Շնորհավոր Նոր տարի


Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Փորձենք տարին գնահատել նախ տնտեսական զարգացումների տեսանկյունից: Կարծում եմ, որ 2006-ն ընթացավ բնականոն տնտեսական զարգացումներով: Բոլոր այն գործընթացները, որոնք բնորոշում են մեր տնտեսության առաջընթացը, հանրագումարն են և բնական զարգացումն այն ամենի, որ տարիների ընթացքում սկսվել են և° տնտեսական, և° սոցիալական ոլորտներում: Այդ գործընթացներն օգնեցին մեզ պատկերացնել Հայաստանի տնտեսության, հայկական ապրանքանիշի տեղը համաշխարհային շուկայում և մրցակցային դաշտում: Իմ դիտարկմամբ, անցնող տարին ավելի շատ առանձնացավ տնտեսական հաջողություններին համարժեք կայունությամբ: Հաջողություններ` տնտեսական աճի առումով, որոնք գնալով ավելի ու ավելի զգալի ու նկատելի են դառնում: Որպես ընտրություններին նախորդող տարի` 2006-ն, անշուշտ, պարունակում էր նախընտրական շեշտադրումներ ու լարումներ: Քաղաքական դաշտում քիչ չէին այնպիսի ուժերը, որոնք ժամանակից շատ ավելի շուտ սկսեցին այդպիսի շեշտադրումներ ունեցող իրենց ազդարարումները: Եվ այս պարագայում ոչ միայն պետք էր հակադարձել, այլև դրա մեջ որոշակի պարտադրանք կար` հետ չմնալու իմաստով: Հանրապետական կուսակցության առումով իրավիճակը փոքր-ինչ այլ է: ՀԿ-ն քաղաքական դաշտում առանձնահատուկ տեղ ունի, որպես իշխող կուսակցություն: Եթե որևէ այլ կուսակցություն ներկայանում է իր ծրագրերով ու խոստումներով, մեր դեպքում իրադրությունն այլ է: ՀԿ-ն որպես քաղաքական կուսակցություն, ծրագրերի իրականացման պարտականություն ունի և հանրությանը ներկայանում է իր արածով և չարածով նույնպես: Եվ այդ բեռն էլ ու, եթե այսպես ասենք, այդ բերքն էլ իրենն է, և դրանցով է Հանրապետականը ներկայանում ընտրողին` նրա քվեն ստանալու համար: Եվ ես կարծում եմ, որ կուսակցության բոլոր ստորաբաժանումներն ու մարզային կառույցները աշխատում են սա գիտակցելով, իրենց մոտեցումների մեջ այս իրողությունը կարևորելով: Ամեն մարդ Նոր տարուց որոշակի ակնկալիքներ ունի: Ուզում եմ, որ լավ տարի լինի 2007-ը: Ուզում եմ, որ լավ ընտրություններ լինեն: Այնպիսին, որ մարդկանց սրտով լինի, որ ժողովուրդը գոհանա: Ուզում եմ, որ մեր ընտրյալներին ընտրենք զգացմունքով և խելքով: Ընտրությունները լինելու են տարվա ամենամեծ փորձությունը: Ուզում եմ, որ կարողանանք դիմագրավել այդ փորձությանը այնպես, որ վտանգավոր հորձանուտը մեզ չտանի, որ այդ կարևորագույն իրադարձությունը չվնասի մեր կայունությանը: Իսկ մինչ այդ` թող շնորհավոր լինի մեր բոլորի Նոր տարին: Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի ժուռնալիստների միութան նախագահ - Շատ կուզենայի, որ տարեմուտը մնար Տարեմուտ, և Ամանորը` Ամանոր, և գոնե այս առիթով չասեինք` նախընտրական տարվա տարեմուտ կամ նախընտրական տարին է սկսվում: Ինչքան էլ որ կարևոր են ընտրությունները մեր երկրի կայացման, օրենսդրական դաշտի կատարելագործման, պետության առաջընթացի համար, ուզում եմ, որ և° Տարեմուտը, և° Ամանորը մնան որպես մարդկային բարության, միասնականության տոներ, որովհետև այդ օրերին առավել, քան երբևէ, առաջնային են դառնում ընտանեկան, անձնական, ընկերական հարաբերությունները: Մարդիկ, մի կողմ թողած իրենց քաղաքական համոզմունքները, դիրքորոշումները, մի պահ հանրագումարի են բերում իրենց արածն ու չարածը, խորհում ձեռքերումների ու բացթողումների մասին: Պետությունն էլ, որպես մեծ ընտանիք, իր արածն ու չարածն ունի, իր հաջողություններն ու անհաջողությունները: Տարեմուտին այդ բոլորի ամփոփման լավագույն արդյունքներով ես ուրախանում եմ, վատ արդյունքներով` տխրում` անկախ որևէ մեկի գրաված պաշտոնական դիրքից, համոզմունքից և կուսակցական պատկանելությունից: 2006-ը լրագրողների համար եղել է սովորական ստեղծագործական տարի: Մաղթում եմ, որ 2007-ին թերթերը լույս տեսնեն կանոնավոր, եթերը անխափան լինի, իսկ որ կարևոր է, այս տարվա ընտրությունները լինեն ազատ, արդար, առանց կեղծիքների: Լրագրողական խոսքը թող լինի ազատ, բայց այդ ազատ խոսքը թող չօգտագործվի` հանիրավի որևէ մեկին այպանելու: Մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն, մեր զինվորներին բարի ծառայություն: Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր հանգիստ ենք ապրում: Փա°ռք ու պատիվ Հայոց բանակում ծառայող յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի, հրամանատարի: Շնորհավոր բոլորիս Ամանորը: Շնորհավորում եմ բոլոր մայրերի, երեխաների, Սփյուռքի մեր բարեկամների, նաև մեր հայրենիքից հեռացածների Ամանորը, որովհետև նրանց հայացքն էլ դեպ հայրենիքն է: Ուզում եմ, որ տարածվի հայրենադարձության «վարակը»: Հայերը միասնական դառնան և շենացնեն իրենց հայրենիքը: Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ -Ինչպե՞ս եք գնահատում 2006 թվականին կառավարության աշխատանքի լուսաբանումը լրատվամիջոցների կողմից: Հուսով եմ, որ 2007 թվականին լուսաբանման մակարդակն ավելի բարձր կլինի, քան ընթացիկ տարում էր: Կարծում եմ, եթե տնտեսական թեմաներով գրող կամ կառավարության հետ համագործակցող լրագրողներն այդքան հաճախ չփոփոխվեն` տարվա ընթացքում մի լրատվամիջոցից տեղափոխվելով այլ լրատվամիջոց կամ առհասարակ այլ աշխատանքի, որի դեպքում` խմբագիրների խնդրանքով, կառավարությունում հավատարմագրում ենք նոր եւ համեմատաբար անփորձ լրագրողների, ապա լուսաբանման որակը եւ մակարդակը կարող են անհամեմատ ավելի լավ լինել: Այս երեւույթը մտահոգում է ե°ւ խմբագրություններին, ե°ւ մեզ, քանի որ երկուստեք շահագրգիռ ենք, որպեսզի լրատվամիջոցներում տեղ գտնեն մասնագիտական բարձր կարողություններով եւ տվյալ ոլորտին քաջատեղյակ լրագրողների պատրաստած նյութերը: Ցավոք, սա չի վերաբերում միայն կառավարությանը. նման խնդիրներ առաջանում են ե°ւ օրենսդիր, ե°ւ դատական իշխանությունների, նաեւ բանկային համակարգի աշխատանքը լուսաբանող, առհասարակ, ամենատարբեր ոլորտների` սպորտից սկսած մինչեւ մշակույթին անդրադարձող լրագրողների փորձի պակասի, ոլորտին ոչ այնքան լավ տիրապետելու հետեւանքով: Շատ քիչ են տվյալ ոլորտում մասնագիտացած եւ տարիներ շարունակ այդ աշխատանքն իրականացնող լրագրողները, որոնց հետ բավականին հեշտ է աշխատելը: Նրանք տարվա ընթացքում չեն սահմանափակվում միայն մի քանի անգամ, այն էլ` սոսկ կառավարության նիստերի առիթով, գործադիրի աշխատանքին անդրադառնալով, այլ ամբողջ տարվա ընթացքում հետեւում են կառավարության աշխատանքին, հարցազրույցներ խնդրում, հիմնավորված եւ գրագետ հարցադրումներ անում մտահոգող խնդիրների վերաբերյալ, փորձում ճշտել այս կամ այն որոշման չկատարման պատճառները կամ կատարման դեպքում` դրա արդյունավետության մանրամասները եւ այլն: Եթե կառավարությունը դիտարկենք նրա մաս կազմող բոլոր նախարարություններով հանդերձ եւ լուսաբանման առումով չառանձնացնենք միայն կառավարության աշխատակազմի կողմից հավատարմագրված լրագրողների աշխատանքը, լուսաբանման պատկերը տարբեր նախարարություններում կարող է փոքր-ինչ տարբեր լինել (չնայած վերը նշված մտահոգությունները վերաբերում են բոլորին): Չեմ ցանկանում