Գնաճը և տարեցտարի ավելացող աղքատությունը


 

Տարեցտարի մեծ տոկոսներով բարձրանում են բոլոր տեսակի սննդամթերքների գները և կոմունալ ծառայությունների սակագները: Դրա հետ մեկտեղ մեզ զարմացնում է վերադաս մարմինների անտարբեր վերաբերմունքը հանրապետության 1 միլիոնից ավելի թոշակառուների նկատմամբ, որոնց հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ: Եթե չեն ցանկանում որոշ չափով օգնել թոշակառուներին, ապա գոնե ամեն տարի փոխհատուցեն գնաճը:

Լավ է, որ վերջին ժամանակներում բյուջետային միջոցներով չարաշահումների մասին խոսվում է պետական ամենաբարձր ատյաններից, մատնանշվում են մի շարք կոնկրետ ոլորտներ` առողջապահություն, շինարարություն, պետգնումներին հատկացվող այլ գումարներ և այլն: Վատ է, երբ բյուջետային համատարած յուրացմանը մասնակցած նախարարությունները, տարբեր կազմակերպություններ 2013 թ. բյուջեով ստանալու են ոչ թե պակաս, այլ ավելի գումարներ, իսկ սոցիալական ապահովության համար հատկացվող գումարները պակասել են:

Եթե չընդունենք հեղինակավոր միջազգային կառույցների տվյալները, որ Հայաստանի տնտեսության 51.7 %-ն է գտնվում ստվերում, այլ ընդունենք ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած 30-35%-ը, նույնիսկ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը կորցնում է հարյուրավոր միլիարդ դրամներ: Համատարած յուրացման, կաշառակե րության, կոռուպցիայի վերացման, ինչպես նաև տարբեր հանցագործությունների դեմ գործադիր և օրենսդիր մարմինների օբյեկտիվ պայքարի պայմաններում միայն կարելի է ունենալ զարգացած, ժողովրդավարական հասարակություն: Ցավոք,  պետք է նշել, որ մեր բնակչության 50%-ից ավելին հատել է աղքատության շեմը, իսկ հարուստները ավելի են հարստանում: