Այդ անվճար վճարովի բժշկությունը


Քաղաքակիրթ, նորմալ պետությունների համար ամենաթանկ կապիտալը մարդն է: Բնականաբար` առողջ մարդը: Նորմալ պետություններն ամեն ինչ անում են` իրենց թանկ կապիտալը թանկ-թանկ պահելու համար: Հայաստանի քաղաքացին ահա արդեն քանի տարիներ ի վեր զրկված է իր համար ամենաթանկը` առողջությունը պահպանելու թանկ (շատերի համար` նույնիսկ անմատչելի) հաճույքից: Մեր պետությունն էլ մտածեց-մտածեց ու իր քաղաքացիների առողջությու նը պահպանելու ճարը գտավ: Եթե առայժմ միջոցներ չկան` էլ ավելի լայնածավալ անվճար բուժօգնություն ապահովելու համար, ապա կառավարությունը միջոցներ գտավ` առաջնային բուժօգնության համակարգը անվճար դարձնելու համար: Ավարտվում է ամբուլատոր համաբուժարանային համակարգի անվճարայնացման մեկ տարին, և, բնականաբար, պիտի ամփոփվեն արդյունքները, պիտի տրվի գնահատականը: Մինչդեռ այցերը 25,1 տոկոսով դրանք աճելու պարագայում անգամ բնավ էլ այդ արդյունքի գնահատականը չեն: Առաջին հայացքից, թվում է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Մարդը նախկինում վճարում էր, ապա միայն բժշկի սենյակ մտնելու իրավունք ստանում: Այսօր մարդն ազատ է այցելել պոլիկլինիկա, ներկայացնել իր առողջական խնդիրները, և նրա համար կկազմակերպվեն դրանց բացահայտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Հրաշալի է, իհարկե: Սակայն իրականում հրաշալի կլիներ, եթե ամեն բան հենց այդպես լիներ: Իրականում քաղաքացին շարունակում է վճարել: Հին իներցիայով, բժշկի պարտադրանքով, մենթալիտետի բերումով, ինչով ուզում եք, բայց վճարում է: Չվճարելու ճարը համառ լինելն է, նյարդերը ձգելը և մինչև վերջ ճակատ տալը` ամեն անգամ հիշեցնելով, թե, ախր, իմ պետությունն ինձ համար վճարել է: Սակայն առողջապահական խնդիր ունեցող մարդու մոտ համառելն էլ, սկզբունքն էլ, հասկանալի պատճառով, հետին պլան են մղվում: Պատկերացրեք այն մարդու վիճակը, որը բժշկի հետ, ներողություն, «փողի բազար» անելուց հետո պիտի շարունակի այցելել նրան ու բարի խորհուրդներ ստանալ: Մենք չենք բացարձականացնում ներկայացված իրավիճակը, բայց կան բացարձակ դրսևորումներ, որոնք կարող են դառնալ (եթե չեն դարձել) աշխատաոճ: Մոտավորապես այսպիսի «սցենար». հիվանդին լսելուց հետո նրան առաջարկվում է բուժվել ստացիոնար պայմաններում` առավել քան համոզված լինելով, որ 100 հիվանդից 99-ը խուսափում է հիվանդանոց ընկնելուց. փողե՜ր, փողե՜ր... «Հիվանդանոցում այսքան ու այսքան պիտի վճարես, իսկ ինձ ընդամենը` այսքան, և ես քեզ կբուժեմ»: Երկուստեք «հարմար» առաջարկ, խայծը գցված է: Իսկ բուժել նշանակում է` դեղատոմս գրել և շաբաթը մեկ անգամ փոխել նշանակված դեղամիջոցները: Այսինքն այն, ինչ նա պարտավոր էր անել: Եվ եթե նախկինում նեղ մասնագետի վճարը 2-3 հազար դրամից չէր անցնում, այժմ սահմանագիծը փոխվել է 5 հազարի: «Էդքան շա՞տ են վերցնում»,- զարմանում է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Սողոյանը: «Իսկ ինչո՞ւ չպիտի վերցնենք,- նեղսրտում է նյարդաբանը,- հիվանդանոցներին փեշով փող եք տալիս, մենք ձրի բուժե՞նք»: Ահա այսպիսի հոգեբանական մթնոլորտում է «իրականացվում» ձրի բժշկությունը և, ըստ էության, չի իրականացվում: «Ամեն մարդ ինքը պիտի պաշտպանի իր իրավունքը»,- հորդորում-խորհուրդ է տալիս վարչության պետը: Դե ինչ, խորհուրդն էլ հոգեբանության ոլորտից է:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