հրապարակայնության բարձրացման խնդիրը միայն լրագրողներով պայմանավորել, եւ դա ճիշտ էլ չի լինի, քանի որ պատշաճ մակարդակ կարող է լինել մամուլի ծառայությունների եւ լրագրողների սերտ ու շահագրգիռ համագործակցության դեպքում միայն: Մենք դեռեւս որոշակի խնդիրներ ունենք նաեւ մամուլի ծառայությունների պատասխանատուների աշխատանքի բարելավման, այդ ծառայությունների աշխատանքը իրենց բուն գործառույթին համապատասխանեցնելու մասով, որպեսզի հանրությանը մատուցվող տեղեկատվական ծառայությունը որակյալ լինի եւ անհրաժեշտ տեղեկությունները սպառիչ եւ օպերատիվ կարգով ԶԼՄ-ների միջոցով հասնեն բուն հասցեատիրոջը: Այս մասով` մենք մեր գործընկերների հետ եւ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների աջակցությամբ, որոշակի աշխատանք իրականացնում ենք, եւ հուսով եմ` վիճակը կբարելավվի: Մեր ժողովրդին, իմ գործընկերներին, կառավարության հետ աշխատող բոլոր լրագրողներին գալիք տարում մաղթում եմ ստեղծագործական եւ անձնական հաջողություններ, առողջություն եւ երջանկություն` այս առիթով մեկ անգամ եւս հավաստելով համագործակցության մեր պատրաստակամությունը: Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԱԺՄ նախագահ 1. 2006 թվականին բավական մեծ էր հնարավորությունը` ընդդիմադիր կոնստրուկտիվ որոշակի ծրագրերով հանդես գալ հասարակության առջև, և կարծում եմ, որ այդ տեսակետից ընթացիկ տարին հաջողակ չէր: Այս տարի տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը հանրաքվեն էր, և նրա բոյկոտը կարելի էր այնպես կազմակերպել, որ ապացուցելի լիներ: Քանզի դա միակ ընտրությունն էր, որտեղ քվորումի հարց կար: Այդ առումով թե ես, և թե մյուս ընդդիմադիր ուժերը մեղքի մեր բաժինն ունենք, որ չկարողացանք հաստատել, որ իրավաբանորեն ապացուցելի հանրաքվեն տեղի չի ունեցել: 2007 թվականի մեր առաջնահերթ խնդիրներից է որոշում ընդունել` գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, և եթե գնալ, ապա ի՞նչ ձևաչափով: 2. Ցանկացած քննադատություն, երևույթ անկեղծ ցանկության կամ չարախոսության որոշ մասն է կազմում: Դժվար է ընդհանուր գնահատական տալ, բայց ես նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: 3. Մեր ժողովուրդը մեծ դժվարությունների բովով է անցել, բայց արժանապատիվ կյանքով չի ապրում: Ես մեր ժողովրդին մաղթում եմ անսասան հպարտություն: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը իր ջանքերն ու ներդրումն ունենա մեր երկրի համար և այն դարձնի այնպիսի մի երկիր, որտեղ ոտնահարված չէ ազգային հպարտությունն ու արժանապատ վությունը: Արշակ ՍԱԴՈՅԱՆ. ԱԺԴ կուսակցության նախագահ - 2006 թվականին, ցավոք, շատ կարևոր հնարավոր քայլեր չարվեցին: Հնարավոր չեղավ նոր շունչ հաղորդել` հանուն Հայաստանի քաղաքացիական հասարակության շարժմանը: Բոլոր դեպքերում որոշակի ակտիվություն սկզբնական շրջանում եղավ, և կարծում եմ, որ 2006-ի աշնանը ծավալված էր քաղաքական կյանքի ակտիվություն, և այդ դրսևորումները ի մի կբերվեն տարեվերջին, և 2007-ի ընթացքում կարելի կլինի որոշակի ազգանպաստ գործողություններ ծավալել: Ես իմ զավակների, մեր սերունդների փրկության ճանապարհը համարում եմ ակտիվությունը: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին համատեղ պայքարել, որ մայիսի 12-ին կայնալիք ընտրություններում կեղծիքներ չլինեն: Համոզված ենք, որ այսօրվա իշխանությունները փորձելու են այլևայլ մեթոդներով կեղծել ընտրությունները: Բայց արդեն մայիսի 13-ին նրանց ճակատագիրը կանխորոշված կլինի, որովհետև