ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Մարջան ԱՎԵՏԻՍՅԱՆ. դերասանուհի ԱՅԴ ԱՂԸ ԹԱՏՐՈՆՆ Է Չնայած երիտասարդ տարիքին` դերասանուհին արդեն մի ամբողջ տասնամյակ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում է: 2004-ին ստացավ առաջին մեծ դերը` հաջողությամբ մարմնավորելով Նուարդի կերպարը «Արա գեղեցիկ» ներկայացման մեջ: Ապա մի շարք այլ ներկայացումներում, ինչպես նաև հեռուստասերիալներում իր համոզիչ ու գեղեցիկ խաղով ճանաչվեց և սիրվեց: Դեռ յոթնամյա աղջնակի հոգու մի անկյունում թաքուն ապրում էր դերասանուհի դառնալու երազանքը: Եվ գնաց իր երազանքի հետքերով: Թեև այդ ճանապարհը հարթ չէր, դժվարություններն անխուսափելի էին, սակայն այսօր դերասանուհին չի պատկերացնում կյանքն առանց թատրոնի: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ամենադժվարը թատրոնում անցկացրած 10 տարիներին էին` երբ փորձում ես ապացուցել, որ դու էլ կաս: Հերթը չհասնելու խնդիր կար, ինչը բնորոշ է մեծ թատրոններին: Իսկապես դժվար շրջան էր, այնքան բարդ, որ նույնիսկ մտադիր էի 10-րդ տարին լրանալուն պես, որքան էլ ցավալի է, փակել թատրոն կոչված էջն ու մեկընդմիշտ հեռանալ: Սակայն երբ փոխվեց ավագ դերասանների կազմը, միանգամից երկու դեր ստացա: Եթե նախկինում` որպես դերասանուհի մտածում էի, որ այս ժամանակահատվածում մի ոտքով անգամ չկարողացա կանգնել թատրոնի շեմին, հիմա գտնում եմ, որ գոնե մի ոտքով կանգնել եմ: Կլինի՞ 2-րդ ոտքի տեղը, թե ոչ` ոչ ոք չգիտի: Հիմա արդեն մտադիր չեմ հեռանալ թատրոնից: Իսկ երբ անընդհատ խաղում ու խաղում ես, բայց թատրոնում քո լինել-չլինելով ոչինչ չի փոխվում, պետք է պարզապես հեռանալ: Հարգում եմ այն դերասաններին, ովքեր ժամանակին դա հասկանում և ընդունում են: Հակառակ դեպքում` առաջինը կործանում ես ինքդ քեզ: Բացի դրանից, այսօրվա պայմաններում թատրոնում մնալը բավական բարդ է. հեռուստաալիքներն առաջարկում են մեծ գումարներ` փոքր և քիչ աշխատանքի դիմաց, իսկ թատրոնում անելիքները շատ են, վարձատրությունը` չնչին: Երբ դերասանը միայն հեռուստասերիալներում է նկարահանվում, աստիճանաբար հեռանում է թատրոնից, արվեստից, զրկվում աղից, իսկ այդ աղը թատրոնն է: Հիմա այնտեղից հեռանալու միտք անգամ չունեմ: Նույնիսկ պատրաստ եմ և հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ կկարողանամ սերիալներից հրաժարվել: Շատ բան է կոտրվում իմ մեջ: Անընդհատ տալիս ես և չես հասցնում լցվել, քանի որ անելիքները շատ են: Իսկ անընդհատ, առանց ընդմիջումների մարմնավորած կերպարներում անհնար է միօրինակություն չնկատել: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ագի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Երբևէ չեմ մտածել, որ կարող էի այլ ազգի ներկայացուցիչ լինել: Մտածել եմ, որ կարող էի այլ երկրում ծնվել, բայց այլազգի լինելու մասին` երբեք: Ինչո՞ւ: Թող ասածս որպես մեծամտություն չընկալվի, բայց ուրիշ երկրում ավելի լավ կրթություն կստանայի և կկարողանայի զբաղվել միմիայն իմ թատրոնով: Մենք բարդ տեսակ ենք, ազգովի բարդ ենք: Օրերս թերթում էի մեր երկրի պատմության ամենասարսափելի էջերից մեկը` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Եվ հասկացա մի բան. մենք բոլորս փորձում ենք առաջնորդ լինել` ոչնչացնելով կողքիններին, անկախ նրանից` տաղանդավոր են, թե ապաշնորհ: Չեմ ուզում ստանդարտ հայ լինել: Աշխատում եմ միշտ նկատել լավը և բարձրաձայնել դրա մասին: Որովհետեև հաճախ շատ բաներ չենք նկատում: Իսկ երբ մարդիկ հեռանում են երկրից, հասկանում ենք, թե ինչքան մեծ է կորուստը և´ արվեստի բնագավառում, և´ անգամ քաղաքականության մեջ: Քաղաքականությունն էլ թատրոն է, այնտեղ էլ պետք է խաղալ: Ի վերջո ժողովուրդը հանդիսատես է, որը չի հավատում: Եվ ինչպես թատրոնում, շատ բաներ պիտի փորձես ապացուցել նրան: Այստեղ խառնվում է նաև խաղը, իսկ անկեղծությունը նվազում է: Կուզեի` չխաղանք, շիտակ լինենք: Շատ բան չէի փոխի մեր տեսակի մեջ: Աշխարհում մեզ շատ են սիրում, մենք համով-հոտով ենք: Պարզապես կուզենայի, որ աշխարհին ներկայանանք լավ կողմերով, իսկ մեր թերությունները պահենք մեր ընտանիքի ներսում: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Բաց մարդ եմ: Իհարկե, կան բաներ, որ միայն հարազատիդ կպատմես, բայց առանձնապես գաղտնիքներ չունեմ: Բոլորիս կյանքում լինում են պահեր, երբ մտածում ենք մահվան մասին: Երբևէ չեմ ասել, որ մահից չեմ վախենում: Յուրաքանչյուրիս տրված է մեր ժամանակը: Աստված է մեր Տերը և նա է որոշում, թե ինչ կարող է լինել վաղը: Այս պարագայում վախենալն անիմաստ է: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Թատրոնն է ինձ համար ամենամեծ առեղծվածը: Երբ հոգեպես ճնշված ու ընկճված եմ, բավական է միայն թատրոնի շենք մտնեմ և անմիջապես մոռանում եմ ամեն ինչ: Առեղծված է, թե ինչն է ինձ տանում այնտեղ: Բեմի վրա դու ուրիշ տեղում ես և ուրիշ ժամանակում, աշխարհից հեռու: Բայց և չեմ ուզում մնալ այնտեղ, քանի որ ես այստեղ եմ ապրում: Տարբեր աշխարհներ են, և պետք է անցումը սահուն լինի: Երբեմն ասում են` դերասանը «դերի տակ է մնացել»: Ինչպե՞ս կարելի է դա չգիտակցել: Երբ հանում ես բեմական հագուստդ` դու արդեն իրական աշխարհում ես: Չի կարելի ծափերից երկինք բարձրանալ: Չառլի Չապլինը դստերն ուղղված նամակում գրում է. «Բեմում մերկացիր, բայց հիշիր, որ պետք է հագնես առօրյա հագուստդ և հեռանաս թատրոնից» - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Թատրոնում կա մի այսպիսի օրենք: Ամանորյա ներկայացումը կոչվում է «կանաչ սեանս»: Որպես կանոն` դերասաններն այն «փչացնում են», փոխում են դերերը, հագուստը և այլ չարաճճիություններ անում: Դա փակումն է, որը կարծես վերածվում է տոնի: Այդ տարի որոշվել էր, որ նման բաներ չեն լինելու: Բեմադրում էինք «Խաղալիքների խանութում» ներկայացումը, որը խիստ վերահսկվում էր: Ռեժիսորը գնաց` հայտնելով, թե կվերադառնա ներկայացման ավարտին: Ես և դերասաններից մեկը փոխեցինք մեր դերերը: Ես կապիկի կերպար էի մարմնավորում, իսկ նա հեքիաթասաց Օլե-լուկոեն էր: Վերջինի հագուստը հագած` ես բեմի վերնամասում ձայնս որքան հնարավոր է հաստացնելով` տեքստն եմ արտասանում, հանկարծ լսում եմ ռեժիսորի ձայնը: Եվ կուլիսներից գոռում են` բեմից դուրս արի: Սակայն անհնար էր, քանի որ վերևում էի: Այդ պահին նկատեցի, թե ինչպես առաջին շարքում նստած մի կին կողքինին ասաց. «Այս թատրոնում մի տղամարդ չկա՞ր»: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Կարոտում եմ մանկությունս, տատիս, մեր գյուղը, հոտը, օդը, ծառերը, չարաճճիություններս: Մորական տատս 21 թոռ ունի, և բոլորս հավաքվում էինք մի հարկի տակ: Հաճախ գնում էին ծտի որսի, ինձ երբեք չէին տանում, քանի որ ամենափոքրն էի և բերանբաց ու ամեն ինչ պատմում էի մեծերին: Ուրախ մանկություն եմ ունեցել, հիշելու շատ բան ունեմ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