2006-ը` քաղաքական դիտանկյունից


Տարին ավարտվում է, և օրինաչափորեն անհրաժեշտություն է դառնում հետադարձ հայացքով քիչ թե շատ ամփոփ-ամբողջական գնահատական տալ պատմություն դարձած 2006-ին: Անցումային շրջանում գտնվող պետությունների համար խիստ բնութագրական է, որ գրեթե յուրաքանչյուր տարի թե° փորձագետներն ու վերլուծաբանները, թե° ամբողջ ժողովուրդը բեկումնային, բնականաբար, դրական իրադարձությունների ակնկալիքներ են ունենում և ամեն անգամ, այս առումով հուսախաբ են լինում: Հիասթափության առիթներ չէին լինի, եթե բոլորը վերջապես կարողանային հասկանալ, որ ինչպես ամբողջ հետխորհրդային տարածքի պետություններում, այնպես էլ Հայաստանում կտրուկ շրջադարձերը` «թռիչքաձև» զարգացումները բացառվում են: Հետևաբար պետք է ապավինել աստիճանական զարգացմանը: Եվ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համար 2006 թ. սովորական, բնականոն, օրինաչափ, այսինքն կանխատեսելիության շրջանակներում «տեղավորված» տարի էր: Ի սկզբանե անհիմն լավատեսությունները բացառելու դեպքում, ձեռքբերումները և բացթողումները համադրելով` ընդհանուր առմամբ, տարին կարելի է գնահատել եթե ոչ լիարժեք դրական, գոնե` բավարար: Արտաքին քաղաքականություն Անցնող տարում մի ավելորդ անգամ ապացուցվեց, որ Հայաստանի որդեգրած փոխլրացման քաղաքականությունը խոշոր հաշվով արդարացնում է իրեն: Հավասարակշռված ու ճկուն մարտավարությունը, համագործակցության պահպանումը և խորացումը աշխարհի «ուժային» խոշոր կենտրոնների` ԱՄՆ-ի, Եվրամիության հզոր երկրների, Ռուսաստանի հետ, անկասկած, դրական ազդեցություն է ունենում Հայաստանի վարկանիշի բարձրացման առումով: Հայաստանն աստիճանաբար ընկալելի, կայուն, կանխատեսելի պետության համբավ է ձեռք բերում: Նշված հատկանիշները բոլոր գերտերությունների համար էլ առաջնային են համարվում, և գործընկերության խորացումը այդպիսի պետության հետ արդյունավետ ու հեռանկարային է ընկալվում: Խոսենք փաստերով: Պահպանելով համագործակցության բարձր մակարդակը Ռուսաստանի հետ` Հայաստանը ընդգրկվեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրում և առաջիկա տարիներին մոտ 230 մլն դոլարի օգնություն կստանա Նահանգներից: Սա այն դեպքում, երբ ռուս-ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, մեղմ ասած, չեն համընկնում: Ավելին, գնալով խորանում ու սրվում է մրցակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև` մեր տարածաշրջանում ազդեցության շրջանակները ընդլայնելու համար: Գտնվելով գերտերությունների շահերի բախման խաչմերուկում, մեր դիվանագետներին հաջողվում է երկիրը զերծ պահել արտաքին քաղաքական ազդեցությունների բացասական դրսևորումներից: Զուգահեռաբար դրական տեղաշարժեր են արձանագրվում եվրաինտեգրման, եվրոպական առանցքային երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացման առումով: ՖՀ նախագահ Ժակ Շիրակի պաշտոնական այցը Հայաստան, դրան հետևած` Ֆրանսիայի սենատի կողմից Ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրինագծի ընդունումը ինքնին հաստատում են, որ ի դեմս եվրոպական հզոր պետության, Հայաստանը ձեռք է բերել անկեղծ բարեկամ: Արտաքին քաղաքական ոլորտում, անշուշտ, կան նաև բացթողումներ: Այդ մասին ընդդիմությունը շատ է խոսել և դեռ կխոսի: Բացասական գործոններից թերևս միակ ակնհայտն ու վտանգավոր հետևանքներ ունեցողը Հայաստանի դուրս մնալն է տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերից: Անուղղելի հոռետեսները, որպես կանոն, մատնացույց են անում Բաքու-Ջեյհան նավթամուղը, որը ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում, իբր կարող էր անցնել Հայաստանով: Սակայն, եթե նկատի ենք ունենում, որ դրա գինը միանշանակ կարող էր լինել ԼՂՀ անկախության կորուստը, ապա ո՞ւմ լեզուն կարող է «պտտվել» իշխանություններին փնովելու: Այ, եթե Ադրբեջանին և Թուրքիային հաջողվի գլուխ բերել Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, ապա դա իրոք կարելի է համարել հայկական դիվանագիտության ճակատագրական ձախողում: Առայժմ թե° ՀՀ իշխանությունները, թե° սփյուռքյան կառույցները լուրջ աշխատանքներ են տանում` ԱՄՆ-ին համոզելու` թույլ չտալ կառուցել Հայաստանը շրջանցող և մեր երկրի շրջափակումը «հավերժացնող» Կարս-Ախալքալաք երկաթգիծը: Որոշ դրական միտումներ այս հարցում կան, բայց վտանգը դեռ մնում է: Տարածաշրջանային ինտեգրման խնդրում կորցրածը հետ բերելու հնարավորություններ կան: Մնում է միայն հուսալ, որ մինչ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, նոր բացասական իրադարձություններ տեղի չեն ունենա, և մեր իշխանությունները գոնե կկարողանան կանխել անցանկալի զարգացումները: Ներքաղաքական իրավիճակ Նախորդ տարիների հետ համեմատած 2006-ը քաղաքական առումով ավելի կայուն էր: Թեպետ ճշմարտության դեմ չմեղանչելու համար այդ կայունությունը հարկ է դիտարկել տրամագծորեն հակադիր երկու տեսանկյուններից, դրական և բացասական: Ներքաղաքական կայունությունը, որպես կանոն, նպաստում է տնտեսական առաջընթացին, զերծ պահում երկիրը արտաքին քաղաքական վտանգներից: Մյուս կողմից «չափից ավելի» կայունությունը առաջ է բերում մի տեսակ ճահճացում. քաղաքական կյանքի բնականոն ռիթմը խաթարվում է, իսկ որոշ դեպքերում առիթմիկ պրոցեսները այնպիսի տպավորություն են ստեղծում, որ կարծես երկրի քաղաքական «զարկերակը» ընդհանրաhպես կանգ է առել: Զուտ իրադարձությունների առատության տեսանկյունից 2006-ի սկիզբը հետաքրքիր զարգացումների հեռանկարներ էր խոստանում: Կուսակցական համակարգի և ընդհանրապես քաղաքական դաշտի լիարժեք ձևավորված չլինելու պարագայում աշխույժ գործընթացները միայն դրական խթան կարող են հանդիսանալ քաղաքական կյանքի առողջացման համար: Սակայն արդեն ամռան ամիսներին պարզվեց, որ այդ աշխուժությունը արհեստական էր և իմիտացիոն: «Միավորում հանուն Հայաստանի», «Նոր երկիր», «Բարգավաճ Հայաստան» նոր ստեղծված կուսակցություններից առաջին երկուսը լիակատար ֆիասկո ապրեցին, և միայն «Բարգավաճ Հայաստանն» է շարունակում ընդլայնվել և հզորանալ: Ընդդիմության ակտիվության փորձերը գարնանը դեռ որոշ հույսեր ներշնչում էին, սակայն ամառային «անդորրից» հետո արմատականները սկսեցին «պատեպատ» զարկվել, տեղապտույտը հաղթահարելու համար «շարժումներ» նախաձեռնել և ըստ էության, ամբողջ տարվա «կտրվածքով» այդպես էլ չկարողացան «մեռյալ» կետից պոկվել` մնալով «պատային» վիճակում: Մինչդեռ երկրի համար խիստ անհրաժեշտ էր հենց ներկա վիճակում ունենալ կուռ, համախմբված, արդյունավետ պայքարի տեսանելի ներուժով և միասնական լիդերով հզոր ընդդիմություն: Պարզ աքսիոմա է. եթե չկա լուրջ պայքար ընդդիմության և իշխանության միջև, տվյալ պետության զարգացումը վտանգված է: Թափթփված, ցաքուցրիվ, առանց գաղափարական հենքի, հավակնոտ, քաղաքական դաշտում սեփական տեղն ու դերը չհստակեցրած, «աջն» ու «ձախը» չպատկերացնող, մերթ ռուսամետ, մերթ արևմտամետ դիմակներ փոխող հայաստանյան ընդդիմությունը իր հիմնական առաքելության մի չնչին մասն անգամ չկարողացավ իրագործել: Իսկ իշխանություննե՞րը: Առանց լուրջ դիմակայության հանդիպելու, նրանք պարտավոր էին չկորցնել զգոնությունը, ինչը այդ պարագայում այնքան էլ հեշտ չէ: Երկնիշ տնտեսական աճ, իհարկե, այս տարի էլ արձանագրվեց: Սակայն խոսել ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման մասին` առայժմ դեռ վաղ է: Մարդիկ չեն զգում և չեն «շոշափում» տնտեսական աճի ազդեցությունը սեփական կենսամակարդակի վրա, քանզի սոցիալական բևեռացումը իներցիայով շարունակվում է: Այսինքն հարուստները շարունակում են հարստանալ, աղքատները շարունակում են մնալ աղքատ... Իշխանական ճամբարում, քաղաքական ուժերի հարաբերություններում մերթընդմերթ ի հայտ եկող լարվածությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի, երբ միտվում էր հասնել ծայրահեղ չափերի, անմիջապես «գործում» էր ՀՀ նախագահի «ռեժիսորական» փայտիկը: Բացառություն կազմեց միայն ՕԵԿ-ը, որն այնքան «համը հանեց», որ ՀՀ նախագահը և իշխանական մյուս ուժերը որոշեցին ոչ թե հարթել հակասությունները պոպուլիզմի «կնքահայր» այս կուսակցության հետ, այլ պարզապես, «կարմիր» քարտ ցույց տալով, վտարել իշխանական դաշտից: Հարկ է ընդգծել, որ 2006-ին է°լ ավելի հզորացավ իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն: Թերևս դա էլ առիթ հանդիսացավ, որ ընդդիմադիրները անխնա քննադատության նետերը ուղղեն հիմնականում այս կուսակցության դեմ: Ի դեպ, նույնիսկ որոշ իշխանական և իշխանամետ կուսակցություններ էլ խանդի կամ նախանձի «հողի վրա» ենթատեքստերով կամ ակնարկներով փորձեցին «քար գլորել» հանրապետականների ուղղությամբ: Սակայն ՀՀԿ-ի օբյեկտիվ գնահատականը անցյալ շաբաթ օրը տվեց ՀՀ նախագահը` բարձր գնահատելով այս կուսակցության փորձառությունը և մեծ ներդրումը Հանրապետության տնտեսական առաջընթացի գործում: Ռ. Քոչարյանը մասնավորապես նշեց, որ ՀՀԿ միակ թերությունն այն է, որ իր կատարած հսկայածավալ աշխատանքը չի կարողանում գովազդել և ըստ արժանվույն ներկայացնել հանրությանը: «ՀՀԿ-ն ոչ միայն ունակ է, այլև արժանի է զգալի տեղ զբաղեցնելու ապագա խորհրդարանում»` համոզմունք հայտնեց երկրի ղեկավարը: Ինչևէ, 2007-ին խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմելու իրատեսական հնարավորություններ ունեն առաջին հերթին ՀՀԿ-ն, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանը»: Նախկին «արդյունքները» պահպանելու և բարելավելու շանսերը, թերևս, չի կորցրել ՀՅԴ-ն: 5 տոկոսանոց արգելքը կրկին կարող է հաղթահարել իշխանամետ ՄԱԿ-ը: Եթե հայաստանյան ընդդիմությունը ինչ-որ հրաշքով չզորեղանա, ապա շատ խղճուկ ներկայություն կարող է ապահովել ապագա խորհրդարանում: Իսկ դա կարելի է համարել Հայաստանի քաղաքական կյանքի իրական ողբերգություններից մեկը: Իսկ ամենամեծ ողբերգությունը մեր երկրի համար կարող է լինել այն, որ հերթական անգամ ընտրությունները չհաջողվի անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ, այսինքն` միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ դեպքում մենք բաց կթողնենք մեծ առաջընթացներ ապահովող կարևորագույն, բացառիկ շանսը և կհայտնվենք անդունդի եզրին: Դե ինչ, կրկին ու կրկին շշնջանք` «Աստված մի արասցե»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