կհավաքվեն այնքան ակնհայտ նյութեր, որ բացահայտ կդառնա, թե անձնական շահը երկրի և ժողովրդի կամքի նկատմամբ գերադասողները ինչպիսի վերաբերմունք ունեն նույն ժողովրդի հանդեպ: Ու անմիջապես հաջորդ օրը կսկսվի գործընթաց, որը կավարտվի օտարից էլ վատ իշխանությունների հեռացումով: Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ. «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ - Մի ամբողջ թերթ չի բավականացնի խոսել արածի-չարածի, հասցրածի-չհասցրածի մասին: Արմեն ՌՈՍՏՈՄՅԱՆ. ՀՅԴ ԳԽ անդամ - 2006 թվականը համարում եմ ձեռքբերումների տարի: Իսկ 2007-ի ամենաառաջնահերթ խնդիրը սահմանադրական նոր կարգի կենսակոչումն է: Մեր ժողովրդին շնորհավորում եմ Ամանորի առթիվ, մաղթում եմ հեռու մնալ չարախոսությունից: Տեսնել իրականությունը այնպես, ինչպես որ կա, չվհատվել, չհուսալքվել և վստահորեն նայել ապագային: Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ. ՄԱԿ կուսակցության նախագահ - Հասկանալի է, որ նախընտրական տարի է, և ունենք համապատասխան ծրագիր, որով հանդես ենք գալու ընտրողների առաջ հաշվետվությամբ և մեր մյուս քաղաքական ցիկլի համար պատրաստվող քաղաքական թեզերը ներկայացնելու ենք ժողովրդին: Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում նրան բարեկեցություն և արժանապատիվ կենսակերպ: Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ. գեներալ-մայոր, ՌՈ վարչության պետ Ժամանակի անկանգ ընթացքի մեջ տարեբաժանը կարելի է նաև պայմանականություն համարել: Պայմանականություն, սակայն, որի խաչմերուկում հանդիպում են հինն ու նորը: Ավելի ստույգ` ի մի ենք բերում կատարվածը և հնարավորինս փորձում ամբողջական դարձնել մեր պատկերացումները անելիքների մասին: Պատասխանատու պահ է և անչափ սիրելի` բոլորի համար: Սիրելի և սպասված: Կատարվածի մասին հաշվետվությունը թողնենք պաշտոնական գրագրությանը: Փաստենք միայն, որ 2006-ին նույնպես ՌՈ վարչությունը հաջողություններ է արձանագրել` բանակում կատարվող կարգազանցությունների և հանցագործությունների դեմ պայքարում: Դրա առհավատչյան նման դեպքերի ակնհայտ նվազումն է և կարգապահության բարձրացումը: Սակայն, ինչպես անցած մյուս տարիներին, այս անգամ ևս հաջողությունները մեզ համար վերջնական ցուցանիշ չեն կարող լինել, և գալիք բոլոր տարիներին ևս պահանջկոտությունն ու ձեռք բերումներով չգոհանալը մեզ համար մնալու են իբրև չափանիշ-ուղեկիցներ: Հիրավի, հայ ոգու միասնական արժեհամակարգը հատկապես ամփոփվում և ի մի է բերվում տարեմուտի նախօրեին, երբ հոգսերի բեռն ասես ավելի տանելի է թվում, և մարդ արարածն ավելի բարի ու ինքնավստահ է դառնում: Մաղթում եմ, որ այդ բարությունը չմնա թվացյալ` ինչպես տոնական մի հանդերձ, իսկ ինքնավստահությունն էլ թող ինքնամեծար սնապարծության չվերածվի: Սե°ր եմ մաղթում հայրենակիցներիս` քրիստոնեական սեր իր նմանի հանդեպ: Բոլոր բարի ծրագրերի իրագործում եմ մաղթում` ինքնամաքրման քուրայում թրծված: Հայ մա°րդ, Ամանորը ահա թակում է քո դուռը` նորոգելու հավատդ ապրելիք օրերի հանդեպ: Քո սատարումի կարիքն ունեցողներին փորձիր օգտակար լինել` Բարձրյալի պատգամին հավատարիմ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Քեզ` ոգու կորով, դժվարությունները հաղթահարելու տոկունություն և արժանապատիվ կենսակերպ: Եղի°ր կարգապահ, օրինապաշտ, պարտաճանաչ և վճռական, հայ զինվոր: Շարունակիր Հայոց բանակի խաղաղ կենսագիրը և Հայոց աշխարհի խաղաղության երաշխավորը մնալ, հայ սպա: Թող 2007-ը Հայոց աշխարհին, մեր Ազգային բանակին