ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ


 

Բյուջեն ոչ միայն թվեր է, ծախսեր ու եկամուտներ, այլ դրանց տեսքով արտահայտվող քաղաքականություն, մտածողություն, մարտավարություն և ռազմավարություն: Դա երևի բոլորը գիտեն, համենայն դեպս պետք է իմանան նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ և առավել ևս երբևէ ունեցել են բյուջե քվեարկելու հնարավորություն:

Ինչպես այս տարվա բյուջեով է քաղաքացին մի կերպ գոյատևելու, այնպես էլ գոյատևում էր նախորդ տարիների գրեթե բոլոր բյուջեներով:

Հայաստանի բոլոր բյուջեներն էլ քաղաքացուն ու պետությանը տվել են ընդամենը գոյատևելու հնարավորություն, մի դեպքում մի քիչ ավելի, մյուս դեպքում մի քիչ պակաս:

Դատելով երկրիս ներկա վիճակից, պարզ է, թե ինչ ռազմավարություն, մարտավարություն, մտածողություն, պետական քաղաքականություն է իրականացվել անցյալ տարիներին:

Ցավոք` ամրացել է ընդամենը օլիգարխիկ համակարգը, ամրացել է բիզնեսի և իշխանության կապը, սերտաճման մակարդակն է խորացել:

Քաղաքականությունը, Հայաստանի ներկայիս վիճակում, պահանջում է անել ավելին:

Խնդիրն այստեղ շատ ավելի կոնկրետ է, և ընդդիմադիր կամ այլընտրանք հանդիսացող ուժից պահանջվում են կոնկրետ գնահատականներ առկա խնդիրների և դրանց պատասխանատուների մասով: Հարկ է կոնկրետ` ոլորտ առ ոլորտ, անուն առ անուն, եթե հարկ է` ընկերություն առ ընկերություն, պաշտոնյա առ պաշտոնյա մատնանշել, թե ովքեր և որտեղից կարող են ավելի խոշոր բյուջե հավաքել, որտեղ են թաքնված այն ստվերային գումարները, որոնք կարող են վերադառնալ բյուջե: