջական օժանդակությամբ ու մասնակցությամբ, անշուշտ: Տեղին է նշել, որ մեր ծրագրերից շատերը անավարտ կմնային, եթե հովանավորները չմիանային պետությանը` խոշոր ներդրումներ անելով լուրջ միջոցառումների մեջ: - Իմ համոզմամբ, ընդօրինակման արժանի է այդ տեսակետից ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած բիզնես-մշակույթը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր աշխատաոճով: - Բացառիկ երևույթ է: ՎիվաՍելի կողքին այսօր ԹՁը բանկն է կանգնում, "ՀՏրչՏրրՑՐՈւ"-ը… Մեկենասության մեր երբեմնի հիանալի ավանդույթները, կարծես, վերադարձի նշաններ են ցուցանում: Չունենալով որևէ արտոնություն` հովանավորները տարեցտարի ավելացնում են իրենց մշակութային ներդրումների չափերը: Եթե համաշխարհային ընդհանուր ճնգաժամը չխանգարի, նոր նվաճումներ կունենանք, անկասկած: «Խոշոր միջոցառումները չէ, որ կարևորում եմ» - 2009-ի գլխավոր նախաձեռնություններն, ըստ Ձեզ: - Եթե որևէ ոլորտ առանձնացնեմ, ինձ ճիշտ չեն հասկանա, որպես նախարար: Այդուհանդերձ, ասեմ: Շատ կարևոր է վերականգնողական կենտրոնի ստեղծումը, որն, ի վերջո, տարածաշրջանային կենտրոն է դառնալու: Նշանակալից կլինեն «Բուլղարիայի տարին Հայաստանում», «Դելփյան խաղեր»-ը: Մեր գործունեության մեջ ես խոշոր միջոցառումները չէ, որ կարևորում եմ, այլ` արմատական խնդիրների հետ կապված գործընթացները` կադրերի, նյութատեխնիկական բազայի… Տարիների ընթացքում եղած համակարգը քանդվել է, և այսօր մենք, փաստորեն, զրոյից ենք սկսում: - Պետությունը համապատասխան ֆինանսական լծակներ հատկացնո՞ւմ է վերականգնողական հիմնարար գործընթացն արագացնելու նպատակով, ինչը, կարծում եմ, խոշոր գումարների հետ է ամենից առաջ կապված: -Կամ միջազգային դրամաշնորհներից ենք օգտվում, որ տարբեր երկրների կառավարություններն են տալիս, կամ միջպետական ծրագրերից, կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի: Պետությունը ևս լուրջ ֆինանսական ներդրումներ է անում: Հատկապես ակնառու են գեղարվեստական կրթությանը տրամադրված հավելյալ դրամական հատկացումները: - Մեկնարկային մշակութային դրամագլուխը որքա՞ն է կազմում: - Բյուջեով հատկացվել է 9 միլիարդից քիչ ավելի գումար` ըստ տողերի, ուղղությունների, ոլորտների հստակ բաշխումով: Այսինքն մենք բյուջեով ենք առաջնորդվում և լրացուցիչ հովանավորչական գումարներով: Եթե ամեն ինչ պլանավորված հունով ընթանա, կարծում եմ, հպարտանալու նոր առիթներ կունենանք:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