նոր նվաճումներ ու խաղաղություն պարգևի Վարդան ԱՎԵՏԻՍՅԱՆ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչության պետ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչությունը 2006-ին ամբողջությամբ կատարել է միջոցառումների ծրագիրը, հրատարակել գաղափարախոսա կան, քարոզչական, հայրենասիրական բնույթի մեթոդական ձեռնարկներ: Այսօր հայկական բանակի ուժը մեծապես պայմանավորված է զինծառայողների գաղափարական հասունությամբ, նվիրվածությամբ ազգային արժեքներին, պետական խնդիրներին: Միայն գաղափարի շուրջ համախմբված, գաղափարամետ բանակն է ի վիճակի մեկտեղել ողջ ներուժն ու դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնագիտակցությամբ տոգորված, իր անցյալի, իր պատմության ժառանգորդ, իր պատմական խնդիրներին նվիրված, ուժեղ և բարոյապես ամուր զինվորական անձնակազմ և գաղափարական -քարոզչական աշխատանքը նպատակաուղղված է եղել նշված որակների ամրագրմանը: Նախկինում կար ակնառու վրիպում` կապված թշնամու կերպարի բացահայտմանը: Երբեմն մեր զինվորները` խախտելով կանոնագրքի կանոնները և տրվելով հակառակորդի սանդրանքին, մոտենում էին թշնամու դիրքերին և կոնտակտի մեջ մտնում ազերի զինվորների հետ: Վերջիններս էլ, օգտվելով առիթից, գնդակահարում էին մեր տղաներին: Բացատրական աշխատանքը արդյունք տվեց, և 2006-ին ոչ մի նման դեպք չի արձանագրվել: Տարվա ձեռքբերումներից եմ համարում այն իրողությունը, որ անձնակազմի հետ տարվող աշխատանքի մեթոդոլոգիան տարածվել է բանակի բոլոր ստորաբաժանումներում: Բարոյահոգեբանական դաստիարակության խնդիրը կարևորվել է նաև զինվորական կառույցի ցուցանիշների գնահատման չափանիշներով, ուր կարգապահական ցենզը առաջնային տեղ ունի: Եթե ստորաբաժանումը անբավարար է ստացել կարգապահությունից, ապա, որքան էլ մյուս արդյունքները բարձր լինեն, չի կարող դրական գնահատական ստանալ: Այլ տարիների հետ համեմատած` 2006-ին բազմապատիկ ավելացել են մշակութային բնույթի միջոցառումները, զինվորների ժամանցի կազմակերպումը դարձել է առավել նպատակային և բովանդակալից, մեծ աշխատանք է կատարվել բանակ-հասարակություն կապը առավել ամրապնդելու ուղղությամբ: Չափազանց կարևորում եմ բանակի կերպարի պրոպագանդան ապահովող միջոցառումների արդյունավետությունը: Բանակը պետք է ունենա հստակ նկարագիր հասարակության աչքում, պետք է լինի նրա հպարտության աղբյուրը, պիտի առաքինի իր ուժով, հայրենասիրությամբ, ազգապաշտությամբ, բարոյական նկարագրով, պետք է սիրված ու մեծարված լինի յուրաքանչյուր քաղաքացու կողմից: 2007-ին դաստիարակչական աշխատանքի վարչությունը, հիմնվելով անցնող տարվա իրողությունների վերլուծության վրա, ջանալու է գտնել արդյունավետ ուղիներ առկա բացթողումները վերացնելու համար: Անելու ենք ամեն ինչ, որ դժբախտ պատահարների թիվը հասնի նվազագույնի: Լուրջ ուշադրություն ենք դարձնելու հրամկազմի մասնագիտական պատրաստությանը և անհատական աշխատանքին: Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդի գալիք Ամանորը, շնորհավորում եմ ազգային բանակի զինվորներին, սպաներին, գեներալներին: Թող 2007-ը հայ ժողովրդի համար լինի նոր նվաճումների ու հաղթանակների տարի: Թող լինի խաղաղության, արժանապատվության, բարեկեցության ու հաջողության տարի: Աշոտ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժնի պետ 2006-ը մեզ համար նշանավորվեց մասնագիտական բարձր ցուցանիշներով, տարին անցավ առանց լուրջ բարդությունների և ձախողումների, կատարեցինք մի շարք բավական ծանր վիրահատություններ` բոլորն էլ հաջող