ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՆԱԽՃԻՐԸ


 

Եթե Լուսնի վրա երկրաշարժ, ջրհեղեղ, մրրկահողմ լինի` ովքե՞ր կտուժեն ամենից շատ: Իհարկե´ հայերը` ասում ենք մենք: Բայց հայերն ինչո՞ւ են աշխարհի ցանկացած մեծ ու փոքր բնակավայրերում հաստատվում, գնում Լուսին հասնում, որ կույր արհավիրքի զոհ դառնան` հակաճառում են այլազգիները:

- Մենք կամովին չենք գնացել Դեյր էզ-Զոր հասել,- բացատրում ենք մենք,- 1915-ի տեղահանությանը, իթթահատական իշխանությունները, որպեսզի արևմտահայությանը բնաջնջեն, բնօրրաններից հանեցին, Միջագետքի անապատները քշեցին: Բայց քանի որ հայերը ընդհուպ Օսմանյան կայսրության սահմանը` Դեյր էզ-Զոր հասան ու չոչնչացան, Ստամբուլից հրաման եկավ` ոչ ոքի չխնայել, տեղում բոլորին խողխողել: Զինադադարից հետո այդքան շատ տապանաքար հնարավոր չէր հայթայթել, որոշվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցել, հայերի նշխարք-մասունքները, որոնք լույս էին ճառագում, սրբարանում զետեղել:

Ահա այդ եկեղեցին, զոհերի հուշահամալիրն ու սրբարանն են ավերվել վերջին հրետակոծության ժամանակ` այսինքն Մեծ Եղեռնի նահատակները հարյուր տարի անց նոր նախճիրի զոհ են դարձել:

- Պատահականություն է,- ասում են այլազգիները,- օդային ռմբակոծությունից մզկիթներ էլ են ավերվում:

Մենք համաձայնվում, բայց և չենք մոռանում, որ ընդամենը մի քանի օր առաջ Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին հրկիզվեց, մոխրակույտի վերածվեց:

Նորի՞ց պատահականություն է: Պատահականությո՞ւն է նաև այն, որ հերթական ճակատամարտից հետո խռովարարների դիրքերում չորս ադրբեջանցու ու մի թուրք վարձկանի դիակ է հայտնաբերվել: Ադրբեջանցին ու թուրքը ինչո՞ւ են հասել Սիրիա, ի՞նչ նպատակ են հետապնդում արաբ ժողովրդի ներքին հակամարտությունում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տան Կիլիկիո Արամ 1-ին Կաթողիկոսը խոստացել է պատերազմն ավարտվելուն պես, վերակառուցել Դեյր էզ-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, անձամբ առաջին պատարագը մատուցել:

Այսինքն` ոչ մի սադրանք մեզ չի սասանել ու չի կարող սասանել: Ուստի, մոտ ապագայում եթե Լուսնի վրայ հայերի հանդիպեք, չզարմանաք:

ԳՐ. ՋԱՆԻԿՅԱՆ