ելքով, չունեցանք մահվան ոչ մի դեպք: Մեր անձնակազմը համալրված էր բարձրորակ մասնագետներով, և այդ հանգամանքը վճռորոշ դեր խաղաց: Գալիք տարում սպասվում է կադրերի նոր հոսք, և մենք խնդիր ենք ունենալու օգնել նրանց` հնարավորինս արագ յուրացնելու ռազմական բժշկության առանձնահատկությունները և լիովին դրսևորելու իրենց մասնագիտական գիտելիքները: Զբաղվում ենք նաև բուժման նոր եղանակների ուսումնասիրությամբ` դրանք մեր պրակտիկայում կիրառելու նպատակով: Լիահույս ենք, որ գալիք տարում կպահպանվեն բոլոր ձեռքբերումները, կարձանագրվեն նոր հաջողություններ և առաջընթաց: Շնորհավորում եմ ողջ ռազմաբժշկական անձնակազմին և նրանց ընտանիքներին Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում եմ մասնագիտական նվաճումներ, ծառայական և անձնական հաջողություններ: Շնորհավորում եմ նաև բոլոր զինծառայողներին, ամբողջ հայ ժողովրդին, մաղթում եմ հաջողություն, ակտիվ աշխատանք և իղձերի իրականացում: Գառնիկ ՓԱՅՏՅԱՆ Էջմիածնի տարածքային զինկոմիսար Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատը անցնող տարում կարևորել է զինկոմիսարիատ-դպրոց կապի ամրապնդումն ու սերտացումը, ռազմահայ րենասիրական դաստիարակությանը միտված աշխատանքը տարածքի կրթօջախներում: Այսօր, երբ անցել է բանակի կազմավորման սկզբնական շրջանին բնորոշ խուճապային տրամադրությունը, երբ զինակոչիկները պարտաճանաչորեն, զինկոմիսարիատի առաջին իսկ կանչով ներկայանում են և գնում կատարելու ծառայական պարտքը, առաջնահերթ է դարձել բանակը հայրենասեր, գիտակից և բանիմաց զինվորներով համալրելու խնդիրը: Շեշտը դրվում է որակական ձեռքբերումների վրա, և այդ առումով անչափ կարևոր է նախազորակոչային պատրաստության արդյունավետությունը: Բանակի ուժը, մարտունակությունը մեծապես կախված են զինվորի բարոյահոգեբանական որակներից: Ուստի անհրաժեշտ է, որ զինվորը և° հոգեպես, և° բարոյապես նախապատրաստված լինի գալիք զինծառայությանը: Տարվա ընթացքում հաճախացել է զինկոմիսարիատի աշխատակիցների այցը կրթօջախներ, կազմակերպվել են ռազմահայրենա սիրական բնույթի բազմաթիվ միջոցառումներ` նվիրված պետական տոներին, հանդիպումներ, մեծարման ցերեկույթներ, հանդիսություններ և այլն: Սերտացել է զինկոմիսարիատի կապը զինակոչիկների ընտանիքների հետ: Գալիք տարում ծրագիր ունենք ավելի արդյունավետ դարձնել ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը դպրոցներում ու մշակութային օջախներում և լուրջ ուշադրություն դարձնել թերևս ամենահրատապ խնդրին` զինակոչիկների առողջական վիճակին: Պիտի ցավով նշեմ, որ զինակոչիկների այս սերունդը առողջական խնդիրներ ունի, և մեծ թիվ են կազմում այն տղաները, ովքեր լրացուցիչ բուժման կարիք ունեն: Անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները զինակոչիկների բուժման հարցերով զբաղվեն վաղ դպրոցական տարիքից: Միայն այդ դեպքում զորակոչի ժամանակ կունենանք առողջ և ֆիզիկապես ամուր զինակոչիկներ: Վերջում ուզում եմ շնորհավորել զինկոմիսարիատի աշխատակիցների, բոլոր զինակոչիկների և նրանց ընտանիքների Ամանորը, ցանկանալ, որ տարին արգասաբեր ու հաջող լինի բոլորի համար: Ռոլանդ ՔԵԼԵՇՅԱՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի պետ 2006 թվականի մեր ամենամեծ ձեռքբերումը համարում են այն, որ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի շրջանավարտների 70 տոկոսը ընդունվեց ռազմական, իսկ մնացած 30 տոկոսի մասը` քաղաքացիական բուհեր: Այս ցուցանիշը բավական հուսադրող է և խոսում է վարժարանի կրթության որակի և ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետության մասին: Տարվա ընթացքում արձանագրված հաջողություններից ցանկանում եմ առանձնացնել մեր սաների սպորտային ձեռքբերումները: 4 կմ վազքի մրցույթում մեր սաները հավասարը չունեին և գրավեցին I, II և III տեղերը: Կարատեի հանրապետական մրցույթում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտը դարձավ եռակի չեմպիոն: Տարվա ընթացքում վարժարանն ունեցավ մի շարք հեղինակավոր հյուրեր, որոնցից էր բարոնուհի Քերոլայն Կոկսը: Այդ հանդիպումը շատ տպավորիչ էր, անմոռաց, ուներ մեծ հուզական լիցք և դաստիարակչական ներուժ: Արժանահիշատակ էր պաշտպանության նախարարի այցը վարժարան: Արդյունքում` գալիք տարվա ծրագրերի մեջ ամրագրվեց վարժարանի հիմնովին վերանորոգումը, ինչի առիթով և° սաները, և° ուսուցիչները, և° զինվորական անձնակազմը շատ ուրախ են և խանդավառված: Եկող տարի կփորձենք բարձրացնել ուսման որակը, ունենալ բարձր արդյունքներ և ավելի մեծ թվով դիմորդներ մատակարարել ռազմական բուհերին: Ծրագրել ենք բազմակողմանի դարձնել գաղափարական դաստիարակությունը, որպեսզի վարժարանն ավարտած յուրաքանչյուր հայորդի, անկախ այն բանից` կընդունվի բուհ, թե ոչ, լինի ազգին ու հայրենիքին նվիրված քաղաքացի, արժանի զինվոր բանակի համար: Շնորհավորում եմ մեր ժողովրդի Նոր տարին, շնորհավորում եմ սաներիս, վարժարանի անձնակազմին, նրանց ընտանիքներին, թող լինեն առողջ, հաջողակ, միշտ ձգտեն նոր բարձունքների, իրենց առջև դնեն մեծ նպատակներ ու անպայման իրագործեն դրանք: Դավիթ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ 2006-ին ռազմաբժշկական ֆակուլտետը կազմակերպեց III ռազմաբժշկական միջազգային գիտաժողովը, հաջողությամբ մասնակցեց ՆԱՏՕ-ի «Փրկարար 06» զորավարժությանը` ծրագրելով և կազմակերպելով դրա բժշկական մասը: ԵՊԲՀ-ի կողմից հիմնադրվեց «Ռազմական բժշկություն» գիտակիրառական հանդեսը: Տարվա ընթացքում մասնակցել ենք բազմաթիվ գիտաժողովների, մասնակցել ենք Սանկտ Պետերբուրգում կազմակերպված համառուսաստանյան ռազմաբժշկական II համագումարին, որի նյութերում տպագրվել է մեր պրոֆեսորադասախոսական կազմի 10 հոդված: Մասնակցել ենք Կաունասում կայացած 8-րդ միջազգային ռազմաբժշկական կոնֆերանսին, Միավորված բանկի կազմակերպած միջազգային գիտաժողովին և այլն: Գալիք տարում կազմակերպել ենք արդեն ավանդական դարձած 4-րդ ռազմաբժշկական միջազգային գիտաժողովը, վերանայել ենք ռազմաբժշկական ֆակուլտետի գիտական հետազոտությունների գերակա ուղղությունները` զարկ տալով ավելի հրատապ և անհրաժեշտ ոլորտներին: Արդյունավետ սերնդափոխություն ապահովելու համար` 2007-ին լավագույն շրջանավարտներից ընտրելու ենք ասպիրանտներ: Հրատարակելու ենք «Ռազմադաշտային վիրաբու ժություն» I հայերեն դասագիրքը ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների, ինչպես նաև հետդիպլոմային ուսուցում անցնող բժիշկ-սպաների համար: Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաների, կուրսանտների, բանակի Նոր տարին, մաղթում եմ անկորուստ ու արգասաբեր ընթացք, հաջողություններ, եռանդ ու բեղուն աշխատանք: Կարապետ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ. Աբովյանի քաղաքապետ - Մեծագույն սիրով շնորհավորում եմ Աբովյան քաղաքի բնակիչներին, «Ավանգարդի» ընթերցողներին և, իհարկե, համայն հայությանը` Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ: Մաղթում եմ, որ 2007-ը վերջակետ դնի մեր ժողովրդին պատուհասած բոլոր դժվարություններին և յուրօրինակ սկիզբ դառնա միաբանության, որոնումների, ձեռքբերումների, խաղաղ և բարեկեցիկ ապրելակերպի: Եթե հոգսեր` ապա թող միայն հաղթահարելի լինեն դրանք, և հաճելի այնքան, որ ավելի իմաստացնեն մարդկանց, ու հագեցած դարձնեն ապրելիք ամեն օրը: Այս առիթով ուզում եմ փաստել, որ Աբովյանի քաղաքապետարանը 2006 թվականին հաջողությամբ իրականացրեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Ի սկզբանե, մեր աշխատանքի արդյունքը մենք չափել ու չափում ենք ժողովրդի գնահատականով: Իսկ մարդիկ նկատում ու գնահատում են ամեն դրականը: Մեզ մեծագույն բավարարվածություն է պատճառում աբովյանցիների անկաշառ գնահատանքը` որպես չափանիշ մեր աշխատանքի: Դրական տեղաշարժեր կան, ամենօրյա մեր աշխատանքը` միտված ժողովրդի բարեկեցությանը, անվերջ արձանագրում է առաջընթաց: Երկրիս իշխանավորներին մաղթում եմ` բազմապատկել վճռականությունը` պահպանելու խաղաղությունը և ստեղծարար աշխատանքով շենացնելու երկիրը: Արայիկ ՔՈԹԱՆՋՅԱՆ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար - Տարեմուտի հոգսերը նույնիսկ հաճելի են դառնում, երբ փորձում ես ի մի բերել կատարվածը: 2006 թվականը մեր համայնքում ակնհայտ բարեփոխումների ժամանակահատված կարելի է համարել: Տարեկան բյուջեով ստանձնած պարտավորությունները թաղապետարանը կատարել է 90 %-ով: Իսկ գործնական մասով` 100 %-ով: Նույն ցուցանիշներն ենք ամրագրել նաև բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման արդյունքում: Համայնքի ազգաբնակչությունն այլևս «ժլատ» չէ իր արձագանքներում` դրական տեղաշարժերի առնչությամբ: Տարիներ շարունակ լուսավոր ոչ մի փողոց չունեցող Քանաքեռ-Զեյթունում այսօր լուսավորված են բոլոր կենտրոնական (և ոչ միայն) փողոցները: Մեր առջև դրված բոլոր ծրագրերը կատարել ենք. մայթերի հիմնանորոգում, խաղահրապարակների վերականգնում և նորերի ստեղծում, ասֆալտապատում: Բնակչությանն անլուծելի թվացող աղբահանության և փողոցների սանմաքրման աշխատանքները նույնպես կատարվել ու կատարվում են անհրաժեշտ մակարդակով: Անհամեմատ նվազել է բնակչության դժգոհությունը, ինչն էլ համարում ենք մեր աշխատանքի դրական արդյունքը: Ինչ խոսք, մեզ համար ոչ մի հաջողություն չի կարող վերջնական լինել, որովհետև աշխատանքներն անընդհատ են, ասել է թե` անելիքները շատ են և շարունակական` նաև ծրագրային մեծ ներդրումներ պահանջող... Շնորհավորում եմ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ազգաբնակչությանը, մեր ողջ ժողովրդին` Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ: Մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն, երկրին` խաղաղություն: 2006-ը իրադարձային էր նաև Հայաստանի Անկախության հոբելյանով, որը մեծ շուքով նշվեց նաև մեր համայնքում: Մաղթում եմ, որ այսուհետ, ամեն տարի նույն գիտակցությամբ նշեինք մեր Անկախությունը, և տոնական տրամադրությունը տարվա բոլոր օրերին ուղեկցեր մեր ժողովրդին: Խոսք տարեմուտի Հագեցած էր, բազմազան 2006 թվականի մշակութային կյանքը, հատկապես երկրորդ կեսին` փառատոներ, թատերականացված հոբելյաններ, գրքերի շնորհանդեսներ, գեղանկարչական ցուցահանդեսներ, բացօթյա հանդիսախաղեր, պրեմիերաներ... Ինչպե՞ս են գնահատում իրենք` մշակույթի գործիչները, 2006-ի իրենց գործունեությունը, ի՞նչ չհասցրեցին անել և` ինչո՞ւ, ո՞րն է անցնող տարվա ամենաուշագրավ իրադարձությունը, ինչո՞վ են մտադիր նշանավորել գալիք տարին: Այս հարցերի շուրջ իրենց տարեմուտի խոհերն են կիսում մեր ընթերցողի հետ մայրաքաղաքի ամենասիրված թատրոններից երկուսի գեղարվեստական ղեկավարներ,